Մայիսի 20-ին տեղի կունենա «Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ հիմնվել է շուրջ 10 տարածքային կազմակերպություն։ «Կուսակցության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եւ մենք հաստատակամ ենք օրինաց երկիր կառուցելու գործում»։
ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ է նշանակվել Սիլվա Աչոյանը, որն, ըստ որոշ տեղեկությունների, «Հայկական ավիաուղիներ» ձեռնարկության տնօրեն Տիգրան Աչոյանի քույրն է։ Մեկ այլ որոշմամբ, քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ է նշանակել Ռուզաննա Զաքարյանին։
ՉԻ ԼԻՆԻ, ՉԻ ԼԻՆԻ…
Կարդացեք նաև
Մամուլում քանիցս գրվել է, թե ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը նշանակվելու է մաքսային տեսչության պետ։ Մինչդեռ վերջինս հերքեց շրջանառվող այդ տեղեկատվությունը, ասելով նաեւ, թե չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է դա ասպարեզ նետվել։
ԱՐԱՐԱՏԸ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐԶՊԵՏ
Հունիսի 11-ին, ըստ երեւույթին, կնշանակվեն նոր մարզպետներ։ Հակառակ այն լուրերին, թե կոնյակի գործարանի վաճառքից հետո Արարատի մարզպետ է դառնալու Ալբերտ Հերոյանը, ըստ երեւույթին, այդ պաշտոնը կզբաղեցնի Արտաշատի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Աբրահամյանը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ նա հրավիրվել է հինգշաբթի տեղի ունենալիք խորհրդակցությանը։