Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄԱ, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ՝ ՀԵՏՈ

Հունիս 05,1998 15:43
hjk

Մամուլում արդեն եղել են հրապարակումներ, թե Կարեն Դեմիրճյանը ստեղծել է կազմակերպություն, որը կոչվելու է Հայաստանի ժողովրդական կուսակցություն։

Ասենք, որ Հայաստան բառն օգտագործելն արտոնելու համար կառավարությունը հատուկ վճիռ պետք է ընդունի, եւ դրանից հետո էլ դիմող սուբյեկտը, եթե համաձայնությունը ստանա, պետք է կլորիկ գումարներ մուծի։ Թերթային հրապարակումների հետ մեկտեղ, բնական է, որ տարբեր կարգի ու բնույթի խոսքուզրույց է ծայր առնում, մանավանդ, որ խոսքն ամենեւին էլ պատահական մեկին չէ, որ վերաբերում է։ Ասենք, արդեն խոսում են, թե Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունն ունենալու է իր պաշտոնաթերթը, որի նախահաշիվն արդեն իսկ ներկայացված է կուսակցության նախագահին։ Մեկ այլ աղբյուր հայտնում է, թե հարմար տարածք է որոնվում, որը կհատկացվի կուսակցությանը։ Կա նաեւ Ժողովրդական կուսակցության կառուցվածքին վերաբերող չստուգված տեղեկատվություն, թե այն ունենալու է շուրջ երկու տասնյակ մարդուց բաղկացած վարչություն կամ նախագահություն։ Էլի այսպիսի մի շարք տեղեկություններ, որոնք որոշ մասով լրացնում են վերոնշյալը, որոշ մասով էլ նոր տեղեկատվություն հաղորդում։ Սակայն դրանց իսկության մասին դեռեւս որեւէ հստակ բան հնարավոր չէ ասել, որովհետեւ նույն ինքը՝ Կարեն Դեմիրճյանը, խնդրո առարկայի շուրջ պարզաբանումները հարկ է համարում դեռեւս հետաձգել։
Հունիսի 3-ին «Առավոտի» թղթակիցը հանդիպեց նրան։ Կարեն Սերոբիչը, իրոք, հաստատեց, որ ստեղծում է կուսակցություն՝ Ժողովրդական անվամբ, սակայն ավելին ասել չցանկացավ՝ ամեն ինչ իր ժամանակին։ Իսկ ե՞րբ կգա այդ ժամանակը։ Պարոն Դեմիրճյանն, ինչպես միշտ, տվեց այն պատասխանը, որն իրական պատասխանի բացակայությամբ անգամ, սպառում է բոլոր հարցերը. «Երբ որ համապատասխան կարգով կուսակցությունը գրանցվի, այն ժամանակ էլ կխոսենք բոլոր հարցերի մասին»։ Այս է ողջը։
Ասենք նաեւ, որ ըստ «Առավոտ» հասած լուրերի, հակառակ մամուլի հրապարակումների, Ժողովրդական կուսակցության գրանցման համար համապատասխան մարմիններին դիմում է ներկայացվել ոչ թե նախորդած շաբաթներում, այլ ընդամենը հունիսի 1-ին կամ 2-ին։
Մեկ հարց եւս. այսօր կան բազմաթիվ հրատապ թեմաներ, որոնք հասարակական մեծ հնչեղություն են ձեռք բերել։ Զորօրինակ՝ կոնյակի գործարանի խնդիրը։ Մեր հարցին, թե գործարանի սեփականաշնորհման հարցում ինչպիսի՞ն է հանրապետության նախկին ղեկավարի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց շատ հակիրճ. «Կատեգորիկ դեմ եմ, դա սխալ է»։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930