Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտիկ հարեւաններ եւ հեռու բարեկամներ

Հունիս 10,1998 22:28
cexaspanutyun

Չնայած մեր հարեւան Թուրքիան բավական լուրջ պետություն է, ունի բազմաթիվ մանր ու մեծ դաշնակիցներ, որոնց հետ կապված է էթնիկական, տնտեսական, ռազմավարական, պայմանագրային եւ այլ կապերով, սակայն այս ամենին հակակշռում է մի շատ կարեւոր հանգամանք. ողջ առաջադեմ մարդկությունը հայասեր է, եւ բազմաթիվ երկրներում գործում է հայկական հզոր եւ հայրենասեր լոբբի։

Չնայած Հայաստանը 1990 թ. փորձում է համագործակցություն սկսել Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ունենալ սահմանադուռ եւ օգտվել այդ երկրի ենթակառուցվածքներից, տարեկան մի քանի հայկական պատվիրակություններ են այցելում Թուրքիա եւ «բարեհաջող» պայմանավորվածություններ ձեռք բերում այդ երկրի գործարարների հետ, հայկական մամուլը հորթային հրճվանքով է արձանագրում Կարսի եւ Իգդիրի նահանգապետի կամ էլի որեւէ մեկի՝ սահմանը բացելու եւ հայերի հետ առեւտուր անելու ցանկացած հայտարարություն, իսկ պետությունն էլ հրաժարվել էր բոլոր նախապայմաններից (նաեւ ցեղասպանությունից), սակայն ամեն տարի որեւէ հայրենասեր երկիր ինքն է Ցեղասպանության ճանաչման մասին որոշում ընդունում։ Մեկ դա Ռուսաստանն է կամ Բելգիան, այս տարի էլ՝ Ֆրանսիայի խորհրդարանը։ Դե Հայաստանն էլ, իհարկե, չի բողոքելու, թե ինչո՞ւ հայանպաստ որոշում կայացրիք, եւ դատապարտեցիք մեր դեմ իրականացված ցեղասպանությունը։ Իրար հետեւից այդ երկրին շնորհակալություն են հայտնում մեր նախագահը եւ մյուս իրավասու պաշտոնյաներն ու հայրենասեր քաղաքական գործիչները։

Չնայած Թուրքիայում բազմաթիվ խնդիրներ կան՝ քրդական հարց կամ ժողովրդավարության ոչ բավարար մակարդակ, սակայն Ֆրանսիան որոշեց Թուրքիայի վրա մատ թափ տալ եւ նրա ընթացքը դեպի Եվրամիություն կասեցնել հատկապես Հայկական ցեղասպանությամբ, որովհետեւ հայկական լոբբին շատ ուժեղ էր, կամ հակառակը՝ թույլ էին քրդական լոբբին եւ ֆրանսիական իրավապաշտպան կազմակերպությունները։

Հավանաբար, Ֆրանսիայի սենատը այդպես էլ չհաստատի ստորին պալատի որոշումը, կամ նախագահը վերջին պահին վետտո կդնի որոշման վրա, իսկ մեր հարեւան Թուրքիայում հակահայկական տրամադրությունների ձնագունդը գլորվում է՝ իր մեջ ներառելով հասարակության նորանոր շերտեր։ Մեր հարեւան Թուրքիան հսկայական ճիգեր է գործադրում Արեւմուտք շարժվելու համար, որի հաջողության դեպքում ենթադրվում է ունենալ ավելի զարգացած, ժողովրդավարական, քաղաքակիրթ հարեւան։ Մենք հրճվում ենք, ամեն անգամ արձանագրելով Թուրքիայի նման ճիգերի ձախողումը։ Իսկ Արեւմուտքի հակառակ բեւեռը Արեւելքն է…

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930