Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵՑ.

Հունիս 02,1998 00:00
Armen Darbinyan

«Երեւի կգրեք, որ 1965-ին ծնված վարչապետը վաճառեց 110 տարեկան կոնյակի գործարանը» «Հոբելյանական»

Ժամանակին Երեւանի գինու գործարանի սեփականաշնորհումն այնպիսի մի գումարով, որով կարելի էր քաղաքի կենտրոնում մի բնակարան գնել, նույնչափ աղմուկ չհանեց, որքան այժմ կոնյակի գործարանի վաճառքը, որն ԱԺ-ի կողմից սեփականաշնորհման ենթակա է համարվել դեռ 1995-ին։ Արդեն իսկ այս կապակցությամբ հնչած հիմնավորումներին մի քանիսն էլ ավելացնենք։ Գուցե, այնուամենայնիվ, պատճառը նաեւ այն էր, որ պատգամավոր է «Արարատ-Լադա» ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, որն այս գործարանն այլոց հետ միասին գնելու մեծ ցանկություն ունի։ Գուցե, այնուամենայնիվ, պատճառը նաեւ այն է, որ «այն, ինչ կարելի է Զեւսին՝ չի կարելի եզին»։ Եվ պատգամավոր Վահագն Խաչատրյանը, որն անցած տարվա աշնանը կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ օրենսդրական իր նախաձեռնությունը հետ էր վերցրել (ըստ որոշ տեղեկությունների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «հորդորով»)՝ այժմ հայտարարում է, թե փորձելու է նախապես պարզել այս մրցույթի պայմանները, օրինականությունը եւ այլն։Ի դեպ, հիմք չունենք չհավատալու այս եւ այլ պատգամավորների մղումների անկեղծությանը, թե իսկապես մտահոգված են, որ Երեւանի կոնյակի գործարանը ցածր գնով է վաճառվում, որ պայմաններն անորոշ են եւ այլն։

Հինգաստղանի լսումներ

Այդ բոլոր մտահոգությունների թագ ու պսակ իբրեւ՝ այս ԱԺ-ն իր գործունեության ընթացքում առաջին անգամ երեկ պատգամավորական լսումներ անցկացրեց։ Սա մի մեղմ ձեւ էր կանխելու, որ հունիսի 5-ին կոնյակի գործարանի սեփականաշնորհման միջազգային աճուրդին առնչվող արտահերթ նիստը չկայանա, որի հրավիրման պահանջի տակ 66 պատգամավորներ էին ստորագրել։ Վստահ ենք, որ շատ պատգամավորներ իրենց ստորագրություններից այժմ կհրաժարվեն։ Արդեն իսկ այդ 66-ից հազիվ մի 20-ն էին երեկ լսումներին մասնակցել։ Ըստ որոշ տեղեկությունների, լսումներն էլ ասուլիսային եղանակով անցան՝ ելույթներ չեղան, պատգամավորներն ուղղակի հարցեր էին տալիս՝ կառավարական հինգաստղանի կազմը բավարարում էր նրանց հետաքրքրասիրությունը։ Կառավարությունն, իրոք, բարձր «տեսակավոր» մակարդակով էր ներկա այս քննարկումներին՝ Արմեն Դարբինյան, Էդուարդ Սանդոյան, Վահրամ Ավանեսյան, Վլադիմիր Մովսիսյան, Պավել Ղալթախչյան։ Վեցերորդ «աստղիկն» էլ կար՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը, որքան մեզ հայտնի է, այդքան ակտիվ մասնակցություն հարցուպատասխանին չէր ունեցել։ Ի դեպ, տվյալները կարող են ստույգ չլինել, քանզի կառավարության պահանջով այս լսումները փակ էին, եւ լրագրողները քննարկումների մասին այլեւայլ պատգամավորներից էին միայն կցկտուր տեղեկություններ ստանում։Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ մամուլում հրապարակվածից խիստ տարբեր ու նոր տվյալ այնտեղ չի հնչել։

«Ընտիր» եւ «Սպարապետ»

Եվ վարչապետ Արմեն Դարբինյանն էլ լրագրողներին մոտավորապես նույն բաներն ասաց, ինչ մինչ այդ պատգամավորներին էր պատմել։ «Պատրաստ ենք գործարքից հետո ներկայացնել բոլոր մանրամասները։ Այժմ առեւտրային գաղտնիքի պահպանման որոշ անհրաժեշտություն կա, որ ուղղակի մեր պարտավորությունն է»,- պարզաբանեց նա։ Սակայն հետաքրքիր է, որ արտերկրի լրատվամիջոցները այս գործարքի վերաբերյալ հեշտուհանգիստ տեղեկություններ են հրապարակում, եւ միայն Հայաստանի մամո՞ւլն այս մասին պիտի լռի, եւ ապագայում ընթերցողներին «ճաշից հետո մանանեխ» դարձած տվյալներ հաղորդի։ Այնուամենայնիվ, այս գործարքի վերաբերյալ շատ թվեր նաեւ մեր թերթերում են հայտնվել եւ ավելի խոշոր գումարներ առաջարկողների վերաբերյալ «Առավոտի» հարցին Արմեն Դարբինյանը մասնավորապես պատասխանեց, թե նախընտրում են սեփականաշնորհել աշխարհահռչակ ճանաչում ունեցող ընկերության, այլ ոչ թե մասնավոր անձանց, որոնք կոնյակագործներ չեն. «Պետք է հաշվի առնել, որ առայժմ, ցավոք, մենք Հայաստանում չունենք որեւէ խոշոր ընկերության ներդրում, որը համապատասխան ոլորտում աշխարհում «լիդեր» է համարվում։ Առայսօր որեւէ նման գործարք մեզ դեռեւս չի հաջողվել իրականացնել: Երեւի եթե առաջին, երկրորդ կամ տասներորդ գործարքները լինեին՝ հնարավոր էր գնի փոփոխություն, տարբերություն»։

Ավելի ուշ վարչապետն ասաց, որ սա իրոք լուրջ գործընկեր է. «ի տարբերություն անհայտ անձերի կամ խմբերի, որոնք անգամ չեն կարող իրենց եկամուտները կամ աղբյուրները բացահայտել։ Անլուրջ եմ համարում ցանկացած նմանատիպ այլընտրանքային առաջարկություն»։ Մեր այն հարցին, թե կառավարությունը որդեգրել է հայտնիներին էժա՞ն, քան անհայտներին թա՞նկ վաճառելու սկզբունք, Արմեն Դարբինյանը պատասխանեց. «Ոչ, կառավարությունը որդեգրել է «ավելի թանկ գնով՝ հայտնի ֆիրմային» վաճառքի սկզբունք»։

Լսումների ավարտից հետո Արմեն Եղիազարյանը ճեպազրույցում հիշեցրեց, թե սեփականաշնորհման մրցույթի պայմաններն իրենք հրապարակել էին «Ֆայնեյշըլ թայմս»-ում։ Ավելի ուշ ներկայացված հայտերն «անազնիվ մրցակցության» արտահայտություն համարեց. «Այն մարդը, ով ուզում է Երեւանի կոնյակի գործարանը ձեռք բերել՝ առնվազն պիտի «Ֆայնեյշըլ թայմս» կարդա»։ Ճեպազրույցի ավարտին էլ Արմեն Եղիազարյանն արձանագրեց, որ այդ թերթը կարդալն Անդրանիկ Մանուկյանի համար կարող էր ճակատագրական լինել:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930