Այս օրերին հայ եկեղեցին փորձում է դիմագրավել հերթական ճգնաժամը, որ խորանում է Պոլսի Հայոց պատրիարքության շուրջ։ Տասնյակ թեմեր ու նվիրապետական Աթոռներ ունենալով աշխարհի բազում երկրներում՝ հայերիս համար պիտի որ այլեւս անակնկալ չդիտվեն երբեմն ծագող դժվարությունները։ Սակայն Թուրքիայում իրադարձությունները միանգամայն այլ ընթացք են ստացել։ Գարնան սկզբին Պոլսո պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի մահից հետո թափուր մնացած աթոռը զբաղեցնելու համար տեղի հայ համայնքը ձեռնամուխ եղավ ընտրությունների նախապատրաստմանը։ Շատ շուտով պարզ դարձավ, որ հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջեւ։ Նրանցից մեկը պատրիարքական փոխանորդ Մեսրոպ արք. Մութաֆյանն է, մյուսը՝ Շահան արք. Սվաճյանը։ Երկրում ընդունված կարգի համաձայն, որ ամրագրվել է նախարարների խորհրդի 1961թ. սեպտեմբերի 18-ի 5-1654 թվակիր որոշմամբ, անհրաժեշտ էր դիմել ՆԳ նախարարությանը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով։
Ընտրական հանձնաժողովը ամեն բան իրականացրեց ըստ կարգի։ Սակայն այսօր ակնհայտ է, որ Թուրքիո հայոց 84-րդ պատրիարքն այնքան էլ հեշտ չի բազմելու իր աթոռին։ Արդեն 3 անգամ փոփոխվել է ընտրության անցկացման օրը. նախ՝ մայիսի 15-ին, ապա՝ 17-ին, վերջապես 20-ին, որը, միեւնույն է, չկայացավ։ Ո՞րն է պատճառը։ Եզրահանգումների մեջ չշտապենք, քանի որ պատճառները կարող են մի քանիսը լինել։ Փոխարենը հակիրճ շարադրենք դեպքերի ընթացքը, որոնք էլ թույլ կտան գծագրել գոնե ստեղծված մթնոլորտը։ Դեռ նոր էին թեկնածուները հայտարարել իրենց մտադրության մասին, երբ անսպասելիորեն տեղական մամուլը հզոր արշավ սկսեց ինչպես Հայոց պատրիարքության, այնպես էլ թեկնածուների դեմ։ Թե ինչպիսի «մեղքերի» համար կարող են թուրքերը փնովել հայերին, կարծում ենք՝ մանրամասնելու կարիք չկա։ Ամենամեծ բաժինը հասավ Մեսրոպ սրբազանին։ Վերջինիս մասին ավելորդ չէ շեշտել մի քանի մանրամասներ։ Նա 42 տարեկան է, ժամանակին Գարեգին պատրիարքի աջ ձեռքն էր, 1990-ի ընտրություններին նույնպես թեկնածու էր, սակայն իր ձայները տվեց Գարեգին սրբազանին՝ նրա համար ապահովելով լիակատար հաղթանակ։
Թե՛ թուրք պաշտոնյաները, թե՛ թուրք մամուլը նրան են վերագրում անհաշիվ մեղքեր՝ սկսած հայրենադավությունից, վերջացրած հանցավոր կառույցների հետ ունեցած կապերով։ (Ի դեպ, դրանց ծանոթանալուց հետո ակամա սկսում ես համակրանք տածել սրբազանի հանդեպ)։ Վերջինս բազմիցս եկեղեցիների միջազգային ատյաններում շեշտել է Թուրքիայի կողմից հայերի վրա ճնշում գործադրելու մասին, մի բան, որ այլոք դիվանագիտորեն չէին շոշափում՝ գտնելով, որ այդպես կարող են նպաստել հայապահպանմանը։ Մութաֆյանը չի ուզում ճանաչել «Ստամբուլ» անունը եւ նույնիսկ ծաղկեպսակներ զետեղելիս ժապավենների վրա գրել է տալիս «Կոստանդնուպոլսի պատրիարքարան» բառերը։ Պնդում են, թե նրա աշխատասենյակից զենքեր են գտնվել, թե նա Կրոնական ժողովի ձեւավորման ժամանակ անտեսել է մի քանի հոգեւորականների՝ փոխարենը ընդգրկելով իր կողմնակիցներին եւ այլն։ Պաշտոնական Անկարան էլ իր հերթին լուրեր է տարածում, թե կան վավերագրեր ու փաստաթղթեր, որոնք վկայում են Մեսրոպ սրբազանի հանցավոր գործունեության մասին։
Ճիշտ է, դրանցից եւ ոչ մեկն առ այսօր հրապարակում չի հայտնվել, սակայն պատրվակը չափազանց հարմար է ընտրությունները ձախողելու եւ հետաձգելու համար։ Ջրաղացին իր ջրի բաժինն է ավելացնում նաեւ երկրի աջակողմյան մամուլը, որն ակնհայտորեն աջակցում է Շահան սրբազանին՝ փորձելով հակասություններ հրահրել երկու թեկնածուների միջեւ, ինչն իրականում գոյություն չունի։ Չժխտելով Շահան արքեպիսկոպոսի 40-ամյա ծառայությունները հայ եկեղեցուն եւ նրա արժանիքները, արձանագրենք, սակայն, որ հայ համայնքը չի թաքցնում իր համակրանքը Մեսրոպ սրբազանի նկատմամբ եւ պատրաստ է դիմագրավել ամեն կարգի դժվարության։ Դրանցից հիմնականը պետական մեքենայի խարդավանքներն ու համառությունը շրջանցելն է։ Ընտրական հանձնաժողովը ապրիլից ի վեր գրություններ է առաքում նախարարների խորհրդին ու ՆԳ նախարարությանը, սակայն նրանցից ստացված հատուկենտ պատասխաններում բացակայում է որոշակիությունը։ Արդեն իսկ կասկածներ կան այն մասին, որ վերեւներում ոմանք աշխատանք են տանում նախարարների խորհրդին ընտրությունների մասին նոր որոշման նախագիծ ներկայացնելու ուղղությամբ։ Այս ընթացքում հանձնաժողովին այլ բան չէր մնում անել, քան սառեցնել իր աշխատանքները եւ անցնել սպասման շրջանի։ Որոշակիության բացակայությունը դեռ պատճառաբանվելու այլ տարբերակներ էլ կարող է ունենալ։
Կարդացեք նաև
Բայց դրանցից 1-2-ի մասին արդեն իսկ հնչել են անզգույշ կամ գուցե միտումնավոր ակնարկներ։ Դրանցից մեկն ասվեց TKRT հեռուստակայանի կողմից ցուցադրված հաղորդման ժամանակ։ «Թուրքիո Հայոց պատրիարքական ընտրությունները զուգադիպում են Հայաստանում Քոչարյանի ընտրության շրջանի հետ, եւ Անկարան մտահոգությամբ է հետեւում պատրիարքական ընտրությունների զարգացումներին»,- շեշտեց հեռուստամեկնաբանը։ Արդյո՞ք այս քայլը Հայաստանին բռունցք ցույց տալու թուրքական եւս մի արտահայտություն կարելի է դիտել, կամ թե հայկական ազգայնականության դրսեւորումների հանդեպ թուրքերի հիվանդագին հակազդեցություն։ «Արթ Հաբեր» շաբաթաթերթի թղթակիցը հայ համայնքին խորհուրդ է տալիս «դուրս գալ սեփական կեղեւից, որովհետեւ եթե իրենց կեղեւի մեջ քաշվեն, դրանից կտուժեն բոլորը»։ Իսկ այսպիսի մերկապարանոց պատվիրանը Թուրքիայում այլ բան նշանակել չի կարող, քան հրաժարում ազգային նկարագրից, արժեքներից ու ձգտումներից։ Հենց դա է պատճառը, որ արտաքուստ մեծ երկրի համար ոչ այնքան նշանակալի իրադարձությանը նման կարեւորություն է տրվում։ Ու այս խճճված խաղին խառնված «Ջումհուրիյեթ» թերթը, որն ավելորդ հետաքրքրություն է դրսեւորել ընտրությունների ընթացքին, հանկարծ անսովոր եզրահանգում է անում. «Հարցը հիմա այն չէ, թե ընտրությունը ով պիտի շահի, այլ այն, թե ով պիտի լինի 84-րդ պատրիարքը»։
Մի խոսքով, ստացվում է, որ նրանք կարող են տարբեր մարդիկ լինել։ Ինչ մնում է Հայաստանին, ապա այսօր նա այլ քայլի պատրաստ չէ, քան լուռ հետեւել զարգացումներին եւ կռահել ելքը։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ