Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՐԳԻ ԵՆ ԹԵ՛ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ԹԵ՛ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 10,1998 00:00
Isagulyan

 Իսագուլյանը սափրվել եւ հարցազրույց է տվել «Առավոտին»

Գառնիկ Իսագուլյանը նախկին ԳԽ պատգամավոր էր։ 1995 թվականին մեղադրվել էր «Վահան Հովհաննիսյան+30» գործով եւ հետախուզման մեջ էր։ Մինչեւ 1998թ. իշխանության փոփոխությունը գտնվում էր ընդհատակում՝ չբացակայելով Երեւանից։ 1997 թվականին Գերագույն մարմնի որոշմամբ հեռացվել էր ՀՅԴ շարքերից։ Բազմաթիվ փորձերից հետո վերջապես հաջողվեց հարցազրույց վերցնել նրանից։ Եռամյա լռությանը հաջորդած այս հարցազրույցը հաջողված համարել չի կարելի, որովհետեւ բազմաթիվ հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանները, հարկավ ոչ այն պատճառով (սա մեր համոզմունքն է), որ պրն Իսագուլյանը չուներ այդ հարցերի պատասխանները, այլ որովհետեւ չցանկացավ անդրադառնալ այդ թեմաներին, հաստատապես վստահ լինելով, որ իր անցյալի առումով պրոբլեմներ չունի։ Այնպես որ, պրն Իսագուլյանի կողմից ոչ մերժվեցին եւ ոչ էլ հաստատվեցին խորհրդային տարիներին ՊԱԿ-ի հատուկ բաժնին, իսկ այնուհետեւ նաեւ հետախուզությանը նրա աշխատակցելու վերաբերյալ մեր տեղեկությունները։ Անպատասխան մնացին ՀՀՇ-ից 1990թ.-ին նրան հեռացնելու իրական պատճառները, երբ ՀՀՇ 1-ին համագումարում նա ընտրվել ու ղեկավարում էր ՀՀՇ հանրապետական վերստուգիչ հանձնաժողովը։

Վերջապես չհաջողվեց հստակ պարզել նաեւ ՀՅԴ-ից նրան հեռացնելու իրական պատճառը, այն դեպքում, երբ զարմանալիորեն թե՛ ՀՀՇ-ից եւ թե՛ ՀՅԴ-ից նրան հեռացնելու որոշումները համարյա նույն բովանդակությունն ունեն։ Այնինչ, այս դեպքում էլ Գառնիկ Իսագուլյանը Վահան Հովհաննիսյանի հետ, 1994թ. դեկտեմբերից մինչեւ իր փախուստը, իր պնդմամբ, փաստացի ղեկավարել է ՀՅԴ-ում կարեւոր նշանակությամբ մի շարք ոլորտներ, որը չնայած հերքում են ՀՅԴ որոշ ղեկավարներ, բայց բավական է թերթել այդ օրերի մամուլը, հետեւել դեպքերի զարգացման ընթացքին եւ նրանցում Գ. Իսագուլյանի դերակատարությանը, որպեսզի պարզ դառնա իրականությունը։ Այս ամենից զատ, այդպես էլ չկարողացանք պարզել ընդհատակում գտնվելու ժամանակ Իսագուլյանը իշխանության վերին մարմինների հետ որեւէ կապ ունեցե՞լ է, թե՞ ոչ եւ ի՞նչ ընթացքի մեջ է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հայտնի որոշման դեմ ՀՅԴ Բյուրոյին ուղղված նրա դիմումը, կամ նման դիմում ընդհանրապես եղել է, թե ոչ։ Ինչքանո՞վ են հավաստի, որ վերջին դեպքերից հետո նա ՀՅԴ բյուրոյից ետ է պահանջել այդ դիմումը եւ այժմ նախաձեռնում է նոր կուսակցության ստեղծման ծրագիր՝ ազգային անվտանգության հիմնադրույթների նոր մոտեցումներով։ Մի քանի ոչ պակաս հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր նույնպես չպարզաբանվեցին։

– Պրն Իսագուլյան, մոտ երեք տարի գտնվեցիք ընդհատակում։ Ի՞նչ էր դա. միայն ժամանակի կորո՞ւստ, թե՞ նաեւ մտորումների աննախադեպ հնարավորություն։

– Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Քանի որ մեկուսացված էի ակտիվ քաղաքական կյանքից եւ ի տարբերություն ձերբակալված իմ ընկերների, գործի անհրաժեշտությունից ելնելով կամովին զրկված էի արտահայտվելու հնարավորությունից։ Մյուս կողմից այդ ժամանակը հնարավորություն տվեց մտովի վերապրելու գրեթե ողջ գիտակցական կյանքս, վերագնահատելու եւ վերարժեւորելու շատ ու շատ բաներ։

– Արդյո՞ք դա նշանակում է, որ այժմ դուք այլ կերպ եք մտածում, քան երեք տարի առաջ եւ հատկապես ի՞նչն է փոխվել։

– Ոչ, այդքան կտրուկ չէ. բայց որոշ հարցերում՝ հատկապես ներազգային խնդիրների եւ ազգային անվտանգության բնագավառներում՝ այո։ Եվ այդ առումով, համոզված եմ, շատ անելիքներ կան՝ միանգամայն նոր մոտեցումներով եւ նոր գործելաոճով։

– Ո՞ւմ համար են անհրաժեշտ այդ նոր մոտեցումներն ու գործելաոճը։

– Ե՛վ պետության ու նրա կառույցների, ե՛ւ քաղաքական կազմակերպությունների ու քաղաքական գործիչների համար։

– Ասվածից անուղղակիորեն հետեւո՞ւմ է, որ դուք ձեր ապագա քաղաքական գործունեությունը անպայման չեք կապում ՀՅԴ շարքերում մնալու հետ եւ այս հանգամանքով չե՞ն պայմանավորված դաշնակցական միջավայրում տարածված այն լուրերը, թե ետ եք վերցրել ՀՅԴ Բյուրոյին ուղղված վերականգնվելու ձեր դիմումը։

– Իմաստ չունի նմանատիպ հարցերով փորձել ներքաշել ինձ խոսակցության մի ոլորտ, որտեղից ոչինչ իմանալ չեք կարող, եւ դրա իմաստն էլ չկա։ Այնուհանդերձ, նշեմ, որ իմ ասածից ձեր եզրակացությունը չի բխում։ Եվ ընդհանրապես, թե՛ ՀՅԴ-ում, թե՛ ՀՅԴ-ի հետ ես որեւէ պրոբլեմ չունեմ ու անկախ դաշնակցության գերագույն գործադիր մարմնի վերջնական որոշման բնույթից, այդ որոշումը լինելու է օրինական եւ արդար։ Քաղաքական փոխհարաբերություններում հարգի են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, իսկ կազմակերպությունը ոչ մի դեպքում մեղավոր չէ։ Սա աքսիոմա է։

– Բայց ինչպե՞ս կարող է քաղաքական պարտությունը հարգի լինել։

– Խոսքը չի վերաբերում միջպետական փոխհարաբերություններին, որտեղ ցանկացած պարտություն անընդունելի եւ պարսավելի է, այդ թվում՝ նաեւ քաղաքականը։ Ասվածը վերաբերում է բացառապես ներազգային, ներպետական, միջկազմակերպական եւ ներկազմակերպական փոխհարաբերություններին։ Իսկ աշխարհաքաղաքական առկա իրավիճակում, ազգային քաղաքականության հստակ հայեցակարգի եւ ձեւավորված պետական ինստիտուտների բացակայության պայմաններում, ցնցումներից խուսափելու համար, քաղաքական փոխհարաբերություններում անհրաժեշտ է ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ։ Նման մթնոլորտում ո՛չ հաղթանակը պետք է հանգեցնի էյֆորիայի եւ ո՛չ էլ պարտությունը՝ ողբերգության։ Քանի դեռ քաղաքական փոխհարաբերությունների հիմքում չի դրվել եւ բոլորի կողմից անվերապահորեն չի որդեգրվել այս սկզբունքը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հարաբերությունները չհասնեն զուտ քաղաքական ձեւի։ Այլապես, քաղաքական փոխհարաբերությունների ներկայիս ընկալման արդյունքում մենք մշտապես կգտնվենք ներքաղաքական ցնցումների մեջ, ինչն ամենամեծ սպառնալիքն է ազգային եւ պետական անվտանգության համար։ Գուցե այդ ցնցումները հասարակության եւ իշխանության վերին օղակների համար դեռեւս այնքան էլ տեսանելի ու շոշափելի չեն կամ չեն ընկալվում որպես պոտենցիալ մեծ վտանգ պարունակող երեւույթներ, բայց բավական է կայծ, որ թե հասարակությունը եւ թե իշխանությունները կանգնեն լուրջ եւ վտանգավոր փաստի առջեւ։

– Եվ հանդուրժողականության մասին ասում է քաղաքական ընդդիմախոսներին ծառերից կախելու կոչեր անող Գառնիկ Իսագուլյա՞նը, ու դեռ պնդում է, որ իր մոտեցումներում կտրուկ փոփոխություններ չկա՞ն։

– Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա ես միարժեքորեն պնդել եւ պնդում եմ. բոլոր նրանք, ովքեր մեղավոր են ժողովրդի եւ օրենքի առջեւ (իսկ այդպիսիք եղել են եւ դեռ անպատիժ են), պետք է պատասխան տան։ Սրանք իրավական փոփոխություններ են։ Եվ այս առումով իմ պատկերացումների մեջ որեւէ փոփոխություն չկա։

Ներկա ասելիքս վերաբերում է բացառապես քաղաքական փոխհարաբերություններին։ Ընդհանրապես քաղաքական փոխհարաբերությունները, դրանց առնչությունը ազգային անվտանգությանը, Հայաստանի քաղաքական դաշտի զարգացման հեռանկարներին շատ ծավալուն թեմա է եւ դժվար է դրանք լուսաբանել հարցազրույցների ձեւով։ Վստահ եմ, որ առաջիկայում այս եւ պետության համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ հարցերի կապակցությամբ առավել ընդգրկուն արտահայտվելու, այդ ամենը գործնական հողի վրա դնելու ձեւը եւ հնարավորությունը կգտնենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930