Լրահոս
Օրվա լրահոսը

Ахмед, разберись с таможней!

Հունիս 05,1998 00:00
Artashes Baxshyan

Երջանիկ Աբգարյանին Մաքսային վարչության պետի պաշտոնից ազատելուց հետո տրամաբանական էր սպասել կադրերի «արհեստավարժեցման» գործընթաց։ Սակայն նոր ղեկավարությունը, պրն Մակարյանի գլխավորությամբ, ըստ երեւույթին որդեգրել է կադրային այլ քաղաքականություն. մի կողմից «արմատական» աշխատակիցներն ազատվում են աշխատանքից, մյուս կողմից՝ թափուր տեղերի համար մրցույթներ են հայտարարվում։ Հարցը պարզելու համար դիմեցինք մաքսային վարչության պետին, սակայն, ինչպես որ դա սովորաբար լինում է՝ «կրակն իր վրա վերցրեց» նրա տեղակալ պրն Արտաշես Բախշյանը։ Մեր խոսակցությունն սկսվեց Մաքսային վարչության համակարգում վերջերս առաջացած թափուր տեղերի վերաբերյալ հարցից։

– Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում նոր չվերթեր են բացվել եւ համապատասխանաբար մաքսային կետում 3-րդ հերթափոխի անհրաժեշտությունն առաջացավ։ Մենք հայտ ստացանք 100 նոր տեղերի համար։ 320 դիմորդներից ընտրվեցին 110-ը, որոնցից, իրենց հերթին, մրցույթով անցան 29 հոգի, տարբեր մասնագիտությունների տեր, այդ թվում նաեւ՝ բիզնեսմեններ։ Նրանք ուսումնառություն են անցնելու մեր վարչությանը կից ուսումնական կենտրոնում։

– Բիզնեսմեններ մաքսային համակարգո՞ւմ։ Արդյոք նրանք վտանգ չե՞ն ներկայացնում, քանի որ գիտեն բոլոր զարտուղի ճանապարհները։

– Իրավացի եք։ Սակայն նրանք միանգամից չէ, որ ստանալու են մաքսային ստուգումների իրավունքն արտոնող վկայագիր։ Դա տեղի կունենա եռամսյա փորձաշրջանից հետո։

– Դուք խոսեցիք «Զվարթնոց» օդանավակայնում կադրերի պակասի մասին։ Արդյո՞ք նման խնդիր կա նաեւ բուն վարչության ներսում։

– Վարչության ներսում նման խնդիր չկա։ Ավելին, տեղի է ունենում կադրերի կրճատում, որը պայմանավորված է կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային բարեփոխումներում։ Մենք ընդլայնում ենք վերստուգիչ, մաքսանենգության դեմ պայքարի եւ տեսչական բաժինները։ Մասնագետների որակի հաշվին մենք կրճատում ենք նաեւ մեթոդական բաժինը, քանի որ մեկ արհեստավարժը կարող է մի քանի հոգու աշխատանք կատարել։

– Քանի՞ աշխատող է հեռացվել ձեր վարչությունից վերջին երեք ամսվա ընթացքում։

– Որքան հասկանում եմ, ձեզ հետաքրքրում է պրն Մակարյանի ղեկավարության շրջանը։ Այս ժամանակահատվածում հեռացվել են ՄՎ նախկին պետի երեք տեղակալները, գլխավոր հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, իրավաբանը, երկու անգամ հեռացվել է տեսչական բաժնի պետը։

– Ինչո՞ւմ է նրանց հեռացման պատճառը։

– Մեր իրավաբանը գտավ պրոֆեսիոնալ առումով ավելի հարմար աշխատանք, հաշվապահը նույնպես հեռացավ՝ սեփական դիմումի համաձայն։ Ինչ վերաբերում է Արարատի ռեգիոնալ մաքսատան պետին, ապա այնտեղ վերականգնվեց հին ղեկավարը, որը, որոշ ժամանակ անց, նույնպես հեռացավ սեփական դիմումի համաձայն։ Այդ ամենը չի կարելի դիտել որպես կադրային ջարդ։ Մաքսատունը բարդ կառուցվածք է, որը, կրկնում եմ, մասնագետների կարիք ունի։

– Պրն Բախշյան, կարելի՞ է իմանալ, թե ինչի՞ համար են ձերբակալվել եւ այնուհետեւ աշխատանքից հեռացվել Գուգարքի ռեգիոնալ մաքսատան աշխատակիցները։

– Դրա մասին հարցրեք ՆԳ եւ ԱԱ նախարարությանը։ Դա իրենց իրավասությունն է։ Անձամբ ես, վստահ չեմ, որ նրանք ձերբակալված են։ Խնդրում եմ ընդգծել իմ այս ենթադրությունը։

– Վերադառնանք մասնագետների պակասի խնդրին։ Նույն Արարատի ռեգիոնալ մաքսատանն աշխատում էր հայտնի մասնագետ, հարկադիր վճարումների բաժնի վարիչ Գագիկ Այվազյանը, որի կարծիքի հետ հաշվի էին նստում բոլորը։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում նման մասնագետները լքել են մաքսային վարչությունը։

– Իմ խոսքերը, մասնագետների պակասի մասին, հիմնականում վերաբերում են ռեգիոնալ մաքսատների պետերին։ Մաքսատան պետը եւ սովորական մաքսավորը բացարձակապես տարբեր հասկացություններ են։ Առաջինը կազմակերպիչ մենեջեր է, երկրորդը՝ կատարող, օրենքի պաշտպան։ Այնպես որ, փորձառու մաքսավորը, հնարավոր է չկարողանա աշխատել, նույնիսկ, որպես հերթափոխի պետ: Քանի որ այս հարցազրույցի ժամանակ Մաքսային վարչությունում տեղի էր ունենում կադրերի որակավորման գործընթաց, մենք որոշեցինք բազմակետ դնել այս խոսակցության վերջում եւ շարունակել այն, երբ որակավորումից հետո կադրային քաղաքականության պատկերն ավելի հստակ կլինի։ Սակայն իմ այցելությունից հետո, պրն Բախշյանը կասկածի մեջ ընկավ, արդյո՞ք ես լրագրող եմ, թե՞ ոչ, իսկ կասկածները փարատելուց հետո, սկսեց կիրառել՝ «վաղը, մյուս օրը եկեք» հայտնի մեթոդները։ Ուստի ներկայացնում եմ մեր խոսակցության ձայնագրության վերծանությունը, ինչպես նաեւ՝ իմ ձեռքի տակ եղած փաստերը.

1. Հիշատակված մրցույթն անցած 29 մարդկանցից 3-ը քաղաքապետարանի ներկայացուցիչներ են, իսկ մնացած մեծ մասը առեւտրի ոլորտի աշխատակիցներ։ Զուգահեռաբար նշենք, որ պրն Բախշյանը նույնպես քաղաքապետարանից է, իսկ նրա պետ պրն Մակարյանը «Արմինտորգի» տնօրենն էր։

2. Ներքին անվտանգության պետի պաշտոնում է նշանակվել Արամ Ղազարյանը, նույն քաղաքապետարանի սոցիալական բաժնից։

3. Վարչության աշխատակիցների որակավորումը պետք է կայանար, ըստ հրամանի, հունիսի 10-15-ը։ Սակայն, հետո դուրս է եկել մի նոր հրաման, որն անհայտ է մնացել նույնիսկ ՄՎ լրատվական ծառայության համար, ըստ որի, որակավորումն անցկացվել է մայիսի 25-ից։

4. Հունիսի 1-ի դրությամբ որակավորումն անց էր կացվում առանց հարցարանների, առանց արձանագրության, իսկ բնութագրերը տրվում էին հետին թվով։ Հիշեցնեմ, որ ըստ օրենքի բնութագիր կարող են տալ մարդիկ, որոնք ճանաչում են բնութագրվողին առնվազն 6 ամիս։ Առայժմ այսքանը։ Վստահ եմ, որ այս պատմությունը իր շարունակությունն ու զարգացումը կունենա։

ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930