Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրապահը» մի կո՜ւշտ բողոքել է Ռոբերտ Քոչարյանին

Հունիս 08,1998 00:00
erkrapah

Կառավարության ծրագիրը ներկայացնելուց առաջ որեւէ բարձրաստիճան իշխանավոր չէր բարեհաճել հանդիպել խորհրդարանական մեծամասնության՝ «Երկրապահի» հետ։ Երեւի նրանց աջակցությունն ինքնըստինքյան ակնկալվում էր։ Սակայն խորհրդարանի եւ կառավարության փոխհարաբերություններում վերջերս նկատված որոշ լարումը գործադիր իշխանության ներկայացուցիչների համար ապացույց դարձավ, թե չի կարելի ԱԺ-ին ազդեցության գոտուց դուրս թողնել, այլապես այն կարող է վտանգավոր դառնալ։ Ավելացված արժեքի հարկը 20-ից 12 տոկոսի իջեցնելու առնչությամբ վարչապետն առաջին անգամ հանդիպեց «Երկրապահին»։

Իսկ երեկ էլ առաջին անգամ խմբի հետ շուրջ 2 ժամանոց հանդիպում ունեցավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպումն ըստ երկրապահների «Ինչ հասցրինք՝ խոսեցինք»,- կեսկատակ այսպես բնութագրեց այս հանդիպումը ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Ահա քննարկված թեմաների ոչ ամբողջական ցանկը. կոնյակի խնդիր, ընտրական օրենսգիրք, Ղարաբաղի հիմնահարց, խորհրդարանում ընդունվող որոշումների համար քաղաքական պատասխանատվության խնդիր, որ անընդհատ «Երկրապահին» է ներկայացվում։ «Միաժամանակ, «Երկրապահը» չի կարող ամբողջությամբ պատասխանատվություն կրել կառավարության տնտեսական քաղաքականության համար։ Մենք դուրս ենք այդ տիրույթից, կառավարությունը որոշակի խնդիրներ է լուծում, մենք չենք մասնակցում այդ ամենին եւ պատասխանատվության իրացման ձեւ ու հնարավորություն էլ չունենք», Ալբերտ Բազեյանի այս խոսքերից դատելով՝ Ռոբերտ Քոչարյանին էլ երկրապահներն են նույն խնդիրը հասցեագրել, որը երկար տարիներ եւ ապարդյուն ՀՀՇ-ն էր փորձում Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով լուծել։

«Երկրապահ» խմբի ղեկավար Սմբատ Այվազյանը, որի հետ առանձին զրուցեցինք, նույնպես այս խնդրին անդրադարձավ. «Փորձեցինք պարզել, թե կառավարության հետ մեր համագործակցության խնդիրներն ինչ սկզբունքով են լուծվելու։ Կառավարությունը պիտի ինչ-որ նախագիծ բերի կամ այստեղ տեսակետ հայտնի եւ դրանից հետո՞ մեզ դիմի պաշտպանելու համար, թե պիտի միասին քննարկենք այդ ամենը, եւ եթե նրանք մեզ համոզեն իրենց տեսակետների ճշմարտացիության մեջ՝ նոր ԱԺ-ում կփորձենք պաշտպանել նրանց տեսակետը»։ Ալբերտ Բազեյանի ներկայացմամբ՝ փորձել էին նախագահի տեսակետները պարզել նաեւ պետական լրատվամիջոցների վերաբերյալ. «Եթե դրանք պետական են՝ պիտի որոշակի պատվե՞ր կատարեն, թե՞ ոչ։ Ասենք, «Հայաստանի Հանրապետութիւն»-ը հարցազրույց է տպում գիժ Գեւորիկի հետ եւ նրա միջոցով ինչ-որ բաներ է ասում՝ պետական լրատվամիջոցին դա թույլատրելի՞ է, թե՞ չէ»։

Մեր այն դիտողությանը, թե պատվեր չկատարելու համար միայն «ՀՀ»-ի՞ց են դժգոհ, թե՞ «ՌԱ»-ից եւ հեռուստատեսությունից էլ, Ալբերտ Բազեյանն արձագանքեց միայն այն մասով, որ հեռուստատեսության աշխատակիցները, ու նաեւ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց բողոքում, «բայց ԱԺ-ն բացարձակապես որեւէ լծակ չունի հեռուստատեսության խնդիրներին առնչվելու համար»։ Սմբատ Այվազյանը հայտնեց, թե հանդիպման նախաձեռնությունը համատեղ էր, երկկողմանի. «Նախագահն ասաց, որ ընտրություններից հետո մեծ ծավալի աշխատանքն էր պատճառը, որ որոշ բացթողումներ էին արձանագրվել ոչ միայն «Երկրապահի», այլեւ ընդհանրապես ԱԺ-ի հետ փոխհարաբերություններում»։ Սմբատ Այվազյանի պատմածներից հետաքրքրական էր նաեւ այս մեկը. «Նախագահը պարզորոշ հայտարարեց, որ եթե որեւէ արտառոց դեպք տեղի չունենա՝ ԱԺ-ն աշխատելու է մինչեւ իր ժամկետի ավարտը»։

Հանդիպումն ըստ Ռոբերտ Քոչարյանի

Հանրապետության նախագահին այս հանդիպման ժամանակ ընկերակցում էր պաշտպանության նախարար եւ «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Վազգեն Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանը դրական պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ «Երկրապահն» իր քաղաքական հենարանն է խորհրդարանում. «Ուղղակի հարաբերություններ ճշտելու եւ համագործակցության խնդիրներ կային»։ Կարեւորեց, որ առավել հաճախ հանդիպումներ լինեն (նաեւ վարչապետի ու կառավարության անդամների հետ), որ «մանր-մունր հարցերի պատճառով ճգնաժամային վիճակներ չստեղծվեն»։ Մենք նախնական տեղեկություններ ունեինք, որ «Երկրապահին» մաս կազմող որոշ գործարարներ պատրաստվում են մաքսային վարչության պետից իրենց դժգոհությունները նախագահին փոխանցել։

«Խոսքն ավելի շատ մարդկային վերաբերմունքի, փոխհարաբերությունների, ավելի մեծ խստությունների մասին էր, եւ ոչ թե անօրինականությունների։ Իմ միջամտության անհրաժեշտությունը երեւի իրոք կա»,- պարզաբանեց պրն Քոչարյանը։ Իսկ արդյոք մանր-մունր հարցերի՞ց են պետական լրատվամիջոցների նկատմամբ ԱԺ-ի հավակնությունները։ Նախագահը միայն ասաց, թե իր տեսակետն է բացատրել, որից հետո էլ հարցեր չեն եղել։ Եվ վերջապես՝ ամենաաղմկոտ տնտեսական գործարքի մասին։ «Կոնյակի գործարքն իրոք լավ գործարք է, լավագույններից մեկն է»,- առանց մանրամասնելու ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Սմբատ Այվազյանն, ի դեպ, «Առավոտի» թղթակցին ասել էր, թե նախագահին իրենք այս հուզիչ գործարքի միայն քաղաքական կողմի մասին էին հարցրել, այլ ոչ խնդրի տնտեսական կամ գումարային կողմի։ Այս տեսանկյունից խնդիրը կքննարկվի վարչապետի հետ «Երկրապահի» ակնկալելիք հանդիպման ժամանակ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930