Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը հաղթահարվեց. ո՞վ է հաջորդը

Հունիս 05,1998 13:29

Եվ այսպես, ԼՂՀ-ում ներիշխանական ճգնաժամը հաղթահարվեց։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իբր իշխանության հայտնի մարմինների կողմից ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանին ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Ամեն ինչ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության շրջանակներում (քանի որ ԼՂՀևն առայժմ Սահմանադրություն չունի)։

Բարդույթների մեջ ընկնել պետք չէ. Լեոնարդ Պետրոսյանի հրաժարականն ամենեւին չի նշանակում, թե Ղարաբաղում տնտեսության արժանապատիվ զարգացման կառավարությունը պարտություն է կրել։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Արժանապատիվ զարգացման կառավարությունը պարտություն է կրել Ղարաբաղից շատ ավելի ճանաչված պետություններում (օրինակ, Հայաստանում)։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում Արցախի մետաղի ջարդոնը։
Նույն տեղեկությունների համաձայն, առանց որեւէ ճնշման հրաժարական տված վարչապետը շնորհակալություն է հայտնել իր բոլոր զինակիցներին, հավատացրել է, որ հրաժարականի այլընտրանքը իր պետության համար համարել է ավելի վտանգավոր, իր արած ինչ-որ լավ բանի համար չի ակնկալել որեւէ երախտագիտություն, չարածի եւ սխալների համար ներողամտություն է հայցել եւ ասել. «Բարին ընդ ձեզ»։ Ասում են նաեւ, թե ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն այս տեքստը համենայնդեպս խնամքով պահել է՝ մեկ-երկու տարի հետո նորը չգրելու համար։
Մենք մեր հերթին նյութի տպագրության համար հայցում ենք մեր կողմից շատ հարգված հրապարակախոս Զորի Բալայանի ներողամտությունը, քանի որ նրա կարծիքով «այս թեման առհասարակ լրագրողների թեման չէ»։ Մենք նույնպես կարծում ենք, որ լրագրողն իրավունք ունի գրել միայն կովերի կաթնատվության մասին, եւ այն էլ՝ միայն կաթնատվության աճի դեպքում, քանի որ այս թերթն էլ են «թուրքերը կարդում»։ Եվ, այնուհանդերձ, այս մեկը հանդգնում ենք տպագրել, որովհետեւ վստահ ենք՝ թուրքերը նախանձից կպայթեն, իմանալով, թե ինչ հեշտությամբ են Ղարաբաղում հաղթահարվում ներիշխանական ճգնաժամերը։

«Առավոտ» օրաթերթ, 05.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել