Այսօր ԱԺ-ն քննարկելու է 1997-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարության գործունեության առնչությամբ ԱԺ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ նշված է, թե պետբյուջեի կատարումն իրականացվել էր օրենքի առանձին պահանջների անտեսմամբ, ցուցանիշների միջեւ տարբերություններ կան եւ այլն։ Անցած տարի մասնավորապես 110,6 տոկոսով գերակատարվել էին կառավարության աշխատակազմի ծախսերը, իսկ առողջապահության ծախսերը թերակատարվել էին 77,3 տոկոսով։
ԼԵԳԻՏԻՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն «Առավոտի» խնդրանքով պարզաբանումներ ներկայացրեց իր իրականացրած շինարարության մասին, որի ապօրինի բնույթը պնդել էին մի խումբ պատգամավորներ. «Ես թոռնիկի եմ սպասում։ Գիտեք, ձմեռն էլ հիմնականում խոհանոցում է մեր կյանքն անցնում։ Դրա հետ կապված մի փոքր, մի մետրի չափ փորձել եմ առաջ գնալ՝ ընդ որում, իմ սահմանների մեջ։ Եվ դրա վերաբերյալ ունեմ բոլոր թույլտվությունները եւ փաստաթղթերը։ Այնպես որ, կարող են գալ, նկարել, ստուգել… ինչ ուզում են թող անեն»։
ՎՆԱՍՎԵԼ ԵՆ «Ար»-Ի ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ
Կարդացեք նաև
Հունիսի 7-ին «Ար» հեռուստաօպերատորներ Մկրտիչ Մալխասյանին եւ Վիլեն Բատուրյանին հանձնարարվել է մեկնել Սարյան 8 հասցե, որտեղից, դատարանի վճռով, վտարվում էր «Ար»-ի աշխատակցուհու ընտանիքը։ Տեղում գտնվող ոստիկանները անբարեհամբույր են եղել լրագրողների նկատմամբ, որի հետեւանքով ջարդվել են տեսախցիկները։ Միջադեպից հետո «Ար»-ի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը զանգահարել է ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին եւ ստացել հավաստիացում, թե տեղի ունեցածի հիման վրա կհարուցվի քրեական գործ։ «Ար»-ի աղբյուրները նշում են, որ հեռուստաընկերությանը հասցված վնասը մոտավորապես 3000 դոլար է։