Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի հերոսական առօրյան

Հունիս 11,1998 23:42

Գթասիրտ Կարմիր խաչը ժամանակին հասավ Ազգային ժողով՝ պատգամավորներին ծանոթացնելու առաջին բժշկական օգնության այբուբենի հետ: Հիմա, համենայնդեպս, կարող ենք վստահ լինել, որ ԱԺ-ի հերոսական մաքառումներում հալումաշ եղած պատգամավորները կկարողանան իրար օգնել: Վատ չէր լինի, երեւի, նաեւ մի երկու հատ «Շտապ օգնության» մեքենա ուղարկել, հաշվի առնելով, որ պարբերաբար գիշերային նիստեր անող ժողովրդի ծառաները քունները չեն առնում եւ խախտել են սնվելու բնականոն ռեժիմը: Այդ բոլոր զոհողությունների նպատակը, հավանաբար, մեկն է. ընտրողները պարզապես պարտավոր են գնահատել պատգամավորների հերոսությունը եւ գալիք ընտրություններում նորից ձայն տալ նրանց:

Մինչ մենք հանգիստ քնած ենք մեր անկողիններում, պատգամավորներն արտահերթ նիստեր են անում, ձգտելով հանել ֆրանսիացիներին վաճառված կոնյակի գործարանը 1998-2000թթ. սեփականաշնորհման ծրագրից: Նշված ծրագրով, որն, ի դեպ, հաստատել են նույն պատգամավորները, նախատեսված է գործարանը վաճառել միջազգային տենդերով, ինչը եւ արվում է: Սակայն ծրագիրն ընդունելու ժամանակ պատգամավորները կա՛մ ավելի շատ էին քնում, կա՛մ էլ՝ այն ժամանակ հայկական կոնյակից «Կոտայք» գարեջուրն էին գերադասում: Հիմա էլ արթնացան եւ պարզեցին, որ կոնյակը մեր ազգային հարստությունն է, եւ նրա փոխանցումն օտարին հակասում է մեր ազգային եւ պետական շահերին: Մի խոսքով, մինչեւ հաջորդ երկուշաբթի (երբ կստորագրվի պայմանագիրը) հայրենի կոնյակն օտար նկրտումներից պաշտպանող երեսփոխանները դեռ մի քանի գիշեր ունեն լուսացնելու՝ անվերջանալի արտահերթ նիստեր գումարելով:
Եթե Ազգային ժողովին, այնուամենայնիվ, հաջողվի հանել կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցուցակից, ապա շնորհակալ ժողովուրդն, անշուշտ, մեր հերոսական պատգամավորների կիսանդրիները դնել կտա գործարանի բակում՝ գործարանի հիմնադիրների կիսանդրիների հետ կողք-կողքի: Ֆրանսիացիներն, իհարկե, կարող են մեզ սխալ հասկանալ եւ լուրջ մարդկանց տեղ չդնել: Նրանց դժվար կլինի բացատրել, թե ինչու են հայկական օրենսդիրները քնում, երբ սեփականաշնորհման ծրագիր են ընդունում եւ արթնանում են միայն այն ժամանակ, երբ սկսում են իրագործվել դրա առանձին կետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել