Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշիչը «շրջապատն» է

Հունիս 02,1998 16:04

Մի բան է, երբ նախագահ կամ խորհրդարան են ընտրում, մեկ այլ բան՝ երբ խոսքը մեկ առանձին վերցրած ընտրատարածքի մասին է, ընդ որում այն պարագայում, երբ ներկա ԱԺ-ին մնացել է ամենաշատը մեկ տարվա կյանք: Նման դեպքերում ավելորդ խոսել ընտրազանգվածի քաղաքական կամ քաղացիական ակտիվության մասին: Խոսք կարող գնալ նրանց՝ թեկնածուների ակտիվության եւ հնարավորությունների մասին: Բաժակաճառերի լեզվով ասած, հաղթում է նա, ով ավելի լավ /կամ լայն/ «շրջապատ» ունի:
Այդպիսի ընտրություններ տեղի ունեցան անցած կիրակի թիվ 3 ընտրատարածքում, որտեղ բազմափորձ ընտրողներն ազատ էին նախկին պատրանքներից՝ ընտրելու դրդապատճառների վերաբերյալ: Այսինքն՝ մարդիկ շատ լավ հասկանում էին, որ իրենց պատգամավորը ճանապարհները չի ասֆալտապատի եւ թոշակառուներին նպաստներ չի վճարի: Քաղաքականությունն էլ առանձին դեր չէր խաղում՝ ձեւականորեն բոլոր թեկնածուներն առաջադրվել էին քաղաքացիական նախաձեռնությամբ: Ճիշտ է, Բագրատ Ասատրյանը, որն արդյունքում գրավեց երրորդ տեղը, պետք է հաշվի առներ, որ ընտրողներն իրեն չեն ների /գուցի առա՞յժմ/ իր պատկանելությունը ՀՀՇ-ին ու նախկինում աշխարհի ուժեղներին, ինչպես նաեւ այն հանգամանքը, ԿԲ նախագահի պաշտոնից նա հրաժարվել է Տեր-Պետրոսյանի հարաժարականից անմիջապես հետո: Գուցե նրա դեպքում դեր խաղաց նաեւ «տեղական հայրենասիրությունը»՝ պարոն Ասատրյանը շենգավիթցի չէ:
Ընտրեցին կոշիկի գործարանի տնօրեն Մարտին Սարգսյանին: Նրա նախընտրական «շրջապատն» ավելի լայն էր, քան մնացածներինը: Բացի այդ, ընտրարշավի ժամանակ նրա օգտին հրապարակավ հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը: Պարոն Սարգսյանին պաշտպանում էրն նաեւ երկրապահներն ու հանրապետականները, եւ այդ ամենը թույլ տվեց ընտրազանգվածին ենթադրել, որ կոշիկի գործարանի տնօրենը իշխանության թեկնածուն է: Իսկ այդ հանգամանքը արդեն երեք տարի է, որ գործում է գրեթե անվրեպ: Մանավանդ այն դեպքում, երբ քաղաքական դրդապատճառները բացակայում են, իսկ նոր ընդդիմությունը դեռեւս չի ձեւավորվել:

«Առավոտ» օրաթերթ, 02.06.1998 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել