ԵՐԲ ԿԻՍԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՄՆԱ, ԿԿԻՍԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ՞Ն Մենք արդեն անդրադարձել ենք Երկաթգծի վարչության «Գուգարք» մանկական ճամբարի կռվախնձոր դարձած թեմային։ Ստիպված ենք կրկին անդրադառնալ, քանի որ գործողությունների ընթացքը ցույց է տալիս, թե ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Եւ այսպես՝ ո՞րն է խնդիրը։ Խնդիրն, ինչպես միշտ, երկու երես ունի։ Առաջին երեսը Լոռու մարզում, հիանալի բնության գրկում տեղավորված «Գուգարք» մանկական ճամբարն է։ Խնդրի երկրորդ երեսը Դաշնակցության քույր կառույց Հայ օգնության միությունն է։ Երկաթգծի համակարգում անհնար է գտնել մեկ աշխատող, որի երեխաներն ամենաքիչը երկու անգամ հանգստացած չլինեն «Գուգարք» ճամբարում։ Ճամբարը գործում է շուրջ 40 տարի, ունի հիանալի ավանդույթներ եւ հրաշալի դիրք։ Ի դեպ, ճամբարի աշխատողների վկայությամբ ՀՕՄ-ի ԿՎ-ի ատենապետուհի Վանուհի Իսաջանյանը, երբ առաջին անգամ տեսել է ճամբարը, հիացմունքով բացականչել է. «Իսկական դրախտ է»։ Հավանաբար, այս հիացմունքն է պատճառը, որ տիկնայք հօմուհիները ձգտում են ձեռք բերել հենց այս ճամբարը։ Ի դեպ, այս մասին Երկաթգծի վարչության եւ ճամբարի աշխատողներն իմանում են բոլորովին պատահաբար, եւ իրենց ճամբարի ապագայով մտահոգ, դիմում են համապատասխան քայլերի։ Տրանսպորտի նախարարությունում վարչության աշխատակիցները պարզում են, որ, իսկապես, տիկին Իսաջանյանը գրությունով խնդրել է «անվերադարձ» ՀՕՄ-ին նվիրել վերոհիշյալ ճամբարը։ Բարեբախտաբար, ՀՀ նախագահը միանգամից չի տալիս իր համաձայնությունը եւ առաջարկում է խնդիրը քննարկել համապատասխան նախարարությունում։ Ճամբարի ղեկավարությունը հույս ունի, որ պետության ղեկավարն այս հարցում ճիշտ մոտեցում կցուցաբերի եւ ճամբարը կթողնի իր 40 տարվա տիրոջը, մանավանդ այդ տերը՝ Երկաթգծի վարչությունը, ի զորու է պահել ճամբարը, ապահովել համապատասխան ֆինանսավորումը եւ իր աշխատողների երեխաների ամառային հանգիստը կազմակերպել։ Արդեն մի քանի օր է՝ ճամբարի առաջին հերթափոխը մեկնել է Գուգարք։ Երեխաները ճամբար մեկնեցին հատուկ գնացքով, որի վրա պաստառներ էին փակցված. «Մեր ճամբարը մեզ թողեք» եւ այլ կարգախոսներով։ Երկաթգծի վարչությունը նախազգուշական գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն այն մասին, որ եթե ճամբարի հարցը լուծվի հօգուտ ՀՕՄ-ի, ապա երկաթգծի աշխատողներն անժամկետ գործադուլի կկանգնեն։ Իսկ թե որքան աղմկահարույց կլինի երկաթգծի աշխատողների գործադուլը, դժվար չէ կռահել։ Կարծիքների բազմազանություն Կարծիք առաջին. «Գուգարք» մանկական ճամբար- Ճամբարը մերն է արդեն 40 տարի, մենք կարողանում ենք ճամբարը պահել, հիանալի ավանդույթներ ունենք։ Երկաթգծի աշխատողների երեխաները ամառային հանգստի այլ հնարավորություն չունեն ճամբարից բացի։ Եթե ՀՕՄ-ը ուզում է ճամբար ունենալ, ապա Վանաձորում կան բազմաթիվ ճամբարներ, ՀՕՄ-ը կարող է վերցնել դրանցից որեւէ մեկը եւ հրաշալի ճամբար սարքել։ Միշտ էլ հեշտ է որեւէ բան պատրաստի ունենալ։ Կարծիք երկրորդ. ՀՕՄ-ի ներկայացուցիչներ՝ Ալվարդ Պետրոսյան, Վանուհի Իսաջանյան.- Մենք մնայուն ծրագիր ունենք, տարիներ ի վեր իրագործում ենք այդ ծրագիրը, երկկողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպում։ Դա պարզ, սովորական միջոցառում չէ, 2-3 շաբաթյա, դա դաստիարակչական (նյութականից բացի) աշխատանք է։ Երեխաներին եւ նրանց ընտանիքներին առնվազն մի քանի ամսվա հնարավորություն ենք տալիս քիչ թե շատ բարելավել իրենց վիճակը, նաեւ Սփյուռքից բերվում են հատուկ բարեկեցիկ ընտանիքների 35-40 երեխաներ, որ նրանք կարողանան հայրենիքը ընկալել ոչ միայն որպես բանաստեղծություն, այլ նաեւ պատկերացնեն, թե ի՞նչ որբության, տառապանքների, զոհողությունների գնով է այդ ամենը պահվում։ ՀՕՄ-ի ԿՎ-ն որոշեց, որ այդ ծրագիրը պիտի շատ ավելի ընդարձակի, միայնակ ծերերին, աշխատանքի վետերաններին եւս հնարավորություն տրվի տարվա մեջ գոնե մեկ անգամ հանգստանալ, մի քիչ բարեկեցիկ օրեր անցկացնել։ Ճամբարը մենք այդպես ստացանք, որեւէ քաղաքական բան տեսնելը ճիշտ չէ։ – Այնուամենայնիվ, ճամբարն արդեն ստացե՞լ եք։ – Խոստացել են, որ կտան։ Կարծում ենք, պատմության մյուս մանրամասների մեջ առայժմ չարժե խորանալ։ Հարցը դեռեւս վերջնական լուծված չէ։ Ուզում ենք մտածել, որ եթե պետության ղեկավարները ճիշտ եւ անկողմնակալ տեղեկատվություն ստանան, ապա հարցը կլուծվի հօգուտ Երկաթգծի վարչության։ Օրեր առաջ մեր մի հրապարակման մեջ արդեն առիթ ունեցել ենք ՀՕՄ-ի ճամբար ունենալ-չունենալու մասին ասել մեր կարծիքը, ուստի, ավելորդ ենք համարում կրկնությունը։ Եթե որոշ հարցեր շարունակեն կողմնակալ լուծում ունենալ, ապա ի վերջո կարելի է հայտնի ֆիլմի պես «փաթաթել նաեւ այս ինքնաթիռը», ինչպես այս դեպքում փորձ է արվում «փաթաթել այս ճամբարը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ