Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական- համամասնական բանավեճ

Հունիս 04,1998 15:06

Օրերս ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն արձանագրեց, որ խորհրդարանը մինչեւ ամառային արձակուրդները դժվար թե կարողանա ընդունել ընտրական օրենսգիրքը։ Հետեւաբար, օրենսգրքի գլխավոր խնդիրներից մեկը՝ ինչպե՞ս են անցկացվելու խորհրդարանական ընտրությունները. մեծամասնակա՞ն (մաժորիտար), թե՞ համամասնական սկզբունքով կամ քննարկվելու է արտահերթ նիստում, կամ էլ հետաձգվելու է մինչեւ աշուն։
Առայժմ մենք ստիպված ենք բավարարվել համամասնական եւ մեծամասնական համակարգերի մասին բանավեճերով։ Այստեղ կայուն օրինաչափություն է նկատվում. մեծամասնական (անհատական) ընտրությունները գերադասում են նրանք, ովքեր այս պահին իշխանություն ունեն։ Կորցնելով իշխանությունը՝ այդ նույն ուժերը սկսում են նույն եռանդով պաշտպանել համամասնական (կուսակցական) համակարգը։ Դրա ամենավառ օրինակն է ՀՀՇ-ն, որը 95 թվականին ատամներով պաշտպանում էր մաժորիտար ընտրությունները, իսկ այսօր՝ համամասնականը։ Իրական իշխանություն ունեցող երկրապահներն այսօր, բնականաբար, գերադասում են մաժորիտար համակարգը։
Առերեւույթ վեճի էությունն այն է, որ կուսակցական ցուցակներով ընտրությունների կողմնակիցները համոզում են, թե այդ դեպքում կարելի է խուսափել կոպիտ խախտումներից եւ հակադեմոկրատական ճնշումներից, որոնք կիրառում են ուժային կառույցները, իշխանության տարբեր օղակները եւ տեղական հեղինակությունները։ Նրանց ընդդիմախոսները վկայակոչում են 95 թվականի փորձը, երբ հենց համամասնական ընտրություններում հաղթել են «Հանրապետություն» իշխանական բլոկը եւ «Շամիրամը»։ Ի դեպ, «Հանրապետության» ցուցակներով ընտրվել են նաեւ այն գործիչները, ովքեր պարտություն էին կրել մաժորիտար ընտրություններում։
Մի խոսքով, բոլոր տեսակի համակարգերը կեղծիքների եւ ճնշումների հնարավորություն տալիս են։ Մեր կարծիքով, առավել կարեւորն այն է, որ անցած տարի ընդունված օրենքի փոփոխության շնորհիվ պատգամավորները հնարավորություն ունեն վազվզելու մեկ խմբակցությունից մյուսը։ Այդ հանգամանքն իսպառ անիմաստ է դարձնում համամասնական ընտրությունները, քանի որ ընտրողները, ձայն տալով կուսակցություններից մեկին, ամենեւին էլ վստահ չեն լինելու, որ վաղը, մյուս օրը այդ պատգամավորները չեն փախչելու որեւէ այլ կուսակցական խմբակցություն։ Դա անխուսափելի է. Հայաստանի նման երկրում արհեստավարժ պատգամավորներն ու գործիչները մշտապես վազում են բիրտ ուժի եւ իրական իշխանության հետեւից։ Այնպես որ, հավանաբար ճիշտ կլիներ պարզություն մտցնել այս հարցում եւ հետո միայն բանավիճել համամասնական կամ մեծամասնական համակարգերի առավելությունների մասին։

«Առավոտ» օրաթերթ, 04.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930