«Վրեժխնդրությունը չէ, որ առաջնորդում է հայ ժողովրդին, այլ՝ անցյալի ճիշտ գնահատումը, որը թույլ կտա կանխել մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրները»։
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ՀՀ նախագահ, «Հայոց աշխարհ», 2 հունիսի
Անցյալում բանաստեղծները միշտ հակառակն էին պնդում։ Ասում էին, թե իբր վրեժխնդրությունն է առաջնորդում հայ ժողովրդին, ոչ թե անցյալի ճիշտ գնահատումը։ Եվ դա, ասում էին, թույլ չի տալիս կանխել մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրները։
Այժմ եւ այսուհետ ճիշտ գնահատենք անցյալը, սիրելի՛ հայրենակիցներ, մեր այդ գնահատականով կանխելով հնարավոր ոճիրները։
ՏՈ՛ՒՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ, ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈ՛ՒՐ…
Կարդացեք նաև
«Այն մարդը, ով ուզում է Երեւանի կոնյակի գործարանը ձեռք բերել՝ առնվազն պիտի «Ֆայնեյշնլ թայմզ» կարդա»։
ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱԺ հանձնաժողովի նախագահ, «Առավոտ», 2 հունիսի
Արմեն Եղիազարյանն ամեն օր հարյուրավոր գրություններ է ստանում հետեւյալ բովանդակությամբ. «Առնվազն «Ֆայնեյշնլ թայմզ» եմ կարդում եւ ուզում եմ ձեռք բերել Երեւանի կոնյակի գործարանը»։
ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
«Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը բեւեռացված է։ Կան շատ հարուստներ եւ աղքատներ։ Ես կողմ եմ, որ առաջինները որքան կարելի է շատ լինեն, իսկ երկրորդները՝ քիչ»։
ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ, Լոռվա մարզպետ, «Երկիր», 2 հունիսի
Լոռվա մարզում Հենրիկ Քոչինյանը մոտ օրերս կբացի հարուստների ինկուբատոր։
Զուգահեռաբար մարզում նպաստավոր պայմաններ կստեղծվեն աղքատության բարգավաճման համար, քանզի աղքատներին ոչինչ այնքան արդյունավետ չի ոչնչացնում, որքան բուն աղքատությունը։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Աշխարհում միայն սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ, տողադարձման ժամանակ տառի կեսը մնա՝ կեսը տեղափոխվի, բառերը գրելուց խախտվի գրանշանների քանակը, որակը եւ այբբենական դասակարգման կարգը»։
ԱԺ պատգամավոր ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ «Հայոց այբուբենի մասին» օրինագծից, «Առավոտ» 2 հունիսի
Սովետահայ տառի ճնշված իրավունքները վերականգնելու ռուբինյան տարբերակը, պարզվում է, այդ տառն առհասարակ վերացնելն է…
Մինչդեռ, կարծում ենք, շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Կարապետ Ռուբինյանը հորիներ մեծատառ «եւ», չմոռանալով հարգել «տողադարձ» բառի սեռական հոլովի ճիշտ կիրառությունը, «բառերը գրելուց»-ի փոխարեն գրեր «բառերը գրելիս», եւ, վերջապես, մտորեր «դասակարգման կարգ» բառակապակցության մասին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ