Այսօր տեղի կունենա էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանի դստեր հարսանիքը։ Այն տեղի է ունենալու Պտղնիի ձորում գտնվող, նախարարին պատկանող «Օազիս» ռեստորանում։ Հայտնի չէ միայն՝ էներգետիկայի համակարգում վերջին ձերբակալությունները հաշվի առնելով, արդյո՞ք, բոլոր նոմենկլատուրային հրավիրյալները կմասնակցեն այդ միջոցառմանը։
ԽՈՍՏԱՑԱՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ
ԱԺ մի խումբ պատգամավորներ ցանկացան, որ «Առավոտը» տեղեկատվություն հրապարակի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի կողմից իրականացվող ապօրինի շինարարության մասին, որն արվում է մեր խորհրդարանի խոսնակի տան անմիջապես հարեւանությամբ։ Խոստացան, որ լուսանկարներ էլ կտրամադրեն։ Իրենց այս վարքը պատգամավորների այդ խումբը բացատրեց նրանով, որ «Խոսրովը կոնյակի գործարանի հաշվով սխալ է վարվում»։
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ ՈՒ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Կարդացեք նաև
«Ես շատ եմ հարգում Սիլվա Կապուտիկյանին։ Մանկուց սիրել եմ Սիլվա Կապուտիկյանին եւ անգիրներ եմ արել։ Մինչեւ հիմա հիշում եմ։ Էրեխուս էլ եմ Սիլվա Կապուտիկյանով վարակում։ Նա իմ կողմից մեծագույն հայ կին է ճանաչված, եւ նրան շատ եմ հարգում։ Մոր խոսքե՜րը… Սիլվա Կապուտիկյանի՜։ Բայց, դե, եկեք ճիշտ հասկանանք ու չխորանանք՝ սեփականաշնորհումը ճիշտ է, սխալ է»,– ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը, երբ խոսք բացվեց կոնյակի գործարանի սեփականաշնորհման եւ այդ առիթով Սիլվա Կապուտիկյանի արտահայտած կարծիքի վերաբերյալ։ Կարդացեք էջ 6։