«ԱԺ-ի հասցեին բազմաթիվ վիրավորանքներ են հնչել, ինչո՞ւ այս անգամ միայն պատվի պաշտպանության խնդիր արծարծեցիք»,- «Առավոտի» այս հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «ԱԺ-ի հասցեին երբեք չեն հնչել ապօրինի, հանցագործ մարմին մեղադրանքներ։ Խոսք է եղել ԱԺ-ի ընտրությունների ժամանակ առանձին թերությունների կամ խախտումների մասին, ասվել է, որ որոշ պատգամավորներ անօրինական ճանապարհով են ընտրվել։ Բայց երբեւէ չի ասվել, թե պատգամավորների 95 տոկոսը կապված է մաֆիոզ կլանների հետ։ Ես գտնում եմ, որ նման մեղադրանքներն ուղղակիորեն վարկաբեկում են պետական կառավարման ողջ համակարգը»։ ԱԺ նախագահը պնդեց, թե խմբագիրները պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց այս արտահայտությունների համար, եթե հրապարակավ ներողություն չխնդրեն։
ՈՒՐ ԿԳՆԱ ԼԵՈՆԱՐԴԸ
Լեոնարդ Պետրոսյանն, ըստ երեւույթին, պաշտոն կստանա Հայաստանում։ Նշվում է մի քանի տեղ. էներգետիկայի նախարար, գյուղատնտեսության նախարար։ Հնարավոր է նաեւ, որ ԼՂՀ նախկին վարչապետը կզբաղեցնի Գագիկ Խաչատրյանի տեղը՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահի պաշտոնում։ Ասենք, որ հիմնադրամի ձեռքի տակ գտնվող միջոցները գերազանցում են մի քանի տասնյակ միլիարդ դրամը։
ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Կարդացեք նաև
Ըստ որոշ լրատվամիջոցների, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն այժմ գտնվում է Մոսկվայում։ Սակայն, ըստ ԱԺ որոշ պատգամավորների՝ պարոն Սահակյանը ամենեւին էլ Ռուսաստանի մայրաքաղաքում չէ։ Նա պետք է որ Չեխիայի մայրաքաղաք Պրագայում լինի, ուր սովորում են նրա որդիներ Պողոսն ու Դավիթը։ Նույն աղբյուրներն ասում են, որ նա ընդհանրապես Հայաստան կվերադառնա սեպտեմբերին։