Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՆ

Հունիս 10,1998 20:13

Ասում են, ամենալավ նորությունը նորությունների բացակայությունն է, երբ ամեն ինչ հարթ ու հանգիստ է ընթանում, առանց աշխարհացունց իրադարձությունների: Այդ օրինաչափությունը միանգամայն կիրառելի է գործադիր իշխանությունների համար, եւ միանգամայն սխալ՝ մամուլի պարագայում: Այդ է պատճառը, հավանաբար, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության իսպառ բացակայության պայմաններում շարժիչ գործոնի դերն իրենց վրա վերցրել են լրատվամիջոցները:

Հենց ԶԼՄ-ներն են, որ վերջերս հասարակության ուշադրությունը հրավիրեցին մի շարք կարեւոր քաղաքական եւ տնտեսական խնդիրների վրա: Դա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին, թե՛ կոնյակի գործարանի վաճառքին եւ թե՛ մեզ երկար տարիներ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ սովորեցնող ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Մորգան Լիդիկին, որը սադիստաբար ծեծել էր հայ երեխաներին: Ստեղծված իրավիճակում ոչ մի քաղաքական կամ հասարակական կազմակերպություն նման հարցեր չէր արծարծի:

Բարեբախտաբար, անցել են այն ժամանակները, երբ լրագրական աշխարհի ներկայացուցիչներն իրար դեմ ամբաստանագրեր էին գրում՝ հիմք ընդունելով քաղաքական տարաձայնությունները, չնայած այստեղ էլ կան մի շարք տհաճ բացառություններ: Սակայն ընդհանուր առմամբ այսօր առկա է գաղափարական տարբեր ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ների աննախադեպ համերաշխություն։ Շարունակելով պաշտպանել սեփական տեսակետները, լրատվամիջոցները հիմնականում հասկացել են, որ իրար խփելն անիմաստ է եւ վտանգավոր՝ դրանով կարելի է հարվածել չորրորդ իշխանությանն ընդհանրապես:

Հենց այդ պատճառով էլ բոլորս համերաշխ ենք «Իրավունքի» խմբագիր Հայկ Բաբուխանյանի հետ, որը միշտ էլ պնդում էր, որ ներկա Ազգային ժողովը ձեւավորվել է հակաժողովրդավարական պայմաններում, օրենքի բացահայտ խախտումների (այլ կերպ ասած՝ հանցագործությունների) «շնորհիվ»: Սակայն այժմ այդ պնդումներին հակադրվեց Խոսրով Հարությունյանը, որն ԱԺ նախագահ դարձավ «Իրավունքի» չսիրած «հակաժողովրդական վարչախմբի» հեռացումից հետո, երբ «առնետների» բանակն արդեն համալրել էր խորհրդարանական մեծամասնության ճամբարը: Բայց հարցն այստեղ կոնկրետ անձինք չեն, ոչ էլ նույնիսկ՝ քաղաքական սկզբունքները: Խոսքը լրատվամիջոցների սեփական տեսակետն արտահայտելու եւ հասարակությանը տեղեկացնելու իրավունքի մասին է։ Իսկ այդ իրավունքի համար պետք է պայքարել միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930