Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկանգամյա օգտագործման խալաթ հագան բոլոր նախագահները

Հունիս 02,1998 13:14

Երեւանում բացվեց դեղերի գործարան։ Իր տեխնիկական հագեցվածությամբ եւ հնարավորություններով գործարանը չի զիջում միջազգային չափանիշներին։
Գործարանի տարածքը վարձակալվել է «Մարս» գործարանի կողմից։ Դեղագործության արտահանումը հեռանկար ունեցող ուղղություն է, եւ իզուր չէ, որ բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանը բավականին լուրջ գումար է ներդրել այս գործում։ Աշխարհահռչակ հայտնի դեղագործական «Ալքատել», «Բրիստոլ-Մայեր» եւ այլ ֆիրմաներն իրենց անմիջական մասնակցությունը կունենան գործարանի արտադրանքի իրացման գործում։ «Հաջորդ քայլը պետք է լինի, ինչ, որ հիմա տեսաք, ասիկա մեկ տարվա մեջ կրկնապատկելը։ Մենք ամեն ջանք պետք է դնենք, որ սա դառնա առաջինը հարյուրավոր այսպիսի ընկերությունների համար։ Այս գործարանը մեջտեղ եկավ մեկ տարուց ավելի քիչ ժամանակում, մոտավորապես 9 ամսվա ընթացքում, եւ որեւէ պրոբլեմ չունեցանք գործավորներ գտնելու։ Ամեն մեկ գործավորի դիմաց կարող էինք 10-ը գտնել։ Եվ ինչ, որ տեսաք, բոլորը կատարվեց հայ գործավորների կողմից»,- ասաց բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանը։
Մեր այն հարցին, թե որքա՞ն ներդրում է կատարված գործարանի կայացման համար եւ պարոն Մանուկյանը որքա՞ն ժամանակից է ակնկալում շահույթ ստանալ, վերջինս պատասխանեց. «Մոտավորապես 12,5 միլիոն դոլար։ Իմ պարագայիս ես կուզեմ, որ ինչ-որ դրամներ դրած եմ, մնան Հայաստանին մեջ։ Եվ եթե շահեր ունենանք, այդ շահերը գործադրվի այս գործարանը մեծցնելու համար։ Երկիրը առաջ տանելն է ամենեն կարեւորը»։
Պտույտ մը գործարանի մեջ
Գործարանում աշխատելու բոլոր հնարավորություններն առկա են։ Ե՛վ տեխնիկան է հրաշալի, ե՛ւ աշխատավարձն է բարձր, ե՛ւ աշխատանքի արդյունքն է կարեւոր։ Գործարանում արտադրվում է հեղուկ դեղորայք, մասնավորապես 5 տոկոսանոց գլյուկոզա։ Հաբերն առայժմ բերվում են դրսից, սակայն խմբավորվում եւ փաթեթավորվում են գործարանում։ Եղած հնարավորությունները մեկ տարվա ընթացքում հնարավոր է, որ կրկնապատկվեն։ Ինչ-որ չափով գործարանը նաեւ սոցիալական խնդիրներ է լուծում՝ շուրջ 45 մարդ է զբաղված անմիջական արտադրության մեջ։ Գործարանի անխափան աշխատանքն ապահովելու համար տեղադրված է նաեւ «Իվենտո» մակնիշի գեներատոր, որը, հավանական հոսանքազրկման դեպքում, 5 վայրկյան անց, գործարանին նոր հոսանք է մատակարարում։
Խոսելով գործարանի մասին՝ վարչապետ Արմեն Դարբինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այս գործարանի ստեղծումը եւս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանում այսօր հնարավոր է միջազգային չափանիշներով հագեցած գործարանի ստեղծումը»։ Գործարանի տարածքը վարձակալված է «Մարս» գործարանից, որի հետ հարաբերությունների հարցին վարչապետը պատասխանեց. «Որեւէ խնդիր չկա։ Այժմ սեփականատերերը վարձակալում են այս տարածքը «Մարս» գործարանից։ Հետագայում կա՛մ կլինի վարձակալման պայմանագիր, կա՛մ՝ սեփականաշնորհման։ Սա իրավաբանորեն կարգավորվող հարց է։ «Մարսը» գտնվում է սեփականաշնորհման ընթացքում։ Հարկատուներից մեկի հետ մենք այժմ վարում ենք էքսկլյուզիվ բանակցություններ, եւ վստահ եմ, որ շատ մոտ ապագայում սեփականաշնորհման վերաբերյալ կգանք համաձայնության։ Այստեղ գների հարցը չէ, որ մեզ պետք է հուզի։ Մենք պետք է ստեղծենք բոլոր նմանատիպ գործարաններն օգտագործելու հնարավորություն»։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարեւորելով գործարանի դերը, ասաց, թե ամենակարեւորն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից կա համապատասխան վերաբերմունքը եւ կա համապատասխան նպատակը՝ պայմաններ ստեղծել ներդրումային ծրագրերի համար։ Իսկ «սա մեր հաջողված ներդրումային ծրագրերից մեկն է»։
ՀՀ, ԱԺ, ՍԴ, ԿԲ նախագահներ, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, պաշտոնյաներ եւ այլ անձինք
Դեպի գործարան ձգվող մեքենաների շարասյունը բացառապես սեւ գույն ուներ։ Ամեն ինչից երեւում էր, թե որքան է պետությունը կարեւորում դեղերի գործարանի ստեղծումը հիվանդներով եւ հիվանդություններով հարուստ մեր երկրի համար։ Թիկնապահներն ու պահապանները իրարանցման մեջ էին։ Պետք է ասեմ, որ բոլոր պահպանվողները հրաշալի էին պահպանվում։ Միայն արեւն էր հավասար այրում ամենքիս։ Ժամանակ առ ժամանակ ծլնգում էին հայտնի հեռախոսները։ Ի վերջո, ՀՀ նախագահի գալով ամեն ինչ խաղաղվեց։ Ներկաներին ողջունելուց հետո նախագահը եւ նրան ուղեկցողները մտան գործարանի շենքից ներս։ Լաբորատորիաներն ու արտադրամասերը դիտելու համար ամենքիս մեկանգամյա օգտագործման խալաթներ եւ մաշիկներ հագցրին։ Ու եթե Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Միշել Լեգրայի թիկնեղ մարմնի համար խալաթը մի քիչ փոքր էր, ապա Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Միթչիների մարմնին լավ էլ ազատ էր նստած։ Նույնիսկ Մերուժան Տեր-Գուլանյանն էր ճերմակ խալաթով…

Ի դեպ, ճերմակը զարմանալիորեն սազում էր բոլորին։ Մինչ խալաթները հանելը, ամենքը մի տեսակ միագույն էին եւ անբիծ։ Իսկ «Մարս» գործարանի տնօրեն Ս. Դեմիրճյանը պարզապես ներկա էր հանդիսությանը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930