ԱԺ-ը՝ ՀՀՇ-ական ռեւանշիզմի որջ Հունիսի 3-ին պետական հեռուստատեսությամբ եթեր տրված «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանի ԱԺ-ի վերաբերյալ արտահայտած մտքերը զրպարտություն համարելով, հունիսի 6-ին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է դատախազություն։ Հունիսի 8-ին Հայկ Բաբուխանյանին հրավիրել են դատախազություն, սակայն, ինչպես երեկ Հայկ Բաբուխանյանն ասաց իր եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի կազմակերպած համատեղ մամուլի ասուլիսում, ինքը դատախազություն կգնա միայն ազատ ժամանակ ունենալու դեպքում, եւ այն էլ ոչ թե պատասխանելու մեղադրանքներին, այլ որպեսզի տանի «Իրավունքի» այն համարները, որտեղ կոնկրետ մեղադրանքներ կան հանցավոր միջոցներով ԱԺ ձեւավորելու մասին։ Իսկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, որ Հայկ Բաբուխանյանի մտքերը ՍԻՄ-ի կուսակցական դիրքորոշման շրջանակներում են։ Պարոն Խաչատրյանին, զարմացնում է միայն այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ողջ ընթացքում իրենց արտահայտած նմանօրինակ եւ ավելի խիստ գնահատականները ավելի նորմալ էին ընդունվում։
Մենք ենթադրեցինք, որ դրա պատճառը նախորդ վարչակարգի ավելի ժողովրդավար լինելն էր, սակայն պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ ամբողջ իշխանությունը նորացվել է, բացի ԱԺ-ից, որը ՀՀՇ-ական մնացուկ լինելով՝ ձգտում է ռեւանշի։ Իսկ ՍԻՄ-ի դիրքորոշումը եւ վերաբերմունքը դեպի իշխանությունները, մանավանդ ԱԺ-ն, չի փոխվել, իսկ որպես դրա վկայություն, Հրանտ Խաչատրյանը նշեց «Իրավունք» շաբաթաթերթը։ Հայկ Բաբուխանյանն էլ հավաստիացրեց, որ այս գործը հասնի դատարան, որտեղ ինքը փաթեթով կներկայացնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարված ողջ խախտումները, որից հետո ներկա ԱԺ-ն ոչ միայն կցրվի, այլ շատերը կկանչվեն քրեական պատասխանատվության։ Որպես այդ խախտումների վառ օրինակ Հայկ Բաբուխանյանը հիշեց 1995 թվականի հունիսի 21-ի Ազատության հրապարակում կատարված դեպքերը, երբ ժողովրդի վրա կրակ բացեցին ՀՀՇ-ական՝ բանդաները (հիշեցնեմ, որ մինչեւ իշխանության փոփոխությունը ընդդիմությունը դրանք անվանում էր երկրապահների բանդաներ- Ա. Բ.)։
ԱԺ-ի ընտրությունների կեղծումը, ըստ պրն Բաբուխանյանի, որոշվել է Անվտանգության խորհրդում, իսկ ԱԺ-ն պատգամավորների համար տանիք է, որի տակ նրանք զբաղվում են հանցավոր գործունեությամբ։ Իհարկե, խոսքն ազնիվ պատգամավորների մասին չէ. օրինակ բերվեց որպես ԱԻՄ-ական՝ կիսով չափ ազնիվ եւ որպես երկրապահ՝ կիսով չափ անազնիվ Արամազդ Զաքարյանը։ Թերթի խմբագիրը նշեց, որ դատարան դիմելով՝ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից, քանի որ գիտի, թե ժողովրդի մոտ որքան մեծ է «Իրավունքի» հեղինակությունը, որի ջանքերով նաեւ տապալվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՍԻՄ-ը վաղուց ընդդիմադիր մտքեր չէր արտահայտել, հույս ունենք, որ Խոսրով Հարությունյանի այս քայլը, ինչպես նաեւ դրան հետեւելիք գործողություններն էլ ավելի կբարձրացնեն կուսակցության եւ նրա պաշտոնաթերթի ընդդիմադիր վարկը եւ հեղինակությունը։ Իսկ ասուլիսը, ըստ Հրանտ Խաչատրյանի, կազմակերպված էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի շրջանակներում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ