Հայաստանում ԱՄՆ դեսպանատան
հայտարարությունը,
10 հունիսի, 1998
1998 թ.-ի ապրիլի 28-ին, ԱՄՆ դեսպանատան աշխատակից, հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մորգան Լիդդիքի առանձնատանը միջադեպ է տեղի ունեցել։ ԱՄՆ դեսպանատունը ցավում է, որ այս միջադեպը դեսպանատան աշխատակիցներից մեկի վրա հարձակումների տեղիք է տվել։ Դեսպանատունը գտնում է, որ այս միջադեպի հետ կապված փաստերը մեծապես խեղաթյուրվել են։ Որոշ թերթեր հրապարակել են իրականությանը բոլորովին չհամապատասխանող եւ սխալ տարբերակներ։ Ցավոք, թերթերից եւ ոչ մեկն այնքան անկողմնակալ չի եղել, որ դեսպանատան հետ ճշտի փաստերը։
Ստորեւ շարադրված է միջադեպի ճշգրիտ նկարագրությունը։ Այդ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, պարոն Լիդդիքը հայտնաբերեց, որ նրա տան դարպասը բաց է։ Երեխաները մտել էին բակ եւ բարձրանում էին ծիրանի ծառի վրա։ Երեխաները բազմաթիվ ճյուղեր էին կոտրել, որոնք ընկած էին բակում։ Քանի որ այդ պրոբլեմը նախկինում էլ է եղել, պարոն Լիդդիքը փորձեց խոսել երեխաների հետ։ Պարոն Լիդդիքին պատասխանելու փոխարեն, երեխաները վազեցին դեպի դարպասը։ Պարոն Լիդդիքը փորձեց բռնել երեխաներին։ Փորձելով դուրս գալ՝ երեխաներից մեկը ընկավ եւ վնասեց իրեն՝ ճղելով ճակատը։ Առանց ականատես լինելու, թե ինչ է պատահել, եւ տեսնելով վնասված երեխային, դրսում հավաքվածները ենթադրեցին, որ պարոն Լիդդիքը խփել եւ վնասել է երեխային, որի արնահոսությունը առաջացել էր բակից փախչելիս ընկնելու հետեւանքով։ Նրանք պարոն Լիդդիքին մեղադրեցին երեխային ծեծելու եւ վնասվածք պատճառելու մեջ։ Պարոն Լիդդիքը երբեւիցե չի հարվածել կամ վնասել երեխաներից որեւէ մեկին։
Միջադեպից անմիջապես հետո ժամանեց տեղական ոստիկանությունը միջադեպը քննելու համար։ Դեսպանատունը եւ պարոն Լիդդիքը լիովին համագործակցել են ոստիկանության հետ այս գործի վերաբերյալ։ Պարոն Լիդդիքը Հայաստանից մեկնեց 1998 թ.-ի մայիսի 23-ին, ավարտելով իր երեք տարվա աշխատանքային գործունեությունը Հայաստանում որպես դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ։ Այդ ժամանակահատվածում նա կարեւոր ներդրում է ունեցել Հայաստանում ժողովրդավարական եւ բաց մամուլի հաստատման գործում։ Այն լուրերը, թե պարոն Լիդդիքը Հայաստանից փախել է օրինական պատասխանատվությունից խուսափելու համար, բացառապես կեղծ են։ Նրա մեկնումը Հայաստանից ոչ մի կապ չունի ապրիլի 28-ի միջադեպի հետ, այլ պարբերաբար նոր աշխատանքին անցնելու սովորական պրակտիկայի արդյունք է։ Պարոն Լիդդիքը նշանակված է Պանամայում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ։
Դեսպանատունը ցավում է, որ այս միջադեպը ավարտվեց երեխայի գլխի պատռվածքով, երբ վերջինս փորձում էր փախչել բակից։ Այնուամենայնիվ, այդ պատռվածքը չէր առաջացել պարոն Լիդդիքի հարվածներից։ Ավելին, պարոն Լիդդիքը երեխաներին վնասելու որեւէ փորձ չի արել։
Կարդացեք նաև
«Առավոտ»- Անկողմնակալ լինելու համար, առանց խմբագրական միջամտությունների, տպագրում ենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը եւ հետն էլ երկու հարց տալիս.
ա. Ինչո՞ւ է այս հայտարարությունն արվում ոչ թե մայիսի 22-ին, երբ մեր թերթն առաջին անգամ անդրադարձավ այս միջադեպին, այլ, մոտ 20 օր հետո։ Կարելի է ենթադրել, որ Պանամայում պարոն Լիդդիքի ուղեղը վերջնականապես պայծառացավ, եւ նա վերհիշեց «միջադեպի ճշգրիտ նկարագրությունը»,
բ. Ինչի՞ հիման վրա մենք պետք է ենթադրենք, որ ստում են երեխաները, նրանց ծնողները, հարեւանները եւ ոչ թե պարոն Լիդդիքը։
«Առավոտի» հարցերին իր հարցերն է ավելացնում «Արմենպրեսի» թղթակից Թամար Սարյանը։
Ինչո՞ւ էր պետք փաստերը ճշտել դեսպանատանը, երբ դեսպանատան ոչ մի աշխատակից, բացի, իհարկե, Լիդդիքից, ներկա չէր միջադեպին, հետեւաբար, չէին կարող փաստերով խոսել։ Իսկ եթե ընդունենք, որ դեսպանատունը գիտեր ճշմարտությունը, ապա ինչո՞ւ է հանդես գալիս առաջին հրապարակումից շուրջ կես ամիս անց, իսկ այն ժամանակ, երբ «Առավոտ» օրաթերթը սպասում էր պատասխանի, լռեց։ Ստացվում է, որ դեսպանատունը հավատում է Լիդդիքին եւ արհամարհում ականատեսների ասածը, որոնք, ըստ դեսպանատան (իսկ իրականում, ըստ Լիդդիքի), դրսում հավաքված էին, բայց ականատես չէին»։
Ի՞նչ է նշանակում «պրոբլեմը նախկինում էլ է եղել»։ Ուրեմն, պետք է հասկանանք, որ ամեն տարի նույն սեզոնին երեխաներն անհանգստացրել են Լիդդիքին իրենց տհաս մրգասիրությամբ, եւ Լիդդիքը, դիմանալով ամբողջ երեք տարի, ի վերջո, որոշել է պայքարել։
Հարց. Ինչպե՞ս կլուծվեր հարցը ԱՄՆ-ում, եթե որեւէ դեսպանատան աշխատակից քիչ թե շատ նման ձեւով վարվեր ամերիկացի երեխաների հետ, որոնց իրավունքներն այդ երկրում այնքան են, որ ծնողն անգամ իրավունք չունի երեխայի ինքնասիրությունը վիրավորել։
Ցավոք, պետք է արձանագրենք, որ դեսպանատունը իր հայտարարությամբ դատարանի կեցվածք է ընդունել եւ, միջադեպին ներկա չլինելով, խիստ կոնկրետ պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք բարձրացված են եղել մեր մամուլում։ Լիդդիքի՝ Հայաստանում ծավալած գործունեության մասին գրելիս, դեսպանատունը նշել է, որ նա կարեւոր ներդրում է ունեցել Հայաստանում ժողովրդավարական եւ բաց մամուլի հաստատման գործում։ Ահա, ուրեմն, մեր մամուլի հրապարակումներն էլ հենց այդ ժողովրդավարության ու բացության արդյունքն են, որոնք չէր կարելի որպես իրականությանը չհամապատասխանող գնահատել։
Իր հայտարարության վերջում, դեսպանատունը ցավ է հայտնել, որ «միջադեպն ավարտվել է երեխայի գլխի պատռվածքով», եւ անմիջապես ավելացրել՝ «երբ երեխան փորձում էր փախչել բակից»։ Մինչդեռ, կարելի էր ցավ հայտնել հենց միայն այն բանի համար, որ երեխան վնասվածք է ստացել։
Էլի հարցեր կան։ Բայց դեպքի մասին իմանալուց հետո, թղթակից Սարյանի մտքում համառորեն պտտվում է այն հարցը, թե մայիսի 23-ին Հայաստանից մեկնող Լիդդիքի ինչի՞ն էր պետք այդքան տաքարյուն մաքառել «ցոգոլի» համար, եթե ինքը չէր հասցնելու համտեսել իրեն այդքան հարազատ քաղցրահամ ծիրանը։ Եվ մեկ էլ, երբ թղթակիցը ցանկանում է սաստել հանկարծ չարաճճիություն անող 4-ամյա դստրիկին, ասում է. «Խելոք մնա, թե չէ Լիդդիքին կկանչեմ»։ Պարզվում է, որ շատ հայ մայրեր են հետեւում նրա օրինակին։