Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՆ ԱՌՆԱԿԱՆ, ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԾԱՂԿԱՁՈՐԸ ԴԱՌԵԼ Ա ԴՈՒՍՏՐ…»

Հունիս 03,1998 00:00
groxneri miutyun

Երեկ տեղի ունեցավ ՀԳՄ վարչության նիստը

Երեկ Գրողների միության վարչության նիստում հավաքված գրողները, գերագնահատելով մշակույթի ֆոնդի նախագահ, նկարիչ եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի նախաձեռնությամբ՝ գրական ֆոնդի շուրջ եւ միության ղեկավարության դեմ կազմակերպված աղմուկը, փորձեր էին անում դրանից լուրջ եզրակացություններ անել ու լուծումներ գտնել։

Հստակ պատկերացնելով աղմուկի անհեթեթությունն ու բուն նպատակները՝ Հրանտ Մաթեւոսյանը ստիպված եղավ անցկացնել երեկվա վարչության նիստը, կարծում եմ՝ կանխատեսելով նիստի արդյունքը եւ առանձնապես արտառոց սպասելիքներ չունենալով։ Գրողների վարչության նիստը վերածվեց անձնական հարցուպատասխանի, թեեւ ներկաներից շատերը ներկայանում էին որպես գրական կյանքով, գրականությամբ եւ ազգային հարցերով մտահոգվողներ։ Իսկ երիտասարդ մի գրականագետ էլ զգաց Հակոբ Պարոնյանի պակասը։ Ամեն մեկն իր «առասպելն» էր պատմում, իր «եզրերով քայլող» խոսակցություններն էր վարում՝դեմքին, իհարկե, ազգի, գրողի, երկրի մասին մտածողի արտահայտություն տալով։ Նիստը շատ հեշտությամբ վերածվեց շուկայական վեճի, եւ բոլոր հարցերն առկախ մնացին, քանզի ամեն մեկն իր առանձին խաղն էր խաղում, բոլորը միասին՝ մի ուրիշ։

Բոլորն էլ «հոգու խորքում» գիտակցում էին ոգեւորված ճառ ասողների ներքին տրամադրվածություններն ու թաքուն իղձերը, ինչպես եւ ելույթների ենթատեքստերը, բայց փորձում էին միայն ակնարկներով բավարարվել (մեծ աշխարհ է, ի՞նչ գիտես, թե վաղն ով ինչ է լինելու)։ Մի քանի ավագ, ժողովների սովոր գրողներ բողոքում էին, թե Հրանտ Մաթեւոսյանը ժողովներ, նիստեր չի կազմակերպում։ Տպավորություն էր ստեղծվում, թե իրենց պատկերացրած Գրողների միության նախագահը միջոցառումներով, ժողովներով իրենց զբաղեցնողը պետք է լինի, դիկտատոր, կամ էլ գումարային միջոցներով իրենց կախման մեջ պահող մեկը։ Մի քանիսը միայն քաղաքավարությունից, թե տհաճ նոր պահեր չավելացնելու ցանկությունից դրդված, չսաստեցին շատերին, այլ լուռ լսեցին, հակառակ սրտաճմլիկ մի քանի ելույթ ունեցողների, որոնք գերագույն հաճույքով արտասանում էին իրենց հերթական հերոսական խոսքերը։

Իսկ ամբողջ այս պատմության ու աղմուկի հրահրող «հերոսից հերոս» Աբգար Ափինյանը Թեհրանում էր։ Դեռ անցյալ շաբաթ, Արեւշատ Ավագյանի կազմակերպած ժողովում Ա. Ափինյանը (որը ժողովին որոշել էր մասնակցել առանց ԳՄ նախագահի լիազորության) ասաց, թե մեկ շաբաթով է միայն մեկնում։ Երեկվա նիստից պարզվեց, որ նա դեռ չի վերադարձել, եւ նրա բացակայությունը հարգեցին մի քանի՝ «Նոր դարում» աշխատող գրողներ՝ բարի խոսքեր ասելով նրա գործունեության մասին։ Ոչ ոք, իհարկե, չզարմացավ, որովհետեւ շատերին է հայտնի Ա. Ափինյանի երկակի խաղը։

Նիստի առաջին մասում ելույթ ունեցավ Թեւոս Պետրոսյանը, որն ի գիտություն նրանց, ովքեր կարծում են, թե գրական ֆոնդի ողջ ունեցվածքը հնարավոր է վաճառել եւ բաշխել անդամների միջեւ, ներկայացրեց ՀՀ հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ ձեռնարկատիրական գործունեության մասին օրենքներից մեջբերումներ։ Այն է, որ հասարակական կազմակերպության եւ նրա ֆոնդի ունեցվածքից փայաբաժին չեն կարող ունենալ նրա անդամները, անգամ, եթե լուծարվի այդ կառույցը, եւ գրական ֆոնդն այլ կերպ, քան Գրողների միության ենթակա կառույց, գոյություն ունենալ չի կարող։ Թ. Պետրոսյանն անօրինական համարեց ԳՄ քարտուղար Ա. Ափինյանի՝ չարտոնված ժողովին մասնակցությունը։
Արեւշատ Ավագյանը դարձյալ սկսեց նույն նախաբանով՝ «Մեր գրական միջավայրում տեղի են ունենում անբարոյական իրադարձություններ, որոնց կազմակերպիչները թաքնված են հետեւում, չեն երեւում, բայց նրանց ձեռքին է մամուլը, հեռուստատեսությունը, փողը, իրավունքը, եւ այդ լծակներն օգտագործվում են իսկապես գրական մթնոլորտն աղտոտելու համար, որպեսզի սեփականաշնորհման վայրենի այն գործընթացը, որ սկսվել է հայոց աշխարհում, մի նոր ուժով դրսեւորվի»։ Ա. Ավագյանը եւս ողջ ուժերով պաշտպանեց Ա. Ափինյանին՝ նրան որակելով որպես ԳՄ-ում աշխատող միակ մարդ, եւ ավելացրեց, թե ԳՄ-ն պետք է զբաղվի նաեւ գրողների մեծարման հարցերով։

Ռազմիկ Դավոյանը խիստ մտահոգված, որ ԳՄ վարչության երկու հավաքներն էլ նվիրված են կազմակերպչական եւ ոչ թե ստեղծագործական հարցերի, համաձայնեց Հրանտ Մաթեւոսյանի այն կարծիքի հետ, որ ոչ թե պետք է ուժեղացնել ԳՄ դուստր ձեռնարկությունը՝ գրական ֆոնդը, այլ գրական կազմակերպությունը։ Վերջում պարոն Դավոյանը երկար, բայց ոչ մասնավորեցնելով, խոսեց լրագրողների եւ առհասարակ ժուռնալիստիկայի մասին։ Ի դեպ, ողջ նիստի ընթացքում բոլորը քննում էին լրագրողներին եւ լրագրությանը վերաբերող հարցեր եւ իրենց կյանքի թանկագին րոպեներից չխնայեցին եւ հատկացրին հատկապես «Առավոտին»։

Նիստի ընթացքը կտրուկ փոխեց եւ նիստին լրջություն հաղորդեց արձակագիր Լեւոն Խեչոյանի ելույթը, որն, ի դեպ, մի քանի ամիս աշխատել էր որպես գրական ֆոնդի նախագահ։ Լ. Խեչոյանն ասաց. «Երբ մենք եկանք միություն, բոլոր միջոցները բանկերում սառեցված էին, ֆինանսական ոչ մի միջոց չէր տրվում ո՛չ գրական ֆոնդին, ո՛չ Ծաղկաձորի ու Սեւանի ստեղծագործական տներին, միությանը։ Եվ մենք պարտավոր էինք դուստր ձեռնարկության ձեւով ելք գտնել»։

Նա ընթերցեց ՀՀ օրենքից մի քանի կետեր, համաձայն որոնց, նրանք գործել են. «ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերը, բաժանմունքները եւ ներկայացուցչությունները մինչեւ 1993 թ. հունվարի 1ևը պետք է վերակազմավորվեն դուստր ձեռնարկությունների կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի, բաժանմունքների եւ ներկայացուցչությունների։

Նշված ժամկետում չվերագրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման», «Տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան կամ պետարբիտրաժ հայց է ներկայացվում սույն որոշմամբ նշված այն ձեռնարկությունների լուծարման մասին, որոնք սույն որոշմամբ սահմանված ժամկետում չեն գրանցվել կամ վերագրանցվել, եւ այդ մասին հայտնել համապատասխան բանկային կազմակերպություններին»։ Եվ 20-րդ կետը. «ՀՀ բանկերի, դատարանի կամ պետարբիտրաժի կողմից նշված ձեռնարկությունների լուծարման մասին որոշումն ստանալուց հետո սառեցնել սույն որոշումները»։

– Այս օրենքը գործում էր, եւ մենք այլեւս ոչինչ չէինք կարող նախաձեռնել, ստիպված պիտի դարձնեինք դուստր ձեռնարկություններ։ Եվ քանի որ այդքան շատ է խոսվում պոլիկլինիկան, Սեւանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները վաճառելու մասին, առաջարկում եմ Ա. Ավագյանի հրավիրած ժողովին ընտրված վերստուգիչ հանձնաժողովի, այս վարչության մի քանի ներկայացուցիչների եւ անկախ աուդիտ հրավիրելու միջոցով հանձնախումբ ստեղծել, որը կստուգի գրական ֆոնդի եւ միության 10 տարիների աշխատանքը եւ հաշվետվություն կներկայացնի վարչությանը,- ասաց Լ.Խեչոյանը։
Ալվարդ Պետրոսյանն իր խոսքը սկսելով՝ «մենք՝ գրողներս, վատ ենք ապրում…» տողերով, հայտնագործեց, որ մի քանի մարդիկ ուզում են պաշտոն ունենալ.
-Պաշտոն ունենալու ցանկությունը վատ բան չէ, բայց ի՞նչ գնով, ի՞նչ բարոյական չափանիշներ պահպանելու կամ ոտնահարելու գնով են ուզում։ Քանի՞ ֆոնդ կարող է ղեկավարել Արեւշատ Ավագյանը… Ստացվում է, որ մարդիկ, ովքեր կարող են ոչ օրինավոր աղմուկ հանել, ակտիվանալ, գալիս-նստում են ինչ-որ մի վերստուգիչ համակարգի մեջ։

Ա. Պետրոսյանը կտրուկ շրջանցումով անդրադարձավ «Առավոտի» հրապարակումներին, հատկապես՝ «Հրանտների պաշտպան քաջ դաշնակցություն» հրապարակմանը, եւ այնպիսի վիրավորվածությամբ, կարծես բողոքեր ոչ միայն գրողներին վերաբերող հոդվածների դեմ, այլեւ՝ Սունդուկյանի անվան թատրոնի եւ սունդուկյանցիների գործունեությանը վերաբերող մեր անդրադարձումների։

Ա. Ավագյանի այն մեղադրանքին, թե Դաշնակցությունն էր որոշում, թե ով պետք է մշակույթի նախարար նշանակվեր եւ այլն, Ա. Պետրոսյանը պատասխանեց.

-Ես Հրանտ Մաթեւոսյանի պաշտպանը չեմ, ես իմ պրոֆեսիայի, բարոյական չափանիշների պաշտպանն եմ, եւ մտածում եմ, որ Գրողների միությունն ինչ-որ մարդիկ կատաղիորեն քաղաքական շահարկումների են ենթարկում… Մեզնից հետո, Արեւշա՛տ, նոր սերունդ է եկել, մեզնից տաղանդավոր, մեզնից լավը, հարկավոր չի նրանց մեր խարդավանքների, մեր ցինիզմի, մեր կարիերիզմի ու աղբի մեջ նորից մտցնել… Հերի՛ք եղավ այդքան քաղաքական ռեպլիկներ, շպիլկաներ գցել, մենք հանցագործներ չենք, ես գիտեմ, թե դու ինչ ես ասում։ Էդ դո՞ւ քաղաքականացված չես…  Ա՛յ Արեւշատ Ավագյա՛ն, հերիք ա կրակես, էդպես սովորել ես, հա՞, կրակել՝ քաղաքական կուսակցության հետեւում։ Էնպես բաներ կասեմ՝ կշփոթվես, հերիք եղավ։

«Ա՛յ Արեւշատ Ավագյա՛ն» նախաբանով, որն ահագին զվարճացրեց նիստի դժգույն ընթացքը, Ա. Պետրոսյանը նաեւ շեշտեց. «Ես շատ համառ եմ, ժողովի նախագահը մինչեւ ինձ չլռեցնի, դու չես կարող ինձ լռեցնել»։ Եվ սա շարունակվեց այնքան, մինչեւ գրողներից մեկը Ա. Ավագյանին կողմնորոշեց. «Արեւշա՛տ, քո կողքի կանանց հետ խոսիր, էլի, իմ կողքի կնոջ հետ մի՛ խոսիր»։ Ասողի կողքին, իհարկե, Ալվարդ Պետրոսյանն էր։
Գրող Ազատ Եղիազարյանը կարդաց Սիլվա Կապուտիկյանի՝ իրեն հանձնարարված նամակը. «Ցավում եմ, որ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով չեմ կարող մասնակցել ԳՄ վարչության նիստին։ Ինձ թվում է, որ միության ներկա վատառողջ մթնոլորտը, բացի սոցիալ-քաղաքական պատճառներից, հետեւանք է նաեւ գրական ղեկավարության որդեգրած մենատնտեսային աշխատաոճի։ Մոռացության է տրվում, որ Գրողների միությունը հասարակական կազմակերպություն է եւ ոչ թե՝ Ծմակուտ։ Այս երկու տարվա ընթացքում չի գումարվել եւ ոչ մի խորհրդակցություն, վարչության նիստ, համագումար։ Առաջարկում եմ, եւ սա շատերի ցանկությունն է, որ մեկ-երկու ամսում գումարեն գրողների համագումար, որը կօգնի առողջացնելու մթնոլորտը, հստակեցնելու Գրողների միության խնդիրները, մեր ժողովրդին այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար»։

Գրողներն անմիջապես արձագանքեցին, որ Ս. Կապուտիկյանը բոլոր նախագահներին էլ միշտ դեմ է, միայն իրեն է կողմ։
Ժողովականներին մի լավ զվարճացրեց նաեւ Մետաքսեի կանացի ճչացող տոնով ելույթը։ Ասում է. «… ինչ-որ ուժեր կան, որ Գրողների միության ճակատագրի տախտակի վրա շախմատ են խաղում»։ Իսկ ստեղծագործական տների կարգավիճակը բնութագրվեց այսպես. «Էն առնական, տղամարդկային Ծաղկաձորը դառել ա դուստր…»։

Նիստի ընդմիջմանը դիմեցի Աղվան Վարդանյանին։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր անգամ, երբ հանրապետությունում փոփոխություններ են կատարվում, գտնվում են Արեւշատ Ավագյանի կարգի մարդիկ, որոնց թվում է, թե եկել է իրենց ժամանակը, եւ կարող են ինչ-որ բանի հասնել։ «Այսպես են մտածում՝ եթե էն ժամանակ Հրանտ Մաթեւոսյանը Վանոյի, Լեւոնի ընկերն էր, եւ եթե նրանք հիմա չկան, նրանց դիրքերը թուլացել են, ուրեմն՝ կարելի է Հրանտ Մաթեւոսյանի դեմ ինչ-որ բաներ սկսել։ Իհարկե, դրանք չեն ասվում, եւ ծածկվում են ինչ-որ գրական ֆոնդի մասին մտահոգություններով»,- ասաց նա։ Ավելացրեց նաեւ, որ Ա. Ավագյանի նախաձեռնած եւ մի քանի գրողների պաշտպանած այդ քայլերը նույնն են, ինչ որ՝ ժամանակին Հովհաննես Մելքոնյանի քայլերը, Հայ գրողների միություն կոչվածի։

Ծավալուն ելույթ ունեցավ նաեւ կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, որն առաջարկեց Ֆրանսիայի խորհրդարանին ՀԳՄ վարչության անունից շնորհակալական նամակ ուղարկել՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու առիթով։ Ծափահարություններից հետո պարոն Մուրադյանը տեղում գրեց ուղերձի տեքստը եւ ընթերցեց ժողովականների համար։

Ես այս ամենը պատմեցի թերթի մի էջի սահմաններում, բայց հավատացեք, որ այն շատ ավելի երկար ու դժգույն էր, եւ, խնայելով ընթերցողների նյարդերը, ներկայացրեցի հատկապես ծիծաղաշարժ պահերը՝ իհարկե չհեռանալով իրականությունից։ Եվ եթե Ալվարդ Պետրոսյանին «Առավոտի» սույն անդրադարձն էլ «ցինիզմ» թվա, խորհուրդ կտանք տիկին Պետրոսյանին պրոբլեմի լուծումն այլ տեղեր փնտրել։
Իսկ ժողովի ռեալ արդյունքը եղավ այն, որ որոշվեց ֆինանսների նախարարության եւ հարկային տեսչության, ինչպես եւ անկախ դիտորդների մասնակցությամբ ստուգումներ անցկացնել եւ ԳՄ ու գրական ֆոնդի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել վարչությանը։ Որքանով դա եւ հանձնախումբ ստեղծելու գաղափարն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

03.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930