Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ասում եք՝ արհեստավա՜րժ

Հունիս 11,1998 15:44

Այս տարվա մայիսին կայացավ ՀՀ քաղաքաշինության եւ տրանսպորտի նախարարությունների նախաձեռնած մետրոպոլիտենի գծի Աջափնյակ թաղամասի «Ա» կայարանի թողարկման համալիրի նախագծերի եւ առաջարկությունների մրցույթ։ Մրցույթի մասին ոչինչ չհայտնվեց։ Լռեցին նաեւ մրցույթից հետո։

Իսկ մրցույթին մասնակցել էին «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտը, «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸևն, «Մետրոկառույց» ձեռնարկությունն ու մետրոպոլիտենի ինժեներ Նիկոլ Դարթյանը։ Հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ առաջին երեք մասնակից կազմակերպությունների նախագծերն անընդունելի են։ Իսկ Նիկոլ Դարթյանի առաջարկները համարվել էին ընդունելի, սակայն այն նախագծային մակարդակի բերելու համար բավական գումար էր անհրաժեշտ։ Փաստորեն, պարոն Դարթյանին փաստի առաջ կանգնեցրին. նա իր միջոցներով պետք է կազմեր նախագիծը, որը կազմում էր ողջ կառույցի արժեքի 5-10 տոկոսը։

Պարոն դարթյանի նախագծում հաշվի են առնված տեղանքի լեռնաաշխարհագրական առանձնահատկությունները, մեր տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունները, օգտագործվող հումքը, ուղեւորների հոսքի ճիշտ տեղաբաշխումը եւ այլն։ Նրա նախագիծը համեմատաբար էժան է. եթե մյուս նախագծերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 20-25 մլն դոլար, ապա սրա արժեքը 8-12 մլն դոլար է։ (Մետրոպոլիտենի տնօրեն Տիգրան Մուշեղյանից ճշտեցի, որ պետությունը մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով նախատեսել է հատկացնել 500 մլն դրամ)։

Ինժեներ Նիկոլ Դարթյանն այն կարծիքին է, որ «հանձնաժողովին ձեռնտու չէ իմ նախագիծն ընդունել։ Ես ավարտել եմ Լենինգրադի տրանսպորտի ինստիտուտը, մասնագիտացել եմ հենց մետրոպոլիտենի ուղղությամբ։ Ունեմ հայտնագործություններ, որոնք կիրառվում են արտասահմանում։ Բայց այսօր Հայաստանում՝ իմ հայրենիքում, ես չեմ կարողանում կիրառել իմ գիտելիքները. դրանք ոչ ոքի պետք չեն»։
Հանձնաժողովն իր առջեւ խնդիր էր դրել ընտրել առաջարկվող տարբերակներից ամենաօպտիմալը, սակայն պարոն Դարթյանն այդպես էլ չէր հասկացել՝ հանձնաժողովը իրո՞ք լուրջ նպատակ ուներ, թե՞ պարզապես ընկերական մակարդակի քննություն էր անում։ Ըստ պարոն Մուշեղյանի, քննարկումը լուրջ էր, տարբերակներից ամենաարդյունավետը դեռ չի ընտրվել, սակայն առաջիկա ամսվա ընթացքում կընտրվի եւ կայարանի շինարարությունը կսկսվի։

Առաջ մեր նախագծային ինստիտուտները հիշեցնում էին մեծ քաղաքներում օգտագործված նախագծերի ընդունման կետ։ Խոշոր քաղաքների համար նախատեսված գծագրերը բերվում էին Հայաստան, եւ, ասենք, «Լենմետրոշինը» դառնում էր «Երմետրոշին»։ Հաշվի չէին առնվում, որ այնտեղ գրունտները կավային ու ավազային էին, մեզ մոտ՝ բազալտային, տուֆային։ Ու անցյալի սխալները շտկելու փոխարեն, այսօր ունենք հետեւյալ պատկերը։ Օրինակ՝ տարեկան 38 մլն խորանարդ մետր ջուր է հանվում հորատներից ու թափվում։ Ջուրը որոշ ժամանակ անց դարձյալ ներծծվում է եւ նորից աշխատանք է թափվում այն հանելու համար։ Սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտավայրում ջրի պակասից չորանում են դաշտերը։ Ի դեպ, այս 38 մլն խորանարդ մետր ջուրը հանելու վրա տարեկան անտեղի ծախսվում է 9 մլն կվտ էներգիա, այսինքն՝ մոտավորապես 220 մլն դրամ։

«Ես ժամանակին առաջարկել եմ, որ կարող եմ փակել այդ ջրերը, մշակել եմ հատուկ տեխնոլոգիա։ Ոչ ոք չլսեց, ոչ ոք հաշվի չառավ։ Ու չընդունվեց։ Փոխարենն օժանդակեցին ինչևոր ֆրանսիացի մասնագետների, որոնք, ըստ էության, ոչինչ չարեցին, բայց որոնց վճարած դրամի կեսի կեսն էլ բավական էր, որ իմ մտահղացումն իրականացվեր»,- պատմում էր պարոն Դարթյանը։
Աշխարհի բոլոր երկրներում մետրոպոլիտենն աշխատում է վնասով, քանի որ ուղեվարձով հնարավոր չէ փակել անընդհատ կատարվող շինարարությունը։ Սակայն Հայաստանում մետրոպոլիտենը՝ վարելով տնտեսական ճիշտ քաղաքականություն, կարող էր աշխատել առանց վնասների, քանի որ արդեն տասը տարի է, ինչ նոր տեխնիկա չի գնվում, շինարարություն չի արվում։ Սա՝ ի դեպ։

Իսկ ինչ վերաբերում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը, ապա եթե այն կառուցվի ըստ «Հայտրանսնախագիծ» ինստիտուտի առաջարկի, ապա դա շատ ծախսեր կկլանի եւ այդչափ հսկայածավալ աշխատանքն իրեն չի արդարացնի։ «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸևի նախագիծը կյանքի կոչելով՝ վաղը, մյուս օրն ավելի լուրջ վտանգի առաջ կկանգնենք, քանի որ կայարանի շինարարության ավարտից հետո պարբերաբար այն հարկ կլինի վերանորոգել։ Իսկ դա քառակի թանկ կնստի։

Նիկոլ Դարթյանը դիմել է մետրոպոլիտենի գծի Աջափնյակ թաղամասի «Ա» կայարանի թողարկման համալիրի տարբերակների փորձաքննական աշխատանքային խմբի նախագահին, ուր հայտնում է իր հատուկ կարծիքը հանձնաժողովի կազմած եզրակացության մասին։ «Ըստ էության մերժելով մյուս առաջարկությունները՝ հանձնաժողովն առանց հիմնավոր պատճառաբանության հավանություն չի տալիս իմ առաջարկությանը։ Գտնում եմ, որ այսպիսի եզրակացության պատճառը հանձնաժողովի անդամների գերակշիռ մասի կանխակալ դիրքորոշումն է, որը հետապնդում է ինչևինչ խմբային կամ գերատեսչական շահեր՝ դրանով խոչընդոտելով բնագավառի առաջընթացին»։
Մոտավորապես նմանատիպ բովանդակության դիմում է հղել հանձնաժողովին նաեւ «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸևի տնօրենը՝ հանձնաժողովին մեղադրելով, որ քննարկմանը անաչառ եւ մասնագիտական մոտեցում չի ցուցաբերել։

Հանձնաժողովը, փաստորեն, ոտնահարել է մեզանում այժմ ամենահարգի ու ընդունված մարդկային արժանիքը՝ արհեստավարժությունն ու առաջնորդվել միայն իրեն հայտնի սկզբունքներով՝ մերժելով երեքին, մեկին էլ, ճիշտ է, չմերժելով, բայց եւ չխրախուսելով։ Իսկ այս եզրակացությունն էլ, ուզածևչուզած, մղում է մշուշոտ դատողությունների ու ենթադրությունների. ասենք՝ մերժել են երեք նախագծերը՝ ակնկալելով, որ մինչեւ բուն, վերջնական որոշումը մերժվածները «մի բան» կանեն։ Կամ էլ՝ չեն մերժել ռացիոնալ ու խելամիտ առաջարկը՝ ընդունելով, որ հեղինակը չի կարող այն ինքնուրույն իրականացնել եւ ստիպված իր իրավունքները կզիջի պակաս արհեստավարժ եւ ավելի ճարպիկներին։ Ի դեպ, ամենեւին չի բացառվում, որ Նիկոլ Դարթյանը հայրենիքում իրեն անպետք զգալով՝ թողնի ու հեռանա, ինչպես շատ այլ արհեստավարժներ…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930