«-Մշակույթի նախարարությունը տեղյա՞կ է, որ Արամ Ասատրյանը հունիսի 12-ին ելույթ է ունենալու օպերայի թատրոնի բեմում։
– Ոչ, ես տեղյակ չեմ։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
– Շատ սովորական։ Եթե նա վարձել է այդ դահլիճը եւ պիտի ինչ-որ գումար տա, եւ մենք էլ կարողանանք այդ գումարը օգտագործել, ասենք օպերայի պատերից մեկի մեխը նորից վերախփելու համար…»։
ՀՀ մշակույթի նախարար ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀՀ», 3 հունիսի
Մեխը բաց նամակ է հղել մշակույթի նախարարին եւ բողոքում է, որ նշված համերգից ակնկալվող գումարը չի բավականացնի իր վերախփման աշխատանքները սահմանված ժամկետում եւ պահանջվող որակով կատարելուն, ուստի անհրաժեշտ է կամ պատի ծակը փոքրացնել, կամ կազմակերպել նաեւ Ձախ Հարութի, Թաթայի, Սիմոնի, Թաթուլի, Փաշիկի, Տոտիկի եւ Կուկուի համերգները։
ՑՐՈՂԱԿԱՆ
«Հասարակությունը մի անգամ պիտի չարն ու բարին իրարից տարբերի, այլապես մենք առաջ գնալ չենք կարող»։
Կարդացեք նաև
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱԺՄ վարչության նախագահ, «Այժմ», թիվ 18
Չհամաձայնելով հարցի այսօրինակ դրվածքին՝ հասարակությունը հանդես է եկել պատասխան առաջարկով. «Գոնե մի անգամ դուք պիտի առաջ գնաք, այլապես մենք չարն ու բարին տարբերել չենք կարող»։
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
«Երեկ մի զուլալ ու կարկաչուն, բնականաբար նաեւ՝ հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ այսօր «Առավոտ» թերթի մի տարին բոլորում է։
Որոշեցինք շնորհավորել ու շնորհավորում ենք։ Որոշեցինք նաեւ լա՜վ-լա՜վ, շա՜տ լավ-լավ բաներ ցանկանալ «Առավոտին»։ Չնայած այդ առիթով մեր Նունեն ասաց.
– Բա՜, որ իրե՜նք մեզ ոչ մի անգամ չեն շնորհավորե՜լ…»։
«ՀՀ», 3 հունիսի
«Առավոտը» ջերմորեն շնորհավորում է «Հայաստանի Հանրապետություն» թերթին՝ այսօր լույս տեսած 108 (2065)-րդ համարի կապակցությամբ։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.