Քանի դեռ այս հողի վրա դատն ու դատարանը անկախ չեն եւ պատրաստակամ են հրահանգներ կատարել, ուրեմն ավելորդ է խոսել օրենքի, օրինականության, առավել եւս անաչառության եւ բարոյականության մասին։
Երեկ Էրեբունիի շրջանի ժողդատարանում ավարտվեց պրոֆեսոր Անանյան-բժշկական համալսարան բազմաչարչար գործի դատավարությունը։ Սկսենք վերջից եւ արձանագրենք, որ դատարանը (ժողդատավոր Լյովա Սիմոնյան) մերժեց պրոֆ. Անանյանի հայցը՝ բժշկական համալսարանի թվով 10 հրամանները անօրինական ճանաչելու վերաբերյալ։
Թերթը բազմիցս անդրադարձել է այս կնճռոտ խնդրին եւ հարցի մասին ունի իր կոնկրետ տեսակետը։ Մեր նախորդ հրապարակումներում զարմանք էինք հայտնել, որ հանրապետության լրատվական միջոցներից ոչ մեկը կարծես թե չի պաշտպանում բժշկական համալսարանի շահերը։ Մինչդեռ, ե՛ւ պաշտոնական («ՀՀ»), ե՛ւ ընդդիմադիր («Այժմ»), ե՛ւ անկախ («Առավոտ») թերթերը արդեն ամիսներ շարունակ պաշտպանում են պրոֆ. Անանյանի շահերը։ Այս հարցի մասին բժշկական համալսարանն ունի իր բացատրությունը, սակայն թերթը, որպես 4-րդ իշխանություն, մերժում է այն եւ հարկ է համարում հիշեցնել, որ ոչինչ մնայուն չէ, ուստի հնարավոր է, որոշ ժամանակ անց հարգարժան պրոֆեսորի դերում հայտնվի նաեւ մեկը նրանցից։ Ընդհանրապես 4-րդ իշխանությունը հակված է պաշտպանել նրանց շահերը, ում իրավունքները ոտնահարվում են՝ այս դեպքում մարդկային, աշխատանքային եւ մասնագիտական։ Իսկ պրոֆ. Անանյանի նկատմամբ սկսված հայահալած քաղաքականությունը, ըստ պրոֆեսորի, սկսվեց այն պահից, երբ վերջինս հրաժարվեց պատվեր կատարել եւ երկու ուսանողի չնշանակեց վերադասից պահանջվող գնահատականը։
Դատավարության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա համարում, իսկ մինչ այդ ասենք, որ այս անգամ, ի տարբերություն երկու դատական նիստերի, համալսարանի կողմը ներկա էր գրեթե ամբողջ կազմով՝ մի քանի պրոռեկտոր, մի քանի դեկան, ուսանողներ։ 8-րդ հիվանդանոցի կողմից եւս քիչ թվով մարդիկ չէին եկել։ Կարելի է ենթադրել, թե երեկ բժշկական համալսարանում դասալքման համատարած օր էր։ Հետաքրքիր է, թե 15 քույրերի՝ փետրվարին հայտարարած գործադուլը դատապարտողները ի՞նչ գնահատական կտան ապօրինի դասալքման այս իրողությանը։ Դատական նիստին երեկ ներկա էր նաեւ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Հովհաննես Ասրյանը։
Դատարանի վճիռն ակնհայտորեն լուրջ ճնշման արդյունք էր։ Թե ո՞վ եւ ինչո՞ւ է շահագրգռված ՀՀ քաղաքացու, դիմածնոտային ասպարեզում հավասարը չունեցող մասնագետի, հմուտ մանկավարժի հետեւողական հալածման հարցում, դժվար է ասել, թեպետ, պրոֆ. Անանյանը դատարանի դահլիճում հնչեցրեց այն միտքը, թե այս ամենը կազմակերպվում է իշխանության վերին էշելոնում։
Հարցն այսպես սրելը եւ հետեւողականորեն ներկայացնելը մի նպատակ ունի՝ որ վերջապես օրենքն ու օրինականությունը կայանան այս երկրում, որ պետական բարձր ատյաններում լսեն 4-րդ իշխանության ձայնը նույնպես, եւ որ պետության քաղաքականության գլխավոր նպատակը դառնա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու քաղաքացիական, մարդկային իրավունքների պաշտպանությունը։
Ամեն դեպքում, թեպետ ցավալի, բայց զարմանալի չէ դատարանի վճիռը, քանի որ, նույն այդ դատարանը (նկատի ունեմ հանրապետության դատարանն ընդհանրապես) ամիսներ եւ տարիներ շարունակ հայտնի գործերի առնչությամբ («Վահան Հովհաննիսյան + 30» եւ «Դրո») փորձում էր «ապացուցել», որ մեղադրվող կողմը իրոք մեղավոր է։ Սակայն հայտնի «հրաշքից» հետո, մեկ գրչի հարվածով, նույն դատարանը իր իսկ կողմից կայացրած վճիռը համարեց անվավեր՝ «իրադարձությունների փոփոխության հետեւանքով»։ Հավանաբար, մի նոր «իրադարձությունների փոփոխություն» է հարկավոր, որ դատարանը ժամանակ առ ժամանակ ճիշտ որոշում կայացնի։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ