Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂ ՈՐ ՔՈՆԸ ԱՍԵՍ …

Հունիս 02,1998 00:00
Alvard Barxudaryan

Սարդարապատի հերոսամարտի տոնակատարություններին մասնակցած մի մտավորական, բարձր գնահատելով միջոցառումների կազմակերպվածությունը, նկատելով նաեւ գինու տակառների առատությունն ու դրա հետ մեկտեղ /ցավոք/, խորտիկների բացակայությունը, որպես այդ օրվա երկու թերություն նշեց. «Ամբողջ օրն սպասեցինք իշխանություններին, իսկ նրանք ժամը հինգին հազիվ եկան»: Անտեղյակ էր, որ նրանք մինչ Սարդարապատում ժողովրդին միանալն ու իրենց հետ միասին ուրախանալը, եւս մի կարեւոր միջոցառում ունեին Ծիծեռնակաբերդում՝ Սոսե մայրիկի աճյունի ամփոփումը: Այնպես որ, եթե անգամ ուզեին էլ, ավելի վաղ, քան ժամը 17.00-ն հերոսամարտի դաշտ ժամանել չէին կարող: Երկրորդ թերությունը, ըստ նույն մտավորականի, Սարդարապատի դաշտում նախկին իշխանության իսպառ բացակայությունն էր: Ի մասնավորի նշվեցին Տեր-Պետրոսյանը, Արարքցյանը, Սիրադեղյանը, Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը: Այս փաստը մեր զրուցակցի կողմից միանշանակ բացասական որակվեց, որովհետեւ «տոնը ժողովրդինն է, եւ նրանք պարտավոր էին այդ օրը գալ, անգամ՝ եթե հրավեր չստանային»: Այստեղ ստիպված եղանք հիշեցնել, թե Ղարաբաղյան շարժման 10-ամյակի, Շուշիի ազատագրման տոնակատարություններին եւ այլուր «նրանց» բացակայությունը նույնպես նկատելի էր, ավելին, դրանով տպավորություն էր ստեղծվում, որ «նրանք» ընդհանրապես որեւէ կապ չեն ունեցել ո՛չ շարժման, ո՛չ պատերազմում հաղթանակի հետ:

Վերջին ամիսների առատ տոնակատարություններում զարմանալի թվացող «բացակաների» թիվն ընդհանրապես նկատելի էր, բայց թերեւս հասկանալի՝ հեղափոխական օրենքներով առաջ գնացող հասարակարգի համար: Այս առնչությամբ ուշադրություն դարձրինք տոներին նախորդած հեռուստատեսային «Մամուլի ակումբում» քանիցս հնչած մտքին, որի առանցքը սա էր. նոր իշխանությունների նկատելի ձեռքբերումներից է պատշաճ մակարդակով Սարդարապատի տոնակատարությունների նախապատրաստությունը: Եվ դրան, իրոք, ոչ ոք չի առարկում: Բայց արդյոք նույնը չէ՞ր լինի, եթե փետրվարի 3-ը հապաղեր մի քանի ամսով, կամ, ենթադրենք, չիրականանար: Կամ, օրինակ, այս տարի ոչ թե հերոսամարտի 80-ամյակը տոնվեր, այլ՝ 79- ամյակը: Արդյոք նույն եռանդն ու նյութական նույն միջոցնե՞րը կծախսվեին հանդիսությունները կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում թեեւ իշխանության փոփոխություն բնավ չեղավ, բայց առաջին հանրապետության տոնակատարությունները շատ ավելի շքեղ ու հարուստ էին, իսկ Վրաստանում, ուր դարձյալ կարեւոր նշանակության դեպքեր ձմռանը չարձանագրվեցին /չհաշված ակնհայտ մահափորձերը/, հակառակը՝ համեստ հանդիսություններ էին: Մեր հայրենակիցներին հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի առաջին զորահանդեսը անցկացվեց հենց Սարդարապատի հերոսամարտի օրը, 1994 թ. մայիսի 28-ին, պատերազմից հետո: Այն խորհրդանշում էր նաեւ մերօրյա փայլուն հաղթանակներն ու Հայ դատի նոր իմաստը: Հաջորդ տարի ապրիլին, Հայոց ցեղասպանության 80 ամյակի օրերին Ծիծեռնակաբերդում բացվեց նոր թանգարան, իսկ Երեւանում միջազգային գիտաժողով անցկացվեց, ուր փայլուն զեկուցումով հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ցեղասպանության 83-րդ տարեդարձը պետք է նույն մակարդակով նշվեր նաեւ այս տարի, եւ եթե նշվեց ավելի համեստ, ապա դրանում կարելի է նկատել Հայ դատի նկատմամբ նոր իշխանության ուշադրության պակասը: Տրամաբանորեն դատելով՝ ոչ:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930