«Ի՞նչ արժե այսօր «Նաիրիտը»։ Ինձ թվում է՝ մինուս երկու միլիոն։ Այսինքն, պետք է 2 մլն տանք մեկին, որ այդ գործարանը վերցնի»։
ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, «Առավոտ», 6 հունիսի
Երկու նախարար են լինում։ Էն մեկի անունը չասենք, էս մեկինը Սանդոյան է լինում։ Մի օր պարոն Սանդոյանը թոկը «Նաիրիտի» վիզն է գցում, տանում ծախելու։Մի ավերակի մոտով անցնելիս կանչում է.
-Ա՛յ «Նաիրիտ», արի՛, հե՜յ…
Ավերակի արձագանքը կրկնում է.
-Հե՜յ…
Սանդոյանը կանգնում է.
-Ինձ հետ ես խոսում, հա՞՛։
Ավերակը ձայն է տալիս.
-Հա՜։
-Էս «Նաիրիտն» ուզում ե՞ս։
-Ե՜ս։
-Հիմի՞ կուզես, թե չէ։
-Չէ՜։
-Դե էգուց կգամ, շատ բարի։
-Արի՜…
Սանդոյանը գործարանը ծախված համարելով՝ «Նաիրիտը» թողնում է ավերակի մոտ եւ վերադառնում տուն։ Մյուս օրը գնում է, տեսնում «Նաիրիտն» էլ է ավերակ։
-Հը՞,- ասում է,- փողդ բերել եմ, տա՞մ, թե՞ չէ։
-Չէ՜։
Էստեղ Սանդոյանը վախենում է, կարծում է, ավերակի մտքումը կա, որ փողը չվերցնի։
-Էդ իմ բանը չի,- ասում է,- առել ես, պրծել, փողերդ վերցրու. երկու միլիոն՝ դեղին ոսկի՜։
-Սկի՜…
Էս էլ որ լսում է Սանդոյանը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս՝ ավերակի խարխուլ պատերին։ Դու մի ասիլ՝ էդ պատում 100 միլիոն դոլար է լինում վարկերի տեսքով, քարերը որ վեր են ընկնում՝ դոլարները թափվում են առաջը լցվում։
-Այ քեզ բա՜ն… Բա որ Սադոյանն ապացուցի,-մոլորվում է Սանդոյանը, իր տարած երկու միլիոնը սուս ու փուս ջեբն է դնում, գալի կառավարություն։
-Հը՞, Նաիրիրտը ծախեցի՞ր,- հարցնում է էն մյուս նախարարը։
-Ծախեցի։
-Ո՞ւմ վրա։
-Ավերակի։
-Հետո՞, վարկը տվա՞վ։
-Տվավ, 100 մլն դոլար, համա վախեցա Սադոյանն ապացուցի։
-Էդ որտե՞ղ է,- աչքերը չորս է անում մյուս նախարարը։
-Էհ, ցույց չեմ տալ, դու աչքածակ էս, էնքան կհավաքես՝ շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Էն նախարարը երդվում է, որ մենակ ինքը կշալակի.
-Բեր,-ասում է,- էդ 2 միլիոնն էլ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ տկլոր ես՝ քեզ համար նոր շորեր կառնեմ։
Սանդոյանն էդպես էլ անում է։ Մյուս նախարարը հարստանում է, բայց Սանդոյանի համար նոր շորեր չի առնում։
Սանդոյանը գնում է Սադոյանին բողոքելու։
-Պարոն Սադոյան,- ասում է,- էն «Նաիրիտը» տարա ավերակի վրա ծախելու…
-Հերիք է, հերիք,- ծիծաղում է Սադոյանը,- էս Սանդոյանը որտեղի՞ց եկավ…
Գնում է մյուսներին գանգատվում, նրանք էլ են ծիծաղում։ Ու ասում են, Սանդոյանին ոչ ոք չի հավատում։ Ամենքն էլ ծիծաղում են, կառավարությունն էլ ծիծաղում է ամենքի հետ։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ