Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի մասին օրենքից հետո՝ այժմ էլ ահա օրենք Հայոց այբուբենի մասին

Հունիս 02,1998 12:47

«Սույն օրենքը սահմանում է Հայաստանում պաշտոնապես կիրառվող այբբենական համակարգը՝ Հայոց այբուբենը»,- գրել է Կարապետ Ռուբինյանն իր այս օրենսդրական նախաձեռնության նախաբանում։ Իսկ այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում նա բազմիցս շեշտեց, որ նախաձեռնության իմաստը ավանդական՝ Մաշտոցյան այբուբենին վերադարձն է, որտեղ «ու» եւ «եւ» տառերը կդասակարգվեն որպես «ո» եւ «ւ», «ե», «ւ» տառերի զուգակցություններ։
Ի դեպ, Կարապետ Ռուբինյանը խոստովանեց, որ ինքը «ռուսական կրթության հաշմանդամ է», եւ, որ այս դեպքում ինքն ավելի շատ հանդես է գալիս իբրեւ խոսափող։ Իսկ հայերենի ուղղագրության միասնականացմանը նպաստող այս նախաձեռնության իրական հեղինակներից մեկը «Հայհամակարգիչ» կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանն է։ Վերջինս մեր այն հարցին, թե ինչո՞ւ է իբրեւ խոսափող ընտրել հենց Կարապետ Ռուբինյանին, արդյոք պատճառը Մեսրոպ Մաշտոցին նրա նմանությո՞ւնն է, մասնավորապես պատասխանեց, թե նա այն քիչ պատգամավորներից է, որ «Ինտերնետից» կարողանում է օգտվել, ինքնուրույն «Homepage» է սարքել եւ այլն։
Այս նախաձեռնությունը կքննարկվի միայն այս տարվա աշնանը։ «Հայոց այբուբենի մասին» օրենքի նախագիծը կարդալ ցանկացողները կարող են այն գտնել «Ինտերնետում» (Karo @parlament. am հասցեով)։ Կարապետ Ռուբինյանն ակնկալում էր, որ սփյուռքահայերն էլ կմասնակցեն այս օրենքի քննարկմանը։ Իսկ «Ինտերնետից» օգտվելու հնարավորություն չունեցողների համար որոշ մեջբերումներ ենք ներկայացնում «Հայոց այբուբենի մասին» օրինագծի բացատրագիր հիմնավորումից։ Ասենք, ներկայիս այբուբենի հակասականությունը «եւ» տառի օրինակով մասնավորապես այսպես է փաստարկվում. «Աշխարհում միայն սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ, տողադարձման ժամանակ տառի կեսը մնա՝ կեսը տեղափոխվի, բառերը մեծատառերով գրելուց խախտվի գրանշանների քանակը, որակը եւ այբբենական դասակարգման կարգը»։ Որպես ապացույց բերվում է երկու տարբեր բառարաններում «եւ» պարունակող բառերի տարբեր տեղերում գտնվելը. «եւն ու եւսը, Դեւոն, Սեւոն, Թեւոն, տո՛ հենց Լեւոն՝ խեղճ թագավորին եւ նրա անվանակիցներին հայկական հանրագիտարանում, որ տառի տակ ասես, որ չես հանդիպի»։
Եվ վերջապես, Կարապետ Ռուբինյանը հիշեցրել է, որ ժամանակին ակադեմիկոս Ջահուկյանի եւ այլ լեզվաբանների համանման «մահափորձը» «եւ» տառի դեմ ձախողվել էր։
Աշնանը կերեւա, թե կհաջողվի՞ արդյոք ա՛յս մեկը։
Ա. Ի.

«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930