Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Հունիս 06,1998 18:36
Armen Shekoyan

Հայ լինելը ինքնին գաղափար է։ 

ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Միշտ չէ, որ ազգային գաղափարը հայոց մեջ ներդաշնակել է պետություն հասկացողությանը, քանզի ազգային գաղափարներ ու նկրտումներ միշտ ունեցել ենք, իսկ պետություն, առավել եւս ազգային՝ ոչ միշտ։
Մենք, դարեր շարունակ պետություն չունենալով եւ հաճախ նաեւ հաշտվելով այդ իրողության հետ, ընդարմանալով՝ երբեմն նույնիսկ չենք ըմբռնել եւ ըմբռնում մեր՝ պետություն ունենալու փաստը։ Երբեմն էլ այնքան խորունկ ենք ըմբռնում, որ գերագույն հաճույքով ու գերագույն բծախնդրությամբ սկսում ենք համարակալել մեր ունեցած պետությունները։
Ստացվում է, որ մենք, դարեր շարունակ պետություն չունենալով հանդերձ, 20-րդ դարում ունեցանք միանգամից երեք հայկական հանրապետություններ՝ Առաջին, Երկրորդ եւ Երրորդ։
Եթե ճիշտ է, որ այդ երեքն էլ հայոց հանրապետություններն են, ապա ո՞վ է մեզ ստիպում դրանք համարակալել։ Ինչո՞ւ ենք համարակալում։
Եթե կյանքը եւ հայոց տվյալ պահի շահը պահանջեց, որ 1918-1920թթ. Հանրապետությունը դաշնակցությունը զիջեր բոլշեւիկ հայերին, եւ եթե հայոց անվտանգության շահերը պահանջեցին, որ հաջորդ հանրապետությունը յոթ տասնյակ տարի շարունակ կոչվեր Սովետական Սոցիալիստական, ապա պարտադի՞ր է, որ տվյալ երկու հանրապետություններն այսօր խստորեն հակադրենք իրար։ Եվ ինչո՞ւ ենք մենք մեր այսօրվա Հանրապետությունն անվանում Երրորդ, երբ, փաստորեն, ընդամենը սահմանադրական ճանապարհով, ինչպես եւ այս տարի, իշխանությունների փոփոխություն տեղի ունեցավ եւ Անկախության հանրաքվեով մենք կամավոր առանձնացանք ԽՍՀՄ մյուս ժողովուրդներից, որոնց հետ կապված նույնպես շահեր ունեինք եւ այսօր էլ ունենք։ Դրոշը, Սահմանադրությունը, զինանշանն ու օրհներգը, ճիշտ է, փոխվեցին, եւ փոխվեց նաեւ Հանրապետության անվանումը, բայց դրանք բավարար պայմաններ չէին, որպեսզի արմատապես խաթարեինք մեր ժառանգականությունը։ Ի՞նչ է, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մեր տնտեսությունը տանել սոցիալիստական հունով եւ կամ փոխի Սահմանադրությունը, ուրեմն այս դեպքում էլ մենք մեզ պետք է անվանենք Չորրո՞րդ Հանրապետություն։
Եթե Սովետական Հայաստանը ՄԱԿ-ում ձայն չուներ եւ առանձին վերցված չէր ճանաչված աշխարհի պետությունների կողմից, դա դեռեւս չի նշանակում, որ նա պիտի ընդգծված կերպով օտարվի այսօրվա Հայաստանից։ Չէ՞ որ Արցախն էլ դեռեւս այլ պետությունների կողմից ճանաչված չէ, բայց մի օր կճանաչվի։ Ինչ վերաբերում է անկախությանը, ապա չենք կարծում, թե Առաջին կամ Երրորդ հանրապետություններն անկախությամբ կամ ինքնիշխանությամբ շատ ավելի են փայլել, քան՝ Երկրորդը։ Սա, իհարկե, վիճելի հարց է, եւ մեր նպատակը բնավ վեճ առաջացնելը չէ, այլ՝ միասնաբար մեկ ընդհանուր եզրակացության գալը, քանզի չենք կարծում, թե Երրորդ Հանրապետությունը Երկրորդից օտարեցին զուտ այն նպատակով, որ խնայդրամարկղերում ժողովրդի փոշիացած փողերի վերականգնման պատասխանատվությունը հետագայում որեւէ մեկը չկրեր։
Քսաներորդ դարի հայոց երեք պետությունները միասնական մեկ շղթայի եւ պետականության իմաստով մեկ ամբողջության մեջ տեսնելու անհրաժեշտությունը ծագում է մեր եւ այլոց աչքին հայոց եռյակ պետությունները պերմանենտ հեղափոխությունների արդյունք չներկայացնելու մեր կարծիքով արժանապատիվ ցանկությունից։ Մանավանդ որ՝ Երկրորդ Հանրապետության մեր հազարավոր համայնավարները մեծ հաջողությամբ եւ առանց հոգեբանական բարդույթների ինտեգրվեցին Երրորդ Հանրապետության ծնունդ զանազան կուսակցությունների եւ զանազան կառավարությունների ցուցակներում, շատ հաճախ նաեւ՝ այդ ցուցակների վերնամասերում։
Զավեշտականն այն է, որ մեր Երկրորդ Հանրապետությունն ավելի հաճախակի ծաղրի ենթարկողների մեծ մասը հենց նախկին համայնավարներն են։ Եվ առավել զավեշտական է, երբ երբեւէ կոմունիստ չեղած մեկը երբեւէ կոմունիստ եղած մեկին դժվարությամբ փորձում է համոզել, որ Խորհրդային Հայաստանը նույնպես մեր երկիրն է եղել։
Գաղափարական առումով, իհարկե, հայոց պետականության այս երեք հանգրվաններում սահմանազատումներ եղել են, սակայն, կրկնում ենք, ցանկալի չէ, որ գաղափարականությունը հիմք հանդիսանա՝ կոպտորեն կոտորակելու 80-ամյա մեր վերջին պետականության բարդագույն, բայց եւ ժառանգական շղթան։ Մանավանդ որ՝ պատմության բարի կատակ անվանենք, թե՝ այլ կերպ, բայց փաստ է, որ ԽՍՀՄ հանրապետությունները դարավերջին միանգամայն սահմանադրորեն ինքնորոշվեցին եւ դա նրանց հաջողվեց առաջին իսկ փորձով։
Վերջիվերջո, պետությունը նույնպես, ինչպես եւ մարդը, իր գաղափարներն իրավունք ունի երբեմն փոխել՝ իր շարունակականությունն ու ժառանգականությունը պահպանելով։ Մանավանդ որ՝ մեր դեպքում գաղափարական փոփոխությունները միշտ էլ տեղի են ունեցել համաշխարհային հզոր ուժերի որոշակի ճնշման տակ։ Եվ հայ մարդն այս գործընթացներն ամենից ճշգրիտն է զգում (միգուցե բնազդով), եւ մեծավ մասամբ այդ զգացողության շարունակական գոյության շնորհիվ է, որ հայոց մեջ երբեւէ լայնամասշտաբ քաղաքացիական կռիվներ տեղի չեն ունեցել։
Եվ մեր ժողովուրդը, որ իր հավաքական առողջ բնազդներով հանդուրժել է ինտերնացիոնալիստներին ու դեմոկրատներին, երիցս կհանդուրժի նաեւ ազգայիններին, եթե, իհարկե, զգա, որ դրան կտրականապես դեմ չեն, ասենք, Ռուսաստանն ու այլ հզորներ։ Մինչեւ իսկ մեր ամենաազգային համարում ունեցող կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, միշտ չէ, որ իրեն նետել է առաջին պլան եւ, ժամանակ առ ժամանակ զգալով հետին պլանում լինելու եւ մնալու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, հենց այդպես էլ վարվել է։ Սա նույնպես որոշակի առողջ բնազդների մասին է խոսում, քանզի մենք բավական փոքր ածու ենք, որպեսզի համաշխարհային «մեծ» իդեաների գծով (դրանց հակադրվելով կամ հանուն դրանց պայքարելով) մեծաքանակ զոհեր մատուցենք։
Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր նախավերջին եւ վերջին «հեղաշրջումները» թավշի փափկություն ունեին, ու նաեւ այդ գիտակցության (ենթագիտակցությա՞ն) շնորհիվ է, որ մերոնք իրար իշխանություն են տալիս (կամ՝ իրարից իշխանություն են խլում) էստաֆետային փոխանցումավազքի վազորդների թեթեւությամբ՝ վատագույն դեպքում ընդամենը մի քանի գլուխներ ջարդելով։
Չմոռանանք, իհարկե, որ մենք դարիս երկու հեղափոխությունների համար էլ առաջնակարգ դոնոր ենք հանդիսացել, սակայն, մեզ վրա զգալով փորձության առաջին իսկ ալիքները, հնարավորին չափ հետ ենք քաշվել՝ վերստին գնահատելով ու վերագնահատելով մեր իսկ արյունը։
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930