Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ

Հունիս 04,1998 00:00
voski

Երկար-բարակ պատմություններ լսելու համբերություն չունեմ եւ վստահ եմ, որ ընթերցողն էլ առանձնապես հակված չէ նման պատմություններ լսել։ Սակայն այս դեպքում ինձ պետք է դավաճանեմ եւ պիտի խնդրեմ զինվել համբերությամբ, քանի որ պատմությունը, որ պիտի ներկայացնեմ, իրոք, արժանի է ուշադրության եւ հայ ժողովրդի պատմության մի մասն է, թեպետ լավ կլիներ որոշ դրվագներ բոլորովին կատարված չլինեին։

Հայի բախտ

1915 թվականին Օսմանյան կառավարության վարած հայահալած քաղաքականությունից, ցեղասպանությունից մազապուրծ մի բուռ հայեր ցրվեցին աշխարհով մեկ։ Քիչ թվով հայեր չեկան նաեւ Արեւելյան Հայաստան։ Եկան՝ խեղճ ու վախեցած, որբ ու անզավակ, իրենց տարիների աշխատանքը եւ հարստությունը թուրքի ձեռքին թողած։ Թերեւս մատների վրա կարելի հաշվել այն ընտանիքներին, որոնք միայն նյութական կորուստ ունեցան եւ ա՛յս Հայաստան եկան ամենքը միասին։ Բոլոր որբերի եւ գաղթականների հանգրվանը, իհարկե, դառնում էր Ամենայն հայոց եկեղեցին՝ Մայր աթոռ սբ. Էջմիածինը։ Պատմությունը հսկայական նյութ է թողել այս ժամանակաշրջանի մասին։

Ֆերջուլյանների ընտանիքը

Վանից 1915 թվականին գաղթեց նաեւ Ֆերջուլյան ընտանիքը։ Երջանիկ պատահականությամբ ընտանիքի բոլոր անդամները դիմացան գաղթի ճանապարհներին եւ ողջ մնացին։ Ընտանիքի հայրը կարողացել էր թուրքի ձեռքից փախցնել եւ Հայաստան բերել իր տարիների աշխատանքը՝ ոսկե եւ արծաթե զարդեր, թուրքական ոսկի եւ այլ մանր-մունր իրեր։ Սակայն հայրենիք հասնելուն պես ընտանիքի հայրն ու մայրը վախճանվեցին եւ 6 անչափահաս երեխաները մնացին բախտի քմահաճույքին։ Երեխաների մորաքույրերը անմիջապես փորձեցին օգտվել անչափահասների անօգնական վիճակից եւ յուրացնել նրանց ժառանգությունը։

Գաղթական վանեցիներ Իգնատ Բեգլարյանի, Գարեգին Արամյանի խորհրդով երեխաներից ավագը՝ 12-ամյա Օգսեն Ֆերջուլյանը գրավոր օգնություն խնդրեց Երեւանի փոխթեմակալ տեր Խորեն սրբազանից (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս)։ Սրբազան հայրը միջնորդում է եւ մորաքույրերի ձեռքից վերցնում է որբերի ժառանգությունը։ Այդ մասին կազմված է արձանագրություն. «Արձանագրություն. 1915 թիվ, հոկտեմբերի 22 Երեւանի փոխթեմակալ տեր Խորեն սրբազանին վանեցիներ Իգնատի Բեգլարյան, Գարեգին Արամյան, Խորեն քահանա Տեր-Հարությունյան եւ որբ Օգսեն Ֆերջուլյան հայտնեցին, որ Օգսեն Ֆերջուլյանի հոր եւ մոր մահվանից հետո նրա ծնողները թողել են կանխիկ դրամ եւ զանազան արժեքներ, որոնց ուզեցել են տիրանալ հանգուցյալի քույրերն ու փեսաները, սակայն պրն Գարեգին Արամյանը կարողացել է նրանցից վերցնել հիշյալ Օգսենին եւ նրա 4 եղբայրներին ու քրոջը պատկանած դրամը եւ իրերի մի մասը, որը եւ ներկայացվում է տեր Խորեն սրբազանին, իբրեւ ավանդ։

Գարեգին Արամյանը ներկայացրեց 42 եւ 1 քառորդ օսմանյան լիրա, 20 հատ ճարաս ոսկի (ոսկի զարդ) եւ 2 կիս մահմադյա, 1 հատ կանացի ոսկի ժամացույց 18 պրոբի՝ հասարակ մետաղի շղթայով, մի զույգ արծաթի բլազուկ (բրասլետ), մի հատ կիս ոսկի եւ կիս արծաթ կրծքին կախելու նշան (մեդալիոն)՝ քարերով եւ մարգարիտներով արծաթե շղթայով, մի կանացի մեդալիոն՝ ոսկե շղթայով, 2 մեծ եւ 2 փոքր ոսկե կոճակներ, մի հատ կարմիր քարանի մատանի (գաֆասլի), 1 հատ 12 քարանի մատանի (մի հատ քար մեջտեղը, 11-ը՝ եզրերին) եւ 7 հատ արծաթե կոճակներ զանազան տեսակի, մի հատ հասարակ տուփ՝ հայելիով»։ Այս ամենը մորաքույրերի ձեռքից վերցնելուց հետո, ի պահ է տրվում Ամենայն հայոց եկեղեցուն՝ Մայր աթոռ սբ. Էջմիածնին։

Այս մասին նույնպես կա համապատասխան գրություն, որի մեկ օրինակը գտնվում է Հայաստանի պետական արխիվում, իսկ երկրորդը՝ Ֆերջուլյան ընտանիքի ժառանգներից մեկի՝ Անահիտ Ֆերջուլյանի մոտ։ Սակայն դեպքերից առաջ չանցնենք եւ ամեն ինչ նկարագրենք հերթականությամբ։ Մորաքույրերի ձեռքից ժառանգությունը վերցնելուց եւ եկեղեցուն պահ տալուց հետո որբերն ուղարկվում են Թբիլիսիի որբանոց։ Նրանց մասին ուղարկվում է նաեւ համապատասխան գրություն. «Թիֆլիզի կենտրոնական կոմիտեին. սանիտարական գնացքով, ի թիվս այլ որբոց, Պ. Շարաֆեանի ուղեկցությամբ ուղարկում եմ վանեցի հանգուցյալ Ֆերջուլյանի որբերը՝ Օքսեն-12 տարեկան, Վահրամ-10 տ., Արամ-9 տ., Սանդուխտ-8 տ., Ն.վարդ-5 տարեկան։ Որովհետեւ հիշյալ որբերը ժառանգության խնդիր ունեն, խնդրում եմ տեղեկություն տալ, թե վերոհիշյալ որբերը որտեղ են տեղավորված։ 30.10.1915թ., N5098»։

Դարձյալ հայի ճակատագրի մասին

Այս ոդիսականից հետո Ֆերջուլյան որբերը ցրվում են աշխարհով մեկ եւ նրանցից միայն Վահրամ Ֆերջուլյանն է հաստատվում Երեւանում։ Մահվանից առաջ վերջինս իր դստերը՝ Անահիտ Ֆերջուլյանին է հանձնում պապական ժառանգության մասին այն գրությունը, որի երկրորդ օրինակը պահվում է պետական արխիվում։ Ըստ այդ գրության, Անահիտ Ֆերջուլյանը ցանկության դեպքում կարող է դիմել Մայր աթոռ սբ. Էջմիածին, որին ի պահ է տրված պապական ժառանգությունը եւ ստանալ այն։ Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, եթե նույնիսկ ունեցվածքը պահ է տրված հայ քրիստոնյայի համար սրբության սրբոց եկեղեցուն։ Անահիտ Ֆերջուլյանի եւ նրա ամուսնու՝ Ժորա Սարգսյանի դիմումն այն մասին է, որ 02.10.97թ. դիմումից (ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսություն եւ Հոգեւոր խորհուրդ) երկու շաբաթ անց Ժ. Սարգսյանը հրավիրվել է Ներսես սրբազանի կողմից եւ եկել են ինչ-որ համաձայնության, որը բավարարում էր երկու կողմերին էլ։ Սակայն, որոշ ժամանակ անց, գրավոր պատասխան է ստացվում 27.11.97թ. 1055 նամակով, Արտակ աբեղա Տիգրանյանի ստորագրությամբ, որում վերջինս հայտնում է, թե վերոհիշյալ ժառանգությունը եկեղեցու պահեստարաններում չկա եւ եկեղեցին ոչնչով չի կարող օգնել։ Ժ. Սարգսյանը 10.12.97թ. նամակով երկրորդ անգամ դիմում է Մայր աթոռ սբ. Էջմիածին, այնուհետեւ նրա հեռախոսազանգին պատասխանում են, թե այլեւս պատասխան չի լինելու եւ ինքն ազատ է իր հետագա գործողություններում։

Մեր օրերի ամոթը

Թվում է, թե եկեղեցին հենց այն կենտրոնն է, որի քաղաքականությունը եւ որի վերաբերմունքը իր «հոտի» հանդեպ պետք է լինի անբասիր։ Հակառակ դեպքում, այն ինչով պետք է տարբերվի ավանդատուների փողերն առած ու փախած բանկերից։ Քաղաքացի Անահիտ Ֆերջուլյանը դիմել է Երեւանի կենտրոնի թիվ 1 իրավաբանական կոնսուլտացիա՝ այս կապակցությամբ իրավաբանական օգնություն ստանալու եւ դատական ատյաններում իր շահերը պաշտպանելու համար։ Անահիտ Ֆերջուլյանը եւ նրա ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ են, ունեն 2 անչափահաս երեխա եւ հիմա հենց այն պահն է, երբ թուրքերի ձեռքից փրկված պապական ժառանգությունը, որն ի պահ է տրվել Հայ առաքելական եկեղեցուն, պետք է վերադարձվի ժառանգներին։ Կազմվել է հայցադիմում եւ ներկայացվել Սպանդարյանի ժողդատարան։ Թեպետ հայցվորը եւ նրա իրավական խորհրդատուն ցավում են, որ իբրեւ պատասխանող կողմ պետք է հանդես գա Հայ առաքելական եկեղեցին, սակայն խախտված է օրենքը եւ օրինախախտը պարտավոր է պատասխան տալ, նույնիսկ եթե դա եկեղեցին է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431 հոդվածը պահանջում է, որ ի պահ վերցված իրերի նատուրայով վերադարձնելու անհնարինության դեպքում պահապանը պարտավոր է վերադարձնել դրանց արժեքը։

Վերջաբանի փոխարեն

Ստացվում է գնդիկ-բոքոնիկի պատմության նման մի պատմություն, երբ թուրքի, հարազատ մորաքույրերի ձեռքից ազատված ժառանգությունը չի վերադարձնում մի մարմին, որը պարզապես կոչված է սիրել եւ օգնել մերձավորին, պահպանել «հոտը», որ չսասանվի հավատը։ Ուզում ենք հավատալ, որ Ամենայն հայոց եկեղեցին մի քանի ոսկու համար չի կորցնի իր դեմքը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930