Վարչապետ Արմեն Դարբինյանը հունիսի 1-ին լրագրողներին եւս մեկ անգամ վստահեցրեց, թե «Զվարթնոց» օդանավակայանը չի վաճառվելու, այլ միայն վերգետնյա սպասարկման ծառայություններն են սեփականաշնորհվելու։ Մինչդեռ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Վաղարշակ Մնացականյանը մեր թերթի մայիսի 29-ի համարում կառավարության թիվ 102 որոշումն էր վկայակոչել, ըստ որի «Հայկական ավիաուղիները» ենթակա են միջազգային մրցույթով սեփականաշնորհման։
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉՍՏԱՑՎԵՑ
«Ակնհայտորեն այս նստաշրջանում ընտրական օրենսգիրքը չի ընդունվի»,- ճեպազրույցում հայտարարեց Խոսրով Հարությունյանը։ Խորհրդարանը հունիսի 10-ին կեզրափակի այս փուլում իր աշխատանքները։ Եվ ԱԺ նախագահը կարեւորում էր, որ մինչ այդ գոնե ընտրական օրենսգրքի որեւէ նախագիծ հիմք ընդունվի հետագա մշակումների համար։
ՁԵՌՔԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ
Կարդացեք նաև
Ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, «Արդարություն եւ միասնություն» համագործակցության ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են, որ նախագահին կից ստեղծվելիք Քաղաքական խորհուրդը չունենա մշտական նախագահ։ Այնտեղ նախագահությունը, ըստ առաջարկի, պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով։ Ռոբերտ Քոչարյանն այս առաջարկին դրականորեն է վերաբերվել։ Ժամանակին խոսվում էր, որ այդ խորհրդի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել Հրանտ Խաչատրյանը։