Լրահոս
Օրվա լրահոսը

1993թ. ԱՎԵԼԻ ՇԱ՞Տ ԵՆՔ ՀՈՍԱՆՔ ԾԱԽՍԵԼ

Մայիս 30,1998 00:00
hosanq

Առ այսօր ոչ ոք քիչ թե շատ համոզիչ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչո՞ւ 1993թ., երբ հանրապետությունում արտադրվում էր ավելի շատ էլեկտրաէներգիա, քան 1997թ., բնակչությանը հոսանք էր տրվում ընդամենը 2 ժամ։ Բանն այն է, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն, 1993թ. արտադրվել է 6295 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, 1997թ.՝ 6015 մլն։ Արդյունաբերությունը ծախսել է գրեթե նույն չափով (համապատասխանաբար՝ 702 մլն եւ 722 մլն)։ Ուրեմն ո՞ւր է կորել մնացած էներգիան։ Հասարակության մեջ համառորեն շրջում են մի քանի վարկածներ։ Առաջին՝ էլեկտրաէներգիան վաճառվել է հարեւան երկրներին։ Երկրորդ՝ այդքան էլեկտրաէներգիա չի արտադրվել, մազութը գնվել է, բայց Հայաստան չի բերվել, այլ վաճառվել է արտասահմանում։ Երրորդ՝ մազութի փոխարեն ներկրվել եւ փողոցներում վաճառվել է բենզին։ Ո՞րն է իրականությունը։ Այս հարցերը խնդրեցինք պարզաբանել ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգի շահագործման հսկողության վարչության պետ ՖԵԼԻՔՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ։

Էլեկտրաէներգիա արտահանվե՞լ է.

Ըստ պրն Թադեւոսյանի, դա պարզապես անհնար էր։ Վրաստանի հետ կապող էլեկտրահաղորդման գծերը խախտվել են 1992թ., Ադրբեջանի հետ՝ 1991թ., Նախիջեւանի հետ՝ 1990թ., իսկ Թուրքիայի հետ կապող գծերը, որոնք կառուցվել են 70-ական թվերին, գործել են ընդամենը 48 ժամ՝ փորձարկման նպատակով։

Գազը եւ մազութը Հայաստան բերվե՞լ են.

Ըստ պրն Թադեւոսյանի, այո։ Անհնար էր այդ բնագավառում մեքենայություններ իրականացնել, որովհետեւ գազաբաշխիչ կայաններում աշխատում էին հազարավոր մարդիկ, եւ կեղծիքը թաքցնելն անհնար կլիներ։ Ինչ վերաբերում է մազութին, ապա ամեն ինչ ֆիքսվել է մաքսատներում, իսկ ջերմակայանների մոտ 1800 աշխատողների «հսկողության տակ» հնարավոր չէր լինի արտադրել քիչ, ցույց տալ շատ։

Ստացվում է, որ այդքան հոսանք իսկապես արտադրվել է։ Ուրեմն ո՞ւր է կորել։ Էներգետիկայի նախարարությունում դա բացատրում են հետեւյալ կերպ. նախ՝ կորուստներն ավելի շատ են եղել, քան հիմա։ Երկրորդ՝ ապօրինի լարանցումները համակարգի «հերն անիծել» են (միայն մի օրվա ստուգումների արդյունքում 60 մեգավատ հզորության ապօրինի լարեր են կտրվել)։

Փաստորեն բացատրությունը հետեւյալն է. քանի որ ապօրինի հոսանքը հաշվիչ չի մտել, մարդիկ սպառել են ագահությամբ եւ առանց խնայողության, ընդ որում՝ ավելի շատ, քան 1997թ.։

Հավատալո՞ւ բան է։

Պրն Թադեւոսյանը պնդում է, որ հենց այդպես էլ եղել է։ Մենք կարծում ենք, որ այդպես չի եղել։ Ըստ էներգետիկայի նախարարության տրամադրած թվերի, 1993թ. էլեկտրակայաններից դուրս է եկել 6099 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, արդյունաբերությունը սպառել է 702 մլն, բնակչությունը՝ 1357 մլն, բյուջետային հիմնարկները՝ 127 մլն (ընդամենը՝ 2186 մլն)։ Ո՞ւր է կորել 3913 մլն-ը (64 տոկոսը)։ Նման կորուստներ չեն լինում։ Եթե անգամ ընդունենք, որ կորուստներն այն ժամանակ կազմել են 30 տոկոս (ֆանտաստիկ թիվ նույնիսկ Հայաստանի համար), ապա միեւնույն է՝ անհայտ է, թե ուր է կորել 2 մլրդ կվտ ժամ հոսանքը։

Ապօրինի լարանցումների մասին։

Ի վերջո դրանցով էլեկտրաէներգիա չի «կորել», քանի որ լարանցումները սկսվում էին հիմնականում գործարաններից, հիվանդանոցներից եւ այլ հիմնարկներից, եւ, ի վերջո, դա գրանցվում էր որպես տվյալ հիմնարկների ծախս։ Այնպես որ, այդ ամենը կարող էր միայն մեծացնել արդյունաբերության ծախսած հոսանքի թիվը եւ նվազեցնել բնակչության ծախսածինը, բայց ընդհանուր սպառման թվի վրա էական ազդեցություն ունենալ չէր կարող։

Եվս մի հարց։

Ենթադրենք, թե էներգետիկայի նախարարությունն իսկապես ճիշտ է, եւ բնակչությունը ապօրինի կերպով ծախսել է արտադրված ողջ հոսանքը (բացի տեխնիկական կորուստներից)։ Հրաշալի է։ Բայց բոլորս հիշում ենք, որ ոչ ոքի թույլ չէր տրվում «գեղեցիկ աչքերի համար» ապօրինի գիծ ունենալ։ Դրա համար վճարում էին եւ վճարում էին բավականին շատ։ Հայտնի էր նույնիսկ մոտավոր գինը՝ մեկ ամպերի համար պետք էր վճարել 3-5 դոլար, ինչը մոտավոր հաշվարկներով կազմում էր ամսական 3-5 մլն կամ տարեկան 36-60 մլն դոլար։ Ո՞ւմ գրպանն են մտել այդ գումարները։ Փաստն այն է, որ 1993թ. Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ երեւույթ՝ արտադրված էլեկտրաէներգիայի 64 տոկոսը կորել է։ Ահա եւ ապացույցն այն բանի, որ էներգիայի պահպանման օրենքը մեկ առանձին վերցված երկրում կարող է եւ չգործել։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031