Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պատվիրակությունը կուսակցության Հայաստանի վարիչ մարմնի ատենապետ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի գլխավորությամբ հունիսի 1-ին ժամանեց Ստեփանակերտ։ Պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր եւ այդ կտրվածքով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ստեփանակերտում գրասենյակ բացելու խնդիրը։
Նույն օրը պատվիրակությանն ընդունել է Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը։ Տեր-Սողոմոնյանը հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարին ներկայացրել է կուսակցության գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, անդրադարձել երկու հայկական պետությունների միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ կուսակցության անունից պատրաստակամություն հայտնել գործուն մասնակցություն ցուցաբերել Արցախում իրականացվող սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերին։ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պատվիրակությունը գիտակրթական հանրակարգին եւ սոցիալական ոլորտին առնչվող հարցեր է քննարկել կրթության, գիտության, մշակույթի առողջապահության, սպորտի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ա. Սողոմոնյանի հետ։
Օրվա վերջում պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ ԼՂՀ գյուղատնտեսության նախագահ Արմո Ծատրյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հանրապետության գյուղատնտեսության զարգացման եւ այդ բնագավառում իրականացվելիք մի շարք ծրագրերում կուսակցության ներուժի ներգրավմանն առնչվող խնդիրներ։
Ռ. ԻՇԽԱՆՅԱՆ