Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է փոխվել

Հունիս 03,1998 13:27

Երեւի լրջորեն դրա մասին ոչ ոք չի մտածում, իսկ քարոզիչներն այդ առիթով ասում են այն, ինչ պետք է ասեն, բայց Հայաստանում դեռ չի տրվել սովորական հարցի պատասխանը. արդյոք մեր երկրում փոխվել է «ռեժի՞մը», իշխանությո՞ւնը, թե՞ վարչակազմը։

ԱՄՆ-ում, օրինակ, չի խոսվում Քլինթոնի կամ Ռեյգանի «իշխանության» մասին։ Մի վարչակազմը (ադմինիստրացիան) փոխվում է մեկ ուրիշով՝ ոչ ավելին։ Հայաստանում, ըստ էության, նույնն է՝ ռեժիմը չդարձավ ավելի ամբողջատիրական կամ ավելի ժողովրդավարական։ Հիմնական պաշտոնյաներն էլ, կարծես թե, մնացին իրենց տեղերում, եթե չհաշվենք կադրերի սովորական փոխատեղումը: Նույնքան բնական է մեզ համար անձնական համակրանքների եւ հակակրանքների փոփոխությունը, որն, ինչպես հայտնի է, Հայաստանում կադրային քաղաքականության հիմքն է:

Այնուամենայնիվ, մեր երկրում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն, ինչպես որ դա կատարվում է շատ ավելի զարգացած պետություններում: Նախագահական պալատում, Ազգային ժողովում, Երեւանի քաղաքապետարանում փոխվել է վարչակազմը, բայց ոչ՝ իշխանությունն ու ռեժիմը: Ավելին՝ եթե ընտրություններում հաղթեր այլ գաղափարախոսություն ներկայացնող ուժ, ասենք, կոմկուսը, ապա մենք դեռ պետք է մտածեինք՝ ռեժիմի փոփոխությունն ազդարարելուց առաջ, որովհետեւ կոմունիստներն էլ, հավանաբար, ստիպված կլինեին շարունակել սեփականաշնորհման եւ ազատ շուկայի քաղաքականությունը:
Մեզ թվում է, որ իշխանությունն է փոխվել, որովհետեւ մենք դեռեւս գտնվում ենք նախնադարյան-կապիտալիստական-բարեկամական-կլանային հարաբերությունների փուլում: Իշխանության ճամբարին պատկանելը մեղքերի թողություն է ցանկացած հանցագործի համար: Եթե ամեն ինչ կախված լիներ մեր ցանկություններից, մեր ցանկացած (նույնիսկ ամենաժողովրդավարական ձգտումներ ունեցող) վարչակազմը վաղուց արդեն գլորված կլիներ ամբողջատիրության անդունդը, որովհետեւ մենք՝ հասարակությունը, ոչ մի վարչակազմի առջեւ ոչ մի արգելք չենք դնում: Եվ այս դեպքում մնում է փառք տալ, որ Հայաստանը բնական պաշարներով հարուստ երկիր չէ, որպեսզի կարողանար դասական ամբողջատիրական ռեժիմ հաստատեր եւ թքած ունենար ժողովրդավարական եւ քաղաքակիրթ աշխարհի խորհուրդների վրա:

«Առավոտ» օրաթերթ, 03.06.1998 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930