Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկայացած համագործակցություն

Հունիս 02,1998 11:06
marmnavachar

Առաջին հանրապետության եւ Սարդարապատի ճակատամարտի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով, ինչպես հայտնի է, Հայաստան էին ժամանել գրեթե այնքան սփյուռքահայեր, որքան հայկական զորքերի թիվն էր ճակատամարտի ժամանակ։

Եվ քանի որ սփյուռքահայ մեր եղբայրները, ըստ երեւույթին, հայրենասիրությունից զատ, մարդկային այլ պահանջմունքներ եւս ունեն, այդ օրն իսկական տոն էր նաեւ մայրաքաղաքի այն «փափկասուն տիկնանց» համար, ովքեր գերադասում են իրենց գործունեությունը ծավալել հատկապես «Արմենիա» հյուրանոցի մերձակայքում եւ հատկապես մթնշաղից հետո։
Բնականաբար, ժամանակները փոխվել են, եւ եթե մի քանի տարի առաջ վերոհիշյալ տիկնանց արհեստի անքակտելի մասն էր անգլերեն մի քանի բառերի իմացությունը, ապա ներկայումս անհրաժեշտ են նվազագույն գիտելիքներ Առաջին հանրապետության պատմությունից եւ «տեսլական» բառը տեղին օգտագործելու հմտություն։ Եվ ահա «վերապրոֆիլավորված» տիկնանց մի խումբ մայիսի 27-ի երեկոյան խմբվել էր օպերայի շենքի մոտ (որտեղ տեղի ունեցող հանդիսավոր նիստին մասնակցում էին բազմաթիվ սփյուռքահայեր)՝ ըստ երեւույթին վստահ, որ սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը կցանկանան հաճելին համատեղել օգտակարի հետ եւ իրենց ներդրումը կատարել հանրապետությունում դրամական զանգվածի ավելացման ազգանվեր գործին։ Համենայնդեպս, նրանց արտաքինը ոչ միայն որեւէ կասկած չէր ներշնչում, այլեւ կարող էր ճիշտ ուղուց շեղել հավատավոր ավանդապաշտին անգամ։
Ավաղ, Հայաստան-Սփյուռք համագործակցությունն առանձին վերցրած մի բնագավառում այս անգամ չկայացավ։ Տիկնայք ուշացել էին (կամ նիստն էր նախատեսվածից շուտ ավարտվել)։ «Յախք, Մառ, բա որ ասում էի շուշուտ էթա՜նք»,- ընկերուհուն դիմեց նրանցից մեկը, որի հիմնական հագուստը կոշիկներն էին, եւ ծաղկեփունջը շարժվեց դեպի հրապարակ՝ ինքն իրեն մխիթարելով, որ սխալների վրա սովորում են, եւ «գալ տարի» ամեն ինչ լավ կլինի։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930