Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳԻՆԸ ՄԻՆՈՒՍ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ Է

Հունիս 09,1998 19:51

Արդեն վերջնականապես ապացուցվեց, որ միանգամայն անհիմն են այն մտավախությունները, թե իշխանությունները կարող են մի գեղեցիկ օր ծախել Հայաստանը։ Պատճառը լոկ այն չէ, որ նոր իշխանություններն ուղիղ 428 անգամ ավելի հայրենասեր են, քան նախորդները, քանի որ կոնյակի գործարանը վաճառվում է 30 միլիոնով, իսկ նախկինները գինու գործարանը ծախել են ընդամենը 70 հազարով։ Բարի մտադրությունների ավելի հստակ ապացույցներ է տվել ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էդուարդ Սանդոյանը, որը հայտարարել է, թե «Նաիրիտ» գործարանն արժե մինուս երկու միլիոն դոլար, այսինքն՝ «պետք է երկու միլիոն տանք մեկին, որ այդ գործարանը վերցնի»։

«Առավոտի» խմբագրակազմը երկար մտորումներից հետո որոշեց, որ պատրաստ է վերցնել «Նաիրիտը» նույնիսկ այն դեպքում, եթե նրան (խմբագրակազմին) վճարեն ընդամենը 1,5 մլն դոլար՝ դրանով իսկ հայրենի պետության համար խնայելով մնացած կես միլիոնը։ Սակայն եթե շարունակենք նման թվաբանությունը, ապա «Կանազն», օրինակ, արժե մինուս չորս միլիոն, էլեկտրալամպերի գործարանը՝ մինուս մեկ միլիոն, եւ այլն։ Հայաստանն այդ հաշվարկներով արժե մոտավորապես մինուս մեկ միլիարդ դոլար։ Եթե այդքան փող ունենայինք՝ հաճույքով կտայինք որեւէ արտասահմանյան ֆիրմայի, որպեսզի վերջինս համաձայներ վերցնել հանրապետությունն ամբողջությամբ։ Բայց, քանի որ այդքան փող չունենք, առաջարկում ենք հետեւյալը. կոնյակի գործարանի վաճառքից ստացված 30 միլիոնը վերադարձնել նույն ֆիրմային, պայմանով, որ նա ձրի վերցնի նաեւ «Նաիրիտը», «ԵրԱԶ»ը եւ էլի մի 40 գործարան (ցուցակը համաձայնեցնել պարոն Սանդոյանի հետ)։ Հետագայում միջազգային վարկերի շնորհիվ հասնել նրան, որ Հայաստանի բոլոր գործարանները հանձնվեն արտասահմանյան ֆիրմաներին՝ մեզ համար նվազագույն ֆինանսական կորուստներով։
Խնդիրը, ինչպես հասկանում եք, բարդ է, բայց ուժերի գերլարման դեպքում՝ իրագործելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930