Մամուլում արդեն եղել են հրապարակումներ, թե Կարեն Դեմիրճյանը ստեղծել է կազմակերպություն, որը կոչվելու է Հայաստանի ժողովրդական կուսակցություն։ Ասենք, որ Հայաստան բառն օգտագործելն արտոնելու համար կառավարությունը հատուկ վճիռ պետք է ընդունի եւ դրանից հետո էլ դիմող սուբյեկտը, եթե համաձայնությունը ստանա, պետք է կլորիկ գումարներ մուծի։ Թերթային հրապարակումների հետ մեկտեղ, բնական է, որ տարբեր կարգի ու բնույթի խոսքուզրույց է ծայր առնում, մանավանդ, որ խոսքն ամենեւին էլ պատահական մեկին չէ, որ վերաբերում է։ Ասենք, արդեն խոսում են, թե Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունն ունենալու է իր պաշտոնաթերթը, որի նախահաշիվն արդեն իսկ ներկայացված է կուսակցության նախագահին։
Մեկ այլ աղբյուր հայտնում է, թե հարմար տարածք է որոնվում, որը կհատկացվի կուսակցությանը։ Կա նաեւ Ժողովրդական կուսակցության կառուցվածքին վերաբերող չստուգված տեղեկատվություն, թե այն ունենալու է շուրջ երկու տասնյակ մարդուց բաղկացած վարչություն կամ նախագահություն։ Էլի այսպիսի մի շարք տեղեկություններ, որոնք որոշ մասով լրացնում են վերոնշյալը, որոշ մասով էլ նոր տեղեկատվություն հաղորդում։ Սակայն դրանց իսկության մասին դեռեւս որեւէ հստակ բան հնարավոր չէ ասել, որովհետեւ նույն ինքը՝ Կարեն Դեմիրճյանը, խնդրո առարկայի շուրջ պարզաբանումները հարկ է համարում դեռեւս հետաձգել։
Հունիսի 3-ին «Առավոտի» թղթակիցը հանդիպեց նրան։ Կարեն Սերոբիչը, իրոք, հաստատեց, որ ստեղծում է կուսակցություն՝ Ժողովրդական անվամբ, սակայն ավելին ասել չցանկացավ՝ ամեն ինչ իր ժամանակին։ Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը։ Պրն Դեմիրճյանն, ինչպես միշտ, տվեց այն պատասխանը, որն իրական պատասխանի բացակայությամբ անգամ, սպառում է բոլոր հարցերը. «Երբ որ համապատասխան կարգով կուսակցությունը գրանցվի, այն ժամանակ էլ կխոսենք բոլոր հարցերի մասին»։ Այս է ողջը։ Ասենք նաեւ, որ ըստ «Առավոտ» հասած լուրերի, հակառակ մամուլի հրապարակումների, Ժողովրդական կուսակցության գրանցման համար համապատասխան մարմիններին դիմում է ներկայացվել ոչ թե նախորդած շաբաթներում, այլ ընդամենը հունիսի 1-ին կամ 2-ին։ Մեկ հարց եւս. այսօր կան բազմաթիվ հրատապ թեմաներ, որոնք հասարակական մեծ հնչեղություն են ձեռք բերել։ Զորօրինակ՝ կոնյակի գործարանի խնդիրը։ Մեր հարցին, թե գործարանի սեփականաշնորհման հարցում ինչպիսի՞ն է հանրապետության նախկին ղեկավարի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց շատ հակիրճ. «Կատեգորիկ դեմ եմ, դա սխալ է»։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ, 05.06.1998թ.