«Ինքնին հասկանալի է, որ որեւիցե ատյանի կողմից «Հայոց ցեղասպանության» ճանաչումը Թուրքիան կհամարի անվավեր եւ ուժ չունեցող»։
Թուրքիայի վարչապետ ՄԵՍՈՒԹ ՅԸԼՄԱԶԻ՝ Ֆրանսիայի վարչապետին հղած ուղերձից, «Ազգ», 30 մայիսի
«Առավոտի» մի աշխատակից ենթադրեց, որ տեսակետին հակադիր պիտի լինի մեր Մազի՝ Արմեն Մազմանյանի կարծիքը, չնայած վերջինս, չգիտես ինչու, Ֆրանսիայի վարչապետին ուղերձ չի հղել։ Եվ իզուր։ Եթե Յըլմազն իրեն իրավունք է վերապահում անվավեր համարել Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը, ապա ինչո՞ւ մեր Մազը չի կարող վավեր համարել այն։
ԱԽՄԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Կարդացեք նաև
«Նա (Պարույր Հայրիկյանը- Վ. Դ.) ասաց, որ ԱԻՄ-ը նախագահական ընտրությունների առաջին փուլում շուրջ 100, իսկ երկրորդ փուլում 200 հազար ձայն է բերել Ռոբերտ Քոչարյանին։ Եվ դրանք եղել են համոզված, գիտակից ձայներ»։
«ԱՌԱՎՈՏ», 30 մայիսի
Մինչդեռ ժողովուրդը՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը, Հայրիկյանի օգտին առաջին փուլում ընդամենը 70. 522 ձայն է բերել։ Ընդ որում, դրանք եղել են կասկածող, անգիտակից ձայներ, մանավանդ եթե հիշենք, որ երկրորդ փուլում դրանց թիվը հավասարվել է 0-ի՝ Հայրիկյանի՝ երկրորդ փուլ չանցնելու պատճառով։
ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԽԱՂՈՂ
«Հայկական կոնյակը հայկական չի լինի, եթե այն պատրաստենք բերովի խաղողից։ Հայկական կոնյակի որակի ամենագլխավոր հատկանիշն այն է, որ այն իր մեջ հայկական արեւի, ջրի եւ հողի հատկություններն է պարունակում»,և ասում է Ալբերտ Հերոյանը։ Այդ պատճառով գործարանը հրաժարվել է խաղող գնել անգամ Արցախից։
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ», «PA», 30 մայիսի
Կոնյակի գործարանի տնօրեն Ալբերտ Հերոյանը, փաստորեն, չեղյալ է համարում 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը եւ հրաժարվում է Արցախը ճանաչել Հայաստանի անքակտելի մաս՝ կողմ լինելով, որ վիճելի հարցերը լուծվեն Արցախի եւ Ադրբեջանի խաղողների ուղղակի բանակցությունների միջոցով, հարգելով ողկույզների ազատ ինքնորոշման իրավունքը։
Հ. Գ. Լուրեր են պտտվում, թե ՀՀ Սահմանադրության մեջ համապատասխան հոդված է լինելու, ըստ որի հայկական կոնյակի հումք կարող է դառնալ Հայաստանում առնվազն 10 տարվա գրանցում ունեցող խաղողը։ Մնացած խաղողները, այդ թվում՝ Արցախի խաղողը ճանաչվում են կոնյակի համար ոչ լեգիտիմ խաղողներ։
ՊԵՂՈՒՄՆԵՐ
«Լավ զինադադարը երբեմն ավելի լավ է, քան վատ խաղաղությունը, չէ՞ որ վերջինս միշտ կարող է ընդհատվել պատերազմով»։
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, հնագետ, «Երկիր», 23 մայիսի
Վահան Հովհաննիսյանը ներկայումս զբաղված է «Երկաթը տաք- տաք կծեծեն», «Տաշած քարը գետնին չի մնա», «Լավ ընկերոջ համար անգամ…» ասույթներին համարժեք խորհուրդներ պեղելով։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.