Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտրակ եւ բլի՞թ, թե՞ սառույցն իսկապես շարժվեց

Հունիս 05,1998 00:00
eahk

ԵԱՀԿ համանախագահների՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում, ինչպես հայտնի է, միջնորդները ծանոթացել են կողմերի դիրքորոշումներին եւ առանձնապես ցանկություն չեն հայտնել փոփոխություններ կատարել առաջարկների այն փաթեթում, որը ժամանակին որպես բանակցությունների հիմք ընդունել էր Հայաստանը եւ մերժել Ղարաբաղը։ Ավելին՝ եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին, ապա Բաքվում նրանք հայտարարել են, թե առաջարկներում փոփոխություններ չեն լինի։ Թերեւս անուղղակիորեն այս մասին են վկայում նաեւ այն տեղեկությունները, թե վերջերս բավականին կոշտ խոսակցություն է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ, որի ընթացքում որոշակի ճնշում է գործադրվել հայկական կողմի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման ծրագիրն ընդունելու նպատակով։ Բայց ահա մայիսի 30-ին Բեյրութում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, թե ընդունում է հայկական կողմի՝ ղարաբաղյան խնդրի փաթեթային տարբերակով լուծման պահանջը։

Դրանից ընդամենը երկու օր առաջ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր բանաձեւ հայկական ցեղասպանության մասին, ինչը դժգոհության բուռն ալիք էր առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Ադրբեջանում։ Միմյանց հետ կապ ունե՞ն արդյոք այս երկու իրադարձությունները։ Հնարավոր են մի քանի տարբերակներ։

Առաջին՝ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է սեպտեմբերի 21-ին այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է այցի համար բարենպաստ ֆոն ստեղծել։ Բանն այն է, որ իրականում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձեւը դեռ պետք է հաստատվի Սենատում եւ վավերացվի նախագահի կողմից, ինչը, մեծ հավանականությամբ, տեղի չի ունենա։ Ինչ վերաբերում է փաթեթային տարբերակի ընդունմանը, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը որքանո՞վ կազդի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի միջնորդական գործունեության վրա։ Շատ հավանական է, որ ընդհանրապես չի ազդի (մանավանդ, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակեն պնդել իրենց տեսակետները)։

Տարբերակ երկրորդ։ Ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի Մինսկի խմբի որդեգրած եւ, ցավոք, առայժմ անփոփոխ սկզբունքների հետ։ Այս մասին բաց տեքստով ասաց արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնակատար (պարզ ասած՝ Եվրամիության արտգործնախարար) պրն Հանս վան դեն Բրոկը՝ եւս մեկ անգամ շեշտելով, թե Եվրամիությունը պաշտպանում է Անդրկովկասի երկրների տարածքային ամբողջականությունը։ Եթե դա այդպես է, ապա պետք է զգուշանալ, քանի որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի զուգակցումը ղարաբաղյան հարցում կարծր դիրքորոշման հետ շատ է հիշեցնում մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունը։ Եվ մի՞թե հետագայում Հայաստանը բարոյական իրավունք կունենա Ֆրանսիային մեղադրել ղարաբաղյան հարցում հակահայ դիրքորոշման մեջ, որքան էլ ակնհայտ լինի, որ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքների կարծրությունն անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական կողմի դիրքորոշման կարծրացման եւ արդյունքում՝ ռազմական գործողությունների վերսկսման ու նոր զոհերի։

Տարբերակ երրորդ։ Հնարավոր է, որ իսկապես «սառույցը շարժվեց», եւ միջազգային հանրությունը, համոզվելով, որ հայկական կողմը չի համակերպվի լիսաբոնյան սկզբունքներով խնդրի կարգավորմանը, փորձում է իսկապես բանակցությունները վերսկսել զրոյից՝ առանց նախապայմանների (ինչպես պնդում են Հայաստանն ու Ղարաբաղը)։ Պարզ է, որ այդ դեպքում առաջին քայլը պետք է աներ Ֆրանսիան, որը Մինսկի խմբի երեք համանախագահների մեջ ընկալվում է որպես համեմատաբար չեզոքը։ Եթե դա այդպես է, ապա ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ֆրանսիայի քայլը կարող է ընկալվել որպես հարկադրանք Թուրքիային՝ չեզոք դիրք գրավել ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքում։ Սա, իհարկե, կլիներ լավագույն տարբերակը։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930