Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հետո՞

Հունիս 03,1998 00:00
hacadul

Սիլվա Հակոբյանի եւ Սամվել Ղարիբյանի արդեն երեք տարի տեւող դատական վիճաբանության մասին «Առավոտը» գրել է մի քանի անգամ։ Ընտրությունները որոշ ժամանակով սառեցրին այդ գործընթացը, քանի որ ոչ ոք չէր ցանկանում իր բնակարանից դուրս հանել միայնակ կնոջն իր երկու երեխաների հետ։ Մանավանդ որ, փետրվարի 10-ին Սիլվա Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանին էր հանձնել նամակ-բողոքների իր ամբողջ փաթեթը, իսկ վարչապետն էլ (Ռ. Քոչարյանը) ենթադրաբար դրանք փոխանցել էր դատախազություն՝ հարցին լուծում տալու ցուցումով։ Հետագայում նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նաեւ Սիլվա Հակոբյանին նկատի ունենալով, իր նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտի բաժնում գրում է. «Փախստականների լիակատար ներգրավումը հասարակական կյանքում, նրանց կարգավիճակի ճշտում եւ բնակարանային հարցերի լուծում»։ Հենց նախագահական ընտրությունների շրջանում էլ Սիլվա Հակոբյանը հույս է ունենում, որ իր հարցը կլուծվի։

Փետրվարի 17-ին ՀՀ դատախազության վճիռների եւ որոշումների օրինականության վրա հսկող բաժնի պետ Լեւոն Ավետիսյանից ստացվում է նամակ, ըստ որի՝ «ՀՀ վարչապետից, ԱԺ պատգամավոր Խ. Սարգսյանից եւ Գերագույն դատարանից ստացված դիմումների կապակցությամբ, հայտնում եմ, որ գլխավոր դատախազի կողմից բերված հսկողական բողոքը Գերագույն դատարանի պլենումի կողմից մերժելուց հետո, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստուգվում է վիճելի բնակարանի սեփականության օրինականությունը։ Միաժամանակ հայտնում եմ, որ հանրապետության գլխավոր դատախազի կողմից գրություն է ուղարկվել Խորհրդային տարածքի ժողդատարան, որ վճռի կատարումը կասեցումից չի հանվի, մինչեւ բնակարանի սեփականաշնորհման օրինականության ստուգումը»։ Խորհրդային տարածքի դատախազ պարոն Մանուկյանը Սիլվա Հակոբյանին հայտնում է, որ սեփականաշնորհման հարցով հարուցված է քրեական գործ, որը դատարան կուղարկվի հունիսի 12-ին։ Սակայն մայիսի 22-ին, նույն Լեւոն Ավետիսյանը, իր նախորդ նամակի ճիշտ հակառակ բովանդակությամբ նամակ է ուղարկում Սամվել Ղարիբյանին. «ՀՀ ԱԺ-ից ստացված եւ դատախազությանը հասցեագրված դիմումների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 28.01.96 թ. վճռի կատարման կասեցումը»։ Այսպիսով, անհայտ է մնում՝ ստուգվե՞լ է սեփականաշնորհման օրինականությունը, թե՞ ոչ։ Հավանաբար՝ ոչ։

Երկու օր առաջ Սիլվա Հակոբյանին կրկին հնգօրյա ժամկետ են տվել բնակարանն ազատելու համար։ Այս անգամ միայն մեկ երեխայի հետ։ Փախստական Սիլվա Հակոբյանի ավագ որդին՝ Տիգրան Թարազդարյանը, ապրիլի 25-ին բռնությամբ տարվում է բանակ։ «Ապրիլի 23-ին, առավոտյան ժամը 6-ին մեր բնակարան այցելեցին Խորհրդային տարածքի զինկոմիսարիատի աշխատակիցները եւ տղայիս բռնությամբ անկողնուց հանելով՝ տարան իրենց հետ։ Երբ ես էլ հասա զինկոմիսարիատ, տղաս արդեն վանդակաճաղերից այն կողմ էր։ Իմ բողոքները ոչ ոք չէր ուզում լսել։ Ասում էին, թե տղաս դասալիք է։ Այդ ժամանակ ես ստիպված ստորագրություն տվեցի, որ նա երկու օրից կամավոր կներկայանա։ Մենք այդ հասցեից դուրս էինք գրվել դեռեւս 1996 թվականին, սակայն իմ տղայի հետեւից գալիս էին հենց այդ հասցեով։ Ձեր թերթի եւ դիմումների միջոցով տրված իմ այն հարցին, թե ո՞ւմ է պաշտպանելու իմ տղան՝ փողոց նետված իր մորն ու եղբո՞րը, թե՞ անօրինականություններ կատարող դատախազներին ու դատավորներին, ոչ մի պատասխան մինչեւ այսօր չեմ ստացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում»։

Այսօր Սիլվա Հակոբյանը հացադուլ կհայտարարի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմաց, որից հետո, հավանաբար, կստանա իր տանն ապրելու եւս տասնօրյա հնարավորություն։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930