Բաքու-Չարբախ։ Գրանցում չունեցող ճակատագրեր:
Կորչող գրանտների ու անհետացող վարկերի մեր քաղաքում, մետրոյի «Չարբախ» կայարանի հարեւանությամբ, դեղին փոշու մեջ հանրակացարան կա։ Ներսում ապրում են մարդիկ։ Կից շենքերից մեկում՝ փախստականներ, մյուսում՝ տեղացիներ (շրջաններից ժամանած նոր քաղաքաբնակներ)։
Մարդկանց այն հատվածը, որ փախստական է՝ «փախստական» բառից տհաճություն է զգում։ Նրանք, որ փախստական չեն, այլ ժամանել են տեղական գյուղերից՝ այդ բառից նույնպես խորշում են։ Նրանք, որ փախստական են, անբնական վերաբերմունք ունեն «փախստականների վարչություն» բառակապակցության հանդեպ։ Լրագրողների հանդեպ զայրույթի հասնող թերահավատություն ունեն։ Արտահայտում են այսպիսի մտքեր. «Ուզում ենք մեզ հանձնեն որեւէ քիչ թե շատ քաղաքակիրթ երկրի»։ Ունեն երկու պահանջ, առաջինը՝ ջուր, երկրորդը՝ ապրելու համար նվազագույն առաջնային պայմաններ։ Ապրելու համար ուզում են տուն, աշխատանք, անձնագիր։
Ջուր բերում են դույլերով՝ կիլոմետրերի հեռավորությունից։ Հարեւան շենքում, ուր ապրում են ոչ փախստականներ՝ ջուր կա, բայց բաքվեցիներին թույլ չեն տալիս օգտվել։ Փախստականները հիշում են, որ վարչության պետ Մեխակ Գաբրիելյանին շատ երկար անհանգստացնելուց հետո, վերջինս խոստացավ երաշխավորագիր-նամակ տալ առ այն, որ կֆինանսավորի աշխատանքը, եթե Շենգավիթի ջրմուղ-կոյուղին համաձայնի լուծել ջրամատակարարման հարցը։ Ասում են, ջրմուղ- կոյուղու հետ փախստականների համաձայնության գալուց հետո` պարոն վարչապետը հրաժարվել է ֆինանսավորել։ Սա շատ փախստականների վկայությունն է, որոնք իրականացնում էին պայմանագրի կնքումը։
Ջուր կրող երիտասարդ կանայք ցույց են տալիս բժշկական հետազոտության արդյունքները՝ «արգանդի իջեցում» ախտորոշմամբ։ Այս ախտորոշումը շենքում, հավանաբար, համատարած բնույթ ունի։ Այս կանանց ծանրություն բարձրացնել չի կարելի։ Գուցե դիմենք մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեներին, որ միջնորդեն ու հարակից շենքի տեղացիները, որոնք փախստական հայերի սերունդ են, փոքր-ինչ մարդկային լինեն նոր փախստականների հանդեպ եւ թույլ տան ջուր վերցնել նախկին տեխնիկումի շենքից, ուր հիմա ապրում են Հայաստանի գյուղերից եկած մեր բարեկամները։
Փախստականներից մեկը ցույց տվեց երեք տարում առաջին անգամ իր ստացած օգնությունը՝ մի գույնզգույն բարակ վերմակ՝ ձմեռ չունեցող երկրների համար նախատեսված։ Հանրակացարանը, որ թշվառանոց է, իրականում ունի բազմազան կոնտինգենտ։ Բարձրագույն կրթությամբ երկու երիտասարդ կանայք, Ստեփանակերտում աշխատանք ու բնակատեղ գտնելու ակնկալիքով՝ հանդիպում են փնտրում ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ։ Հանդիպման համար Ստեփանակերտ գնալու փող չունեն, սպասում են նախարարի այցին՝ Երեւան։
Սրանք ընդհանուր բառեր են, հնարավոր է՝ ոչ պատկերավոր։ Եվ որովհետեւ Երեւանում ավելի թշվառ պատկեր չեմ տեսել՝ փորձեմ մեկ-երկու համառոտ կենսագրությամբ հաղորդել իրողությունը։
Ալեքսանդր Օվանեսով
Այս անունը մեզ՝ 1990-ի ցուցարարներիս, հայտնի է։ «Վրեմյա» ծրագիրը հաղորդում էր, որ Բաքվում Օվանեսովների ընտանիքում սպանվել է մեկ ադրբեջանցի, ինչով էլ հրահրվել են Բաքվի ջարդերը։ Իրականում Սաշա Օվանեսովը՝ ջութակահար, (ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ջութակի բաժինը) սպանել է 90-ի հունվարին իր տուն ներխուժած ադրբեջանցիներից մեկին։ 27-ամյա Սաշա Օվանեսովը հայտնվում է Բաքվի բանտում։ 80-ամյա հորը (ինժեներ) պահում են Բաքվում՝ որպես «մարդասպանության» վկայի։ Մայրը՝ 72-ամյա կին, եւ քույրը հոգեկան ծանր վիճակում կարողանում են փախչել Հայաստան։
Բաքվի բանտում Սաշա Օվանեսովի կրած տանջանքի արդյունքը հոգեկան ծանր վիճակն ու առաջին կարգի հաշմանդամությունն է։
Ջութակահար Ա. Ավանեսովը ցնցոտիներով, դեմքի անբնական մազածածկույթով, շփոթված հայացքով եւ իր միակ ֆինանսական աղբյուր՝ հաշմանդամության գրքույկով, ապրում է Չարբախի հանրակացարանում։ Մեր ազգային-ազատագրական ռոմանտիզմի օրերին՝ 1991-ին, Երեւանում «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայում Վ. Ե. Խոջաբեկյանի «Արցախը փորձության ժամին» գիրքը, որի մի քանի էջը նվիրված է Սաշա Օվանեսովին. «… արվեստագետ Ալեքսանդր Օվանեսովի մտքով չէր անցնի, թե ինքը կարող է ջութակի փոխարեն ձեռքը կացին վերցնել։ Նա ավարտել է Բաքվի կոնսերվատորիան»։
Այսօր Չարբախի հանրակացարանում ապրող արվեստագետը խնդրում է ներքեւի խանութից զանգելու թույլտվություն եւ զգուշացվում է. «Վերջին անգամ»։ Բացի փախստականների վարչությունից, նա զանգելու այլ տեղ Երեւանում չունի։ Գիրքը, որի մասին նշվեց, ջութակահար Օվանեսովն ինքը ցույց տվեց՝ իր իսկ համար անհասկանալի հպարտությամբ…
Քույրը՝ Թամարա Օվանեսովան, առաջին կարգի հաշմանդամ է։ Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը։ Ստանում է հաշմանդամության թոշակ՝ 3130 դրամ։
Մայրը՝ Մարիա Օվանեսովան, 80 տարեկան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ Ստանում է կենսաթոշակ։ Հայրը՝ Սուրեն Օվանեսովը, 88 տարեկան է, կույր, ստանում է կենսաթոշակ։
Նելլի Հովսեփյան
Նստած էր սենյակի կենտրոնում՝ մեծ սեղանի առաջ, հայացքն անորոշ էր՝ կուրության պատճառով ու կտրում էր սեղանին թափված խաղողի տերեւների պոչերը։ Խաղողի տերեւների այսպիսի առատությունը տանտիրուհին բացատրեց ամբողջ տարին «սուտ» տոլմա ուտելու նախապատրաստությամբ։ Նելլի Հովսեփյանի որդին նոր է զորացրվել հայկական բանակից։ Քաղաքացիություն ո՛չ ինքը, ո՛չ որդին չունեն։ Գուցե օգնի՞ պաշտպանության նախարարությունը։ Այս ընտանիքն ապրում է Նելլի Հովսեփյանի հաշմանդամության թոշակով՝ 3150 դրամ։ Դժգոհում է, որ կույրերի միավորումը աշխատանք չի տալիս, իսկ ինքն ամբողջ կյանքում աշխատել է Բաքվի կույրերի միավորումում՝ ցանցեր էր գործում։ Հայաստանին կույրեր եւ ցանցեր պետք չեն…
Հանրակացարանի թշվառությանը ծանոթացնող Նելլի Անդիկյանն ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը։ Միայնակ է։ Աշխատանք չունի։ Երիտասարդ այս կինն առայժմ միայն աշխատանք է փնտրում։
Հանրակացարանում մի կին առաջարկ ուներ՝ Թբիլիսիում գրասենյակ բացել եւ Բաքվի ու Երեւանի այն փախստականները, ովքեր ունեն իրենց նախկին բնակարանների օրդերը՝ հանդիպելով Թբիլիսիում, փոխանակեն օրդերները, ըստ էության՝ նաեւ բնակարանները։ Թբիլիսիում գրասենյակ բացելը վերցնում էր իր վրա՝ ակնկալելով Թբիլիսիում ապրող հարազատների օգնությունը։
Աբսուրդ
Մեր՝ համաշխարհային հանրությանն ինտեգրվող հանրապետությունը, ստորագրել է միջազգային կոնվենցիա՝ աշխարհի տարբեր երկրներից փախստականներ ընդունելու մասին։ Չարբախի հումանիզմով առանձնացվող այս հանրակացարանում տեղավորել են մի պակիստանցու։ Ապակի չունեցող դատարկ սենյակում թողնելով անվերմակ պակիստանցուն՝ կոնվենցիան համարել են իրագործված։ Հանրակացարանի բաքվեցի փախստականները հոգացել են նաեւ պակիստանցու հոգսը՝ ծածկել են բաց լուսամուտները, վերմակ են նվիրել։ Պակիստանցին մի քիչ ապրելուց հետո անհետացել է։ Մի մասն ասում է՝ սպանել են։ Ինչեւէ, խաղաղություն հոգուն պակիստանցու, եթե նա հանգուցյալ է, բայց ցանկացած իշխանություն ունենալու է հրաժարականի հնարավորություն եւ ցանկացած իշխանություն կարող է խուսափել ատելությունից՝ ճակատագրեր խեղելուց խուսափելու դեպքում։
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 03.06.1998թ.