Խորհրդարանի այս նստաշրջանի վերջին հերթական եռօրյան կարելի է հաշվետվական համարել՝ ավարտեցին ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը, հաստատեցին այն։ Սկսեցին քննարկել Կենտրոնական բանկի 1997-ի հաշվետվությունը։ Տիգրան Սարգսյանը պատասխան է տալիս Բագրատ Ասատրյանի գործունեության համար։ Իսկ ըստ ԱԺ Վերահսկիչ պալատի եզրակացության, ԿԲ-ն անցած տարի գերազանցել է կառավարության վարկավորումը՝ սղաճի ավելացման պատճառ դառնալով, բյուջեի մասին օրենքի մի քանի հոդվածներ են խախտվել եւ այլն։ Բայց, իհարկե, խորհրդարանական մտահոգությունների առյուծի բաժինը շարունակում է կոնյակի գործարանի վաճառքը մնալ։
Պիկետիկ
Արդեն իսկ խորհրդարանի մուտքի առջեւ երկու կին գրություններ էին բաժանում պատգամավորներին՝ «Լսիր ժողովրդի ձայնը, կանխիր հերթական թալանը։ Կոնյակի գործարանն ազգային արժանապատվություն է, վաճառքը՝ դավաճանություն»։ Դիմացի մայթի ծառերի տակ լուռ ու խաղաղ խմբված էին հազիվ մի քանի տասնյակ հոգի, որոնք այստեղ էին հայտնվել Հայկոմկուսի կոչով։ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը մասնակիցների սակավության վերաբերյալ մեր հարցին պատասխանեց, թե սա չարտոնված հանրահավաք է, «եւ իրավունք չունենք շատ մարդ բերել, բանուկ մասը փակել, ԱԺ-ի աշխատանքը խանգարել»։ Սակայն նույն նախանձելի օրինապաշտությամբ Հայկոմկուսը պատրաստվում է հուլիսի 11-ին առավել լայնածավալ մի գործողություն ձեռնարկել։ Մեր այն հարցին, թե` չե՞ք կարծում, որ մինչ այդ կոնյակի գործարանի վաճառքն այլեւս կայացած կլինի, եւ որեւէ բողոք էլ անիմաստ՝ Յուրի Մանուկյանը պատասխանեց. «Կառավարության գործունեության 100 օրը լրանալուց հետո մենք կանդրադառնանք ոչ միայն այս, այլ նաեւ ուրիշ հարցերի։ Դա արդեն բողոք չի լինի, այլ տիրոջ իրավունքով պահանջ։ Բողոքն ուղղակի օդի շարժում է»։ Քիչ անց Հայկոմկուսի խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը փորձեց կոնյակի խնդիրը քննարկելու հարցն ԱԺ օրակարգ մտցնել էլեկտրոնային քվեարկությամբ, որի արդյունքներն էլ պարզ ի ցույց են դնում, թե որքան է բողոքի որեւէ գործողության, «ժողովրդի ձայնը լսելու» եւ նման կոչերի օգտակար գործողության գործակիցը։
Ով ինչպես է վերաբերում կոնյակին
Կարդացեք նաև
Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցն օրակարգում ընդգրկելուն բացահայտորեն դեմ քվեարկեցին միայն 3 հոգի՝ նույն գործարանի տնօրեն Ալբերտ Հերոյանը, ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանն ու պատգամավոր Համլետ Հայրապետյանը։ Կողմ քվեարկել էին 58 հոգի, միայն 8 հոգու ձայն չհերիքեց, որ հարցն օրակարգում հայտնվեր։ Կողմ էին ոչ միայն կոմունիստները, Ռուբիկ Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը եւ Ներսես Զեյնալվանդյանը (ԱԻՄ-ի եւ ԱԺՄ-ի մնացած ներկայացուցիչները չարաբաստիկ այդ պահին բացակա էին), այլ նաեւ «Շամիրամը», «Հայրենիքը» եւ «Հանրապետությունը»։ Այս վերջին խմբակցության նիստում որոշվել էր պաշտպանել այս նախաձեռնությունը։ «Իրավունք չունեին արտահերթ նիստ չհրավիրել։ Մենք կանոնակարգի պահանջն ենք պաշտպանում»,- խմբակցության տեսակետը մեզ փոխանցեց Վանո Սիրադեղյանը։ Սակայն «ձեռնպահ» քվեարկածների ռեկորդային՝ 43 անունների ցանկում «Հանրապետության» անդամներ էլ կային՝ Կամո Վարդանյան, Վաչագան Հարոյան, Խաչատուր Բեզիրջյան եւ Արմեն Եղիազարյան։ Խորհրդարանական մեծամասնությանը՝ «Երկրապահին» մաս կազմողները կա՛մ չէին քվեարկել, կա՛մ էլ միացել էին ձեռնպահների բանակին։ Բացառություն էին կազմել միայն Թաթուլ Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը։ Ի դեպ, երեկ առաջին անգամ նիստին մասնակցեց նաեւ թիվ 3 ընտրատարածքի նորընտիր պատգամավոր Մարտին Սարգսյանը։ Եվ այս հարցի առնչությամբ էլ առաջին անգամ մասնակցեց քվեարկությանը։ Բնականաբար, «ձեռնպահ» էր քվեարկել։ Ինչո՞ւ պիտի կոշիկի գործարանի տնօրենի դիրքորոշումը տարբերվեր հիմնարկ-ձեռնարկությունների այլ ղեկավարների, գործադիր իշխանությանը մաս կազմողների դիրքորոշումից, որոնք բոլորն էլ գրեթե երբեք կառավարությանն անհաճո կոճակներ չեն սեղմում։
Առանձնազրույց
Ձեռնպահ էր քվեարկել նաեւ պատգամավոր, «Արարատ- Լադա» ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, որն իր այս հարցում դիրքորոշման, ինչպես նաեւ կոնյակի գործարանը գնելու չհաջողված փորձի մանրամասներն առաջին անգամ ներկայացրեց «Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի թղթակիցներին։ Պատմեց, որ մամուլից է տեղեկացել կոնյակի գործարանի 30 մլն դոլարով վաճառքի մասին. «Այդ լուրը ստացել էին նաեւ իմ ընկերները՝ Մոսկվայի, Ֆրանսիայի։ Նրանք ինձ զանգահարեցին եւ ասացին, որ հետաքրքրվեմ, թե իրոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է վաճառել գործարանը։ Իմ գործընկերներն ինձ շատ են վստահում եւ ասացին, թե այդ գումարից ավելին ինձ կտրամադրեն գործարանը գնելու համար։ Ի՞նչ վատ էր. պետությունը 5 մլն դոլար ավելի եկամուտ կունենար։ Ես դիմեցի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանին։ Նա դեմ չէր, ասում էր. «Եթե 35 մլն դոլար վճարող կա՝ խնդրեմ, վճարեք»։ Բայց ասաց, որ այդ հարցերով զբաղվում է Վահրամ Ավանեսյանը։ Վերջինս ինձ բացատրեց, որ մրցույթն արդեն ավարտվել է, եւ այլ մարդիկ իրավունք չունեն մասնակցելու՝ ամեն ինչ վերջացել է»։ Անդրանիկ Մանուկյանն անդրադարձավ նաեւ կառավարության ներկայացուցիչների այն բազմակի պնդումներին, թե նպատակահարմար է գործարանը վաճառել որեւէ հայտնի ընկերության, այլ ոչ թե որեւէ անհատի, որի եկամուտների աղբյուրները «մշուշոտ» են. «Նրանք սխալվում են, համենայնդեպս, ես թաքցնելու բան չունեմ։ Եթե կառավարությունը որոշեր այդ գումարով գործարանն ինձ վաճառել՝ ես նաեւ համապատասխան հայտարարագրեր կներկայացնեի։ Ես օրենքները լավ գիտեմ»։
Պարոն Մանուկյանը մեր հարցին ի պատասխան հերքեց, թե կառավարության անդամներից որեւէ մեկը փորձել է գործարանի համար առաջարկվող գումարների աղբյուրները պարզել։ Միայն Վահրամ Ավանեսյանն էր առաջարկել անմիջապես 10 մլն դոլար կանխավճար մուծել, այն պայմանով, որ եթե հանկարծ հրաժարվի վճարել մնացած 25 միլիոնը՝ կանխավճարը մնա պետությանը։ Անդրանիկ Մանուկյանն ու իր ընկերները կարծես այս պայմանի առջեւ չէին նահանջել, այլ միայն դրա դիմաց (ապարդյուն) պայմանագիր կամ որեւէ փաստաթուղթ էին ուզել։ Ի վերջո, ովքե՞ր էին այդ խորհրդավոր ընկերները։ Անդրանիկ Մանուկյանը նրանց մասին միայն հետեւյալն ասաց. «Շատ խոշոր գործարարներ են։ «Ավտովազի» իմ գործընկերներն են, նրանք մեծահարուստներ են եւ այդ 35 մլն դոլարը կվճարեին։ Ինձ թվում է, որ այսքան ժամանակ գործարար լուրջ մարդու տպավորություն եմ թողել եւ եթե հայտարարում էի այդ 35 միլիոնի մասին՝ ուրեմն լուրջ հիմքեր ունեի դրա համար։ Տեր էի իմ խոսքին»։ Մեր այն հարցին ի պատասխան, թե այդ ի՞նչ խոշոր գործարարներ են, որ Արմեն Եղիազարյանի վկայակոչած «ավտարիտետ» «Ֆայնենշըլ թայմս» չեն կարդում, եւ կոնյակի գործարանի վաճառքի մասին վաղօրոք չէին տեղեկացել՝ պարոն Մանուկյանը վրդովվեց. «Արմեն Եղիազարյանը երեւի երբեւէ այդ թերթը չի էլ տեսել։ Ես անգլերենին ոչ պակաս եմ տիրապետում, քան Արմեն Եղիազարյանը եւ «Ֆայնենշըլ թայմս» կարդալու մեծ հնարավորություն ունեմ, բայց, ցավոք սրտի, այն Հայաստանում չի վաճառվում, որ մենք իմանանք, թե Երեւանի կոնյակի գործարանն ինչ պայմաններով է սեփականաշնորհվում»։
Ինչեւէ, Անդրանիկ Մանուկյանը երեկ տրամաբանում էր, որ եթե, իրոք, «Պեռնո Ռիկար» ընկերությունը կատարելու է բոլոր այն պայմանները, որոնք իբրեւ գործարքի հաջողվածության ապացույց բերում են մեր գործադիր իշխանության ներկայացուցիչները, եւ եթե սա ռուսական շուկայից հայկական կոնյակը դուրս մղելու փորձ չէ, եւ եթե գործարանը հինգ տարի հետո էլ շարունակի հայկական կոնյակ արտադրել՝ ուրեմն կարելի է գործարանը նրանց անգամ 5 մլն դոլարով վաճառել. «Իրոք, թող այդ գործարանը ոչ մի հայ գործարար չգնի։ Թող գնեն միա՛յն ֆրանսիացիները»,- բավական հեգնանքով լի ոգեւորությամբ ասաց Անդրանիկ Մանուկյանը։ Նա, ի դեպ, արտահերթ նիստ հրավիրելու պահանջի տակ չէր ստորագրել, այժմ էլ ահա ձեռնպահ քվեարկեց շահարկումներից խուսափելու համար։
Մի հատ էլ փորձեք՝ կստացվի՞
Փոխարենն արտահերթ նիստ հրավիրելու գաղափարից չեն հրաժարվում նրա այլ գործընկերները։ Ստորագրահավաքի են լծվել արդեն ոչ միայն կոմունիստներն, այլեւ «Հայրենիք» խումբը։ Ընդ որում, արտահերթ նիստի օրակարգն առավել դիվանագիտական ձեւակերպում է ստացել, եւ եթե այս տեսքով նախաձեռնությունը հաջողվի՝ այսօր ժամը 18-ից կքննարկվեն արդեն կոնյակի գործարանի սեփականաշնորհման պայմանները։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ