Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հունիս 04,1998 00:00
pox

ՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել պայքարելու կաշառակերության դեմ։ Սակայն այդ չափազանց կարեւոր գործը ցանկանում է սկսել մի զարմանահրաշ մեթոդով. պատգամավոր Մկրտիչ Գիմիշյանի կարծիքով, դրա հիմնական պատճառը հանդիսանում է ցածր աշխատավարձը։ Ըստ նրա, «նսեմացուցիչ է պատգամավորների համար 60 դոլար աշխատավարձի ստացումը», եւ դրա համար նրանք հակված են անազնվության եւ կաշառակերության»։ «Խորիմաստ» խոսքեր, պատգամավորը կաշառք է վերցնում, որովհետեւ նրա աշխատավարձը շատ ցածր է։ Հաշվի առնելով այդ, պարոն պատգամավորը առաջարկում է պատգամավորների աշխատավարձը բարձրացնել քառապատիկ։ Նույնն առաջարկվեց նաեւ բարձրաստիճան իշխանավորների, դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց համար։ Երկար չտեւեց բանավեճը, Ազգային ժողովը համարյա միաձայն (բացառությամբ երկու պատգամավորի) որոշեց, ճիշտ է առաջին ընթերցմամբ, «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների աշխատավարձը 1998 թ. հունիսի 1-ից բարձրացնել քառապատիկ չափով»։ Ըստ այդ օրենքի, Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը նախատեսվում է դարձնել 480 դոլար, ԱԺ հանձնաժողովների նախագահների, նրանց անդամների, նախարարների, ՍԴ անդամների, Գերագույն դատարանի նախագահի, մարզպետների եւ ԿԸՀ-ի նախագահի դրույքաչափը՝ 460, ավագ դատավորներինը՝ 280 դոլար, դատավորները՝ 200 (այո դոլար եւ ոչ թե նրա դրամային արտահայտությունը)։

Միթե այդ չի հաստատում ժողովրդի մեջ տարածված այն միտքը, որ կաշառք վերցնողները իշխանավորներն են, շարքային աշխատողները կաշառք վերցնել չեն կարող, որովհետեւ նրանց կաշառք չեն առաջարկում։ Հարց է ծագում, կառավարությունն այդ ահռելի գումարը (շուրջ 640 միլիոն դրամ) որտեղից պետք է ստեղծի, մի՞թե դարձյալ ժողովրդի գրպանից։ Չէ՞ որ Ազգային ժողովում պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների, այդ ծեր մարդկանց համար ամսական 15 դոլար պատվավճարի վճարման համար դրամ չգտան եւ այդ հարցի վերաբերյալ որոշում չկայացվեց։ Այդ այն դեպքում, երբ այդ գումարը համեմատած նշածի հետ փոքր է։ Պարոն Մ. Գիմիշյանին կարելի է հարց տալ. մի՞թե վիրավորական չէ բազմահազար ընտրողների համար, որոնք ստանում են աննշան աշխատավարձ։ Եղած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 1000 դրամ՝ 2 դոլար, կենսաթոշակը՝ 2200, իսկ միջին աշխատավարձը՝ 4000 դրամ։ Այդ այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը հանրապետությունում կազմում է 28-30 հազար դրամ, մի գումար, որը կարող է բավարարել միայն սննդի զամբյուղը, բայց ոչ էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլ վարձերի ու հարկերի համար։

Պարոն պատգամավորը գիտե՞, արդյոք, որ հանրապետության մտավորականների աշխատավարձը այսօր կազմում է մոտ 6000 դրամ։ Գիտե՞, արդյոք, մեր հարգելի պատգամավորը, որ մինչեւ 1990 թվականը, գիտությունների դոկտորների ու պրոֆեսորների աշխատավարձը մոտ երկու անգամ ավելին է եղել, քան նախարարների ու բարձրաստիճան այլ ղեկավարների աշխատավարձը։ Այսօր մտավորականները համբերությամբ սպասում են, թե երբ հնարավորություն կստեղծվի, որպեսզի նրանք ստանան գոնե այնքան, որքան այսօր ստանում են պատգամավորները (նշենք, որ նրանցից շատերը կարող են ԱԺ պատգամավոր դառնալ, սակայն պատգամավորներից շատերը չեն կարող դառնալ մեծ գիտնական, երգահան, նկարիչ, գրող կամ այլ բազմավաստակ մասնագետ)։ Նրանք համբերատար սպասում են մեր երկրի վիճակի լավացմանը։ Նշենք նաեւ, որ մեր հանրապետության բնակչության մոտ 5 տոկոսը համարվում են հարուստներ, մոտ 15 տոկոսը՝ միջին խավի անձինք, իսկ մնացածը՝ աղքատներ եւ ընչազուրկներ։ Մեր պատգամավորների եւ իշխանավորների մեծ մասը դասվում է 5 տոկոսի շարքը եւ նրանց համար 200-500 դոլար աշխատավարձն անհրաժեշտ է ոչ թե սպառողական զամբյուղի համար, այլ ցույց տալու, որ իրենք լավ են ապրում, քանի որ բարձր աշխատավարձ են ստանում։

Շատերին է հայտնի, որ պատգամավորների մեծ մասը համարվում են գործարանների, ֆաբրիկաների, բարձրաստիճան ձեռնարկությունների եւ այլ բարձր վճարվող հիմնարկների տնօրեններ կամ տերեր։ Նրանք աշխատավարձի բարձրացման կարիք այսօր չեն զգում։ Հիշում եմ, խորհրդային շրջանում ղեկավար այրերից ոմանք թանկարժեք իր կամ մեքենա գնելու համար գնում էին բարձր գումար կամ մեքենա շահած պարտատոմսեր կամ վիճակախաղի տոմսեր, նույնիսկ ավելի բարձր գներով, քան նրանք արժեն եւ ամենուր ցուցադրում էին, որ բարձրարժեք իրը կամ մեքենան գնել են շահած փողերով։ Ի դեպ, այդպես են պատասխանում նաեւ այսօր որոշ մեծավորներ՝ «դղյակս կառուցել եմ բարեկամիս նվիրած փողերով»։ Ինչ լավ բարեկամ է, չէ։ Կաշառակերության համար էական չէ բարձր աշխատավարձի առկայությունը, այդ տիպի մարդկանց մեծ մասը ստանում է բարձր աշխատավարձ կամ ունի մեծ շահույթներ։ Նման մարդկանց դեմ, իրոք, անհրաժեշտ է անողոք պայքար մղել։ Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ մարդիկ են աշխատավարձով ապրում կամ ունեն այլ աղբյուրներ, այդ թվում՝ ոչ մաքուր փողեր, գնացեք նրանց տները, կառուցած պալատները կամ մասնակցեք նրանց կազմակերպած հյուրասիրություններին կամ խնջույքներին, պարզ կիմանաք, թե ինչպես են փող շինում։ Կաշառակերության, այդ ամոթարար արարքի դեմ կարելի է պայքարել միայն բացարձակ կարգով, առանց դեմքի ու դիրքի նայելու։ Մեղավորներին հավերժ ուղարկելով աշխատանքի՝ որպես շարքային բանվոր կամ հողագործ։ Այնպես, ինչպես այն կատարում են Չինաստանում։ Տեղից տեղ փոխադրվելով, կաշառակերը մնում է նույնը եւ վատ օրինակ է ծառայում ուրիշների համար։

Համոզված եմ, որ ՀՀ նախագահը եւ վարչապետը չեն համաձայնվի վերը նշված իշխանավորների աշխատավարձը բարձրացնելու օրենքին։ Այն կարող է կազմալուծել բյուջետային հիմնարկների աշխատանքը, խախտել ժողովրդի հավատը ընտրյալների ու իշխանավորների նկատմամբ, կբարոյալքի հասարակությանը։ Պետական այրերն առաջին հերթին պետք է մտածեն ժողովրդի մասին, ամեն ինչ անեն բարձրացնելու նրա հիմնական կազմի սոցիալական վիճակը, մտածեն այն մարդկանց մասին, ովքեր այսօր նույնիսկ հաց գնելու միջոց չունեն, որոնք դարձել են մուրացիկ։ Չի կարելի ղեկավարվել «նախ քո ծառը ջրիր» սկզբունքնով։ Այդ սկզբունքով ղեկավարվելով, թալանի տրվեց ժողովրդի քրտնքով ստեղծված հարստությունը, որի տերերը դարձան մեր ղեկավար այրերից շատերը, նրանց հարազատները եւ բարեկամները։ Անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, պայքար ծավալել թալան կազմակերպողների, ձեռնարկությունները շարքից հանողների, հողը ցաք ու ցրիվ անողների եւ անմշակ թողնողների դեմ։ Միայն այդ միջոցով հնարավոր կդառնա բարձրացնել ժողովրդի լայն խավերի կենսամակարդակը։

Ս. ՄԻՐԶՈՅԱն

Պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930