Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հունիս 05,1998 00:00
gugarq

Այս տեղում լինելու էր հրապարակում այն մասին, թե ինչպես տասնամյակներ շարունակ Երկաթգծի վարչության ենթակայության տակ գտնվող պիոներական ճամբարը պետք է սկուտեղի վրա մատուցվեր Հայ օգնության միությանը։ Խմբագրություն ահազանգող տիկինը խիստ վրդովված էր, վիրավորված եւ, իր ասելով, եթե հանկարծ ՀՀ նախագահն իրոք այդ նվերն անի ՀՕՄ-ին, ապա երկաթգծի աշխատակիցները պատրաստ են անժամկետ գործադուլ հայտարարել։ Հետեւողական աշխատանքի իր ոճին հավատարիմ, խմբագրությունն անմիջապես պատրաստակամություն հայտնեց ապահովել խնդրի հրապարակայնությունը։ Այդ մասին տրվեց նախալուր (ՈվՏվր)՝ «Գուգարքի պիոներական ճամբար. պատանի կոմունիստներին փոխարինելու են պատանի դաշնակները»։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում մեր կյանքում, շաբաթն ավելի շուտ եկավ…

Հարցերը լուծելու հայկական տարբերակն այս անգամ էլ գործեց անխափան։ Խմբագրություն զանգահարեց ճամբարի աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցը եւ խնդրեց ներել իրենց շտապողականությունը։ Խմբագրություն ահազանգելուց հետո, ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հօգուտ «Գուգարք» ճամբարի այսօրվա տերերի եւ հունիսի 6-ին ճամբարային առաջին հերթափոխը կմեկնի ամառային հանգստի։ Իսկ եթե հանկարծ ձեռք բերված պայմանավորվածությունը չկայանար, ապա Երկաթգծի վարչությունը եւ ճամբարի աշխատակիցները պատրաստ են պայքարել։ Տիկնոջ ասելով, առայժմ հրապարակում պետք չէ, քանզի հնարավոր է այն խանգարի իրենց այս պահին։

Այնուամենայնիվ, մեր կարծիքն այս մասին հարկ ենք համարում հրապարակել ոչ թե խանգարելու, այլ՝ օգնելու միտումով։ Նախ՝ իհարկե, կարելի է եւ պետք է, որ մանկական հանգստի օջախները տեր ունենան։ Սակայն՝ ոչ ուրիշ տիրոջ հաշվին։ Եթե հարկավոր է, որ ՀՕՄ-ն էլ մանկական ճամբար ունենա, ապա Հայաստանում այնքան անտեր եւ անխնամ ճամբարներ եւ տարածքներ կան։ Ինչո՞ւ չնվիրել դրանցից մեկն ու մեկը։ Եվ ՀՕՄ-ը կունենա ինչ ուզում է, ե՛ւ մի անխնամ ճամբար (կամ տարածք) կխնամվի ե՛ւ կծաղկի, ե՛ւ ավելի մեծ թվով երեխաներ հանգստի հնարավորություն կունենան։ Իսկ ենթադրյալ վեճի առարկա ճամբարը տասնամյակների պատմություն ունի։ Հրաշալի պայմաններ, բարի ավանդույթներ։ Մի կողմից՝ պատրաստի նվեր ստանալն, իհարկե, ավելի լավ է, քան կիսատ-պռատը, սակայն մյուս կողմից էլ՝ տերովին տերն է տարել…

Խմբագրությունը ուշադիր կլինի այս հարցում եւ կարձագանքի իրադարձությունների ընթացքին։ Ի վերջո, բոլոր կազմակերպությունները՝ պիոներական, դաշնակցական եւ այլն, անցողիկ են, մնայունը երեխաներն են: Եվ հանուն նրանց շահերի արժե մի շատ լավ կռիվ տալ։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930