Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ի խորքերում, ուր օձեր եւ դիակներ են բնակվում

Հունիս 11,1998 14:58
Azgayin joxov

Երբ ԱԺ նիստերի դահլիճի ճեմասրահի սյուների վրա սկսեցին կարմիր խաչի նշաններ փակցնել՝ առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանի «արյունը քաշեց», եւ առաջինը նա փորձեց պարզել, թե ինչ է կատարվում, իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ենթադրեց, թե այդ նշանները կպցնում են ամենուր, որտեղով անցնում է առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը։

Հայկական կարմիր խաչի առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի՝ հունիսի 9-ին կազմակերպած ցուցադրական դասընթացին մամուլն արդեն անդրադարձել է։ Սակայն դուրս է մնացել այս կապակցությամբ մեր կարծիքով խիստ արժանահիշատակ դիտարկումների առյուծի բաժինը։

Խորեն Սարգսյանն այս միջոցառման նպատակը գնահատեց կոնյակի գործարանի համար ստորագրահավաքի լույսի ներքո, որ եթե չհաջողվի նիստ անցկացնել՝ առաջին օգնությունն իրեն պետք կլինի, իսկ եթե հաջողվի՝ Խոսրով Հարությունյանին։ «Ձեր թեւն ընկել է»,- ամենայն անտարբերությամբ ասել էր հսկիչ ոստիկաններից մեկը, անցնելով արյունոտված վերնաշապիկով, պատառոտված թեւքով եւ մի կողմ ընկած, կտրված թեւով տղայի կողքով։ Պատգամավորներից գլխավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը քիչ էր մնացել խորհուրդ տար, որ այդ անդամահատված ձեռքը սառույցի մեջ դնեն, բայց ժամանակին նկատել էր, որ այն արհեստական է։

Առավել սեւեռուն ուշադրության առարկա էր գետնին փռված մանեկենը, որը ոտից գլուխ փակված էր ծածկոցով։ Ծածկոցը գերմանական էր, որից էլ որոշ պատգամավորներ եզրակացրին, թե պառկածը գերմանուհի է։ Սեռը որոշեց Արմեն Եղիազարյանը, հաշվի առնելով տիկնիկի մեծ կուրծքը։ Երբ իր այդ որոշումը խնդրեցինք առավել մանրամասնել՝ հրաժարվեց. «Азиаты не поймут юмора»։ Ինքն, անշուշտ, Քաջ Նազարին նման տիպիկ եվրոպացու արտաքին ունի, այդ իսկ պատճառով ասածը սրտներիս կպավ։ Այն էլ ասենք, որ պատգամավոր Թաթուլ Սաֆարյանը վիճարկեց, թե պառկածը կին է. «Տազը փոքր է»։ Սակայն Անդրանիկ Քոչարյանն այդ տիկնիկին անգամ պատգամավոր կանանցից մեկին էր նմանեցնում։ Մի քանի նախարարներ էլ արհեստավարժ գնահատական տվեցին. «Մի ոտը շատ են փչել։ Բուդը հաստ է ստացվել»։

Նրանք կատակում էին, իսկ Դավիթ Վարդանյանը լրջորեն անհանգստացել էր, թե պառկածը մահացած մարդ է։ Որ դա դիակ է՝ այլ պատգամավորներն էլ էին համոզված, բայց Գեղամ Ղարիբջանյանին միայն հետաքրքրում էր. «Սա ո՞ր ընտրատարածքից է»։ Ոմանք առաջարկում էին դիակի վրա «ԱԺ» ցուցանակը փակցնել, մի քանիսն էլ առավել օրախնդիր պիտակ գտան՝ «կոնյակի գործարան»։
«Մեր հաշվետվության ժամանակ դիտմամբ բերել՝ այստեղ դիակ, օձեր են գցել։ Հոգեբանորեն ճնշում են»,- բողոքեց Էդվարդ Սանդոյանը։ Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ «Հայրենիք» խմբակցության անդամ Արմեն Կիրակոսյանը, որը նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության ֆինանսական տնօրենն է, այս ամենը կապեց 1997-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հետ. «Կարծում եմ, որ առաջին օգնության «Սոսե» թիմն այստեղ այսօր անելիք ունի»։ Իսկ Անդրանիկ Մարգարյանը համոզված էր, թե բուժօգնության կարիք առավել կլինի այնժամ, երբ ընտրական օրենսգիրքը կհայտնվի օրակարգում։

Միջոցառման կազմակերպմանը նպաստել էր նաեւ Ալբերտ Բազեյանը, եւ սույն փաստը պատգամավորներին ենթադրությունների տեղիք էր տվել, թե ինչու են հատկապես երկրապահներն իրենց այս դաժան սոսկանքի տեսարաններին վարժեցնում։ Չնայած Վարդան Խաչատրյանն, ասենք, արյունոտ, սադիստական տեսարանները կազմակերպելը «Հայրենիք» խմբի համար էր բնութագրական դիտում։
«Վա՜յ, մամա, մատս կտրվել ա։ Ի՞նչը ոչինչ, բա որ լրիվ կտրվե՞ր։ Մատս կկպցնե՞ք, հա՞։ Մենակ էդ մատս ա՞ կտրվել»,և ակնհայտորեն բութ դանակով մատը կտրած աղջիկը, որի շուրջ սեւ արյուն էր լղոզված՝ ճչում էր սուր ու բարձր։ Այնպես, որ պատգամավորներից մեկը լրջորեն անհանգստացավ. «Արա, էս ի՞նչ է եղել էս էրեխուն»։ Իսկ «Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանը դիմեց Անդրանիկ Մանուկյանին. «Մատը կտրվել է, ֆինանսավորի, թող բուժի»։

«Արարատ-Լադա» ընկերության ղեկավարը «Երկրապահ» խմբին մաս կազմող երկու այլ պատգամավորների հետ միասին ուշադիր հետեւում էր դասընթացին եւ հատկապես երկու իսկական օձերով ցուցադրությանը։ «Օձ էր, էլի, ինչի՞ ձեռք տվեցիր, որ քեզ կծի»,- արտահայտությունը մասնավորապես պատճառ դարձավ, որ Անդրանիկ Մանուկյանը հետաքրքրվի, թե հենց այդ նույն բառե՞րն է պետք ասել օձի կծածին օգնություն ցույց տալու համար։ «Ընթացքում պետք է անընդհատ հանգստացնել տուժածին»,- պատասխանեցին նրան, վկայակոչելով տվյալներ, որ օձի խայթոցին արժանացածների 50%-ը սրտի տագնապից է մահանում։

Ի դեպ, շատ օգտակար խորհուրդներ էին տալիս։ Կարմիր խաչի աշխատակիցները պարզաբանեցին, որ ԱԺ-ի տարածքն են ընտրել, քանզի այս դահլիճն ամենասթրեսայինն է։ Այնուամենայնիվ, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, թե արդյոք խորհրդանշակա՞ն չէր, որ հենց պատգամավորներին որոշեցին ոչ միայն արհեստական շնչառության, այլեւ օձի կծածին օգնելու հնարքներ ուսուցանել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930