Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄ» Է ՃԳՆԱԺԱՄԸ

Մայիս 30,1998 00:00
Paruyr Hayrikyan

ԻՄ-ի 18-րդ համագումարը գումարվում էր «Քրիստոնեավարական Հայաստան» կարգախոսի ներքո, որն իբրեւ ցուցապաստառ, փակցված էր կառավարության նիստերի դահլիճի պատշգամբին։ Այն, սկզբնական փուլում, ինչպես մյուս բոլոր կուսակցությունների համագումարները, ներառեց բոլոր քաղաքավարական արարողակարգերը։ Ողջույնի խոսք ասացին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, թե՝ ինքն ու իր ընտանիքը հարգում են Պարույրին, Գյումրիի մտավորականների միության ներկայացուցիչը, թե՝ ԱԻՄ-ն ունի սոցիալական բազա ու առաջնորդ, որի հետեւից ոչ ներսում, ոչ դրսում ոչ ոք չի կարողանում հասնել, ԳիԱրՔՄի-ի անդամ Ռ. Սահակյանը, որն էլ հայտարարեց, թե նորընտիր նախագահին սատարած ուժերը չպետք է մեկուսանան եւ անցյալում կատարված սխալների ուղղումը հանձնեն դիտորդներին։

Կարող էր ողջույնի խոսք ասել նաեւ Վիգեն Խաչատրյանը, լուրջ եմ ասում, սակայն նա, ներկա գտնվելով հանդերձ, մի կողմից գերադասեց լռել, իսկ մյուս կողմից էլ՝ դեռ մինչեւ ընդմիջումը հեռացավ համագումարից։ Համագումարում կատարված ամենակարեւոր երկու իրողությունների կենտրոնում էլ, բնական է՝ Պարույր Հայրիկյանն էր։ Սկզբից անդրադառնանք նրա ելույթին, որը որոշ իմաստով բավականին անսպասելի շեշտադրումներ է բովանդակում։

Այսպես՝ ԻՄ նախագահը համարում է, որ տարին վճռորոշ է դեպի ժողովրդավարություն քայլ կատարելու ուղղությամբ։ Չկա որեւէ քաղաքական կուսակցություն, որ կասեցված լինի։ Կասեցումից դուրս է բերվել ՀՅԴ-ն, որին Պարույր Հայրիկյանը համարում է իրենց ապագա ընդդիմախոսը՝ ընկերվարական լինելու եւ Աստված չընդունելու պատճառով։ ԻՄ նախագահն անդրադարձավ նաեւ այն իրողությանը, որ հասարակությունն իրենց համարում է հաղթանակած կողմ եւ իշխանամետ կուսակցություն։ Այստեղից Պարույր Հայրիկյանի խոսքն ավելի հետաքրքիր զարգացում ունեցավ։ Նա ընդունեց ԳիԱրՔՄի-ի ներկայացուցչի դիտողությունը, որ ավելին պահանջելու իրավունք Ռոբերտ Քոչարյանին սատարած կուսակցություններն, իրոք, ունեն։ Դառնալով հանրապետության նախագահ, Պարույր Հայրիկյանը, իր իսկ խոսքերով, էլի պետք է զբաղվեր պետաիրավական բարեփոխումներով, ինչով այսօր զբաղված է։ Նույնիսկ նախագահի պաշտոնն այս ոլորտում նրան որեւէ այլ լծակ չէր ընձեռի։ Այս հիմքերից ելնելով էլ ԻՄ նախագահն ասաց, թե իրենք ստացել են ավելին, քան պահանջել են։

Դրանով հանդերձ, ԻՄ-ը գործադիր կառույցներում աշխատելու որեւէ հայտ չի ներկայացրել, միաժամանակ՝ չի էլ սահմանափակել սեփական անդամների հնարավոր մասնակցությունը պետական կառավարմանը։ Հետո մի մասով էլ խոսք եղավ ընտրական օրենսգրքի մասին։ Հայրիկյանն ասաց, թե ԻՄ-ը գտել է պետական համակարգի ելակետը, եւ դա զուտ իրենց ձեռքբերումն է. հիմքում պետք է դրվի մարդու իրավահավասարության դրույթը։ Այս սկզբունքի վրա էլ ձեւակերպվել է Հայրիկյանի բանաձեւը, որը փաստում է՝ ընտրություններում ավելի մեծ տեղ պետք է տրվի համամասնականությանը, որովհետեւ մեծամասնական, Հայրիկյանի թարգմանությամբ, ոչ թե մաժորիտար, այլ բոլշեւիկյան է նշանակում։ Չգիտեինք, որ բոլշեւիկյան սկզբունքով են ընտրվում ամերիկյան կոնգրեսականները։

Պարույր Հայրիկյանի մյուս հայտարարությունները շատ ավելի մեծ ուշադրության էին արժանի։ Նա ասաց, որ ԱԻՄ-ը նախագահական ընտրությունների առաջին փուլում շուրջ 100, իսկ երկրորդ փուլում 200 հազար ձայն է բերել Ռոբերտ Քոչարյանին։ Եվ դրանք եղել են համոզված, գիտակից ձայներ։ Դրանց հենքի վրա էլ Պարույր Հայրիկյանը հնարավոր համարեց առկա ճգնաժամի հաղթահարումը։ Իսկ ճգնաժամն ունի հետեւյալ պատկերը։ Նախագահի հզորությունը թվացյալ է, եթե այսօր արդար ընտրություն կատարվի, ապա խորհրդարանը կունենա գրեթե այսօրվա բովանդակությունը։ Նախագահն ու կառավարությունն անելիք չեն ունենա։ Վերջինս կհեռացվի անմիջապես, որովհետեւ ձայների շուրջ 30 տոկոսը կհավաքեն կոմունիստները, եւ միայն Դեմիրճյանն իր սոցուժերով կարող է այդ քվեները կիսել, իսկ 20-ական տոկոս կստանան ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն ու ԱԻՄ-ը։ Թեպետ՝ ԱԺՄ-ի տոկոսները նվազում են, իսկ ԻՄ-ինը՝ բարձրանում։ Մնացած կուսակցությունները միասնաբար կստանան 10 տոկոս, ոչ ոք չի անցնի երեք տոկոսի սահմանը, իսկ ՀՀՇ-ի տոկոսային վարկանիշը մոտ կլինի 2-ին։

Պարույր Հայրիկյանը հակված էր պաշտպանել նախագահի պաշտոնի ինստիտուտը, որովհետեւ այսօր երեք քաղաքական ուժ, իսկ դրանք չմատնանշվեցին, բանակցում են նախագահի պաշտոնը վերացնելու խնդրի շուրջ։ ԻՄ նախագահի սահմանմամբ, դրանք այն ուժերն են, որոնք առաջիկա 4-5 տարում չեն կարող նախագահ ընտրվել։ Կարծես թե ինքը կարող է. առաջիկա 4-5 տարում Հայաստանում, ըստ օրենքի, նախագահական ընտրություններ չպիտի անցկացվեն։ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ անդամներից ոմանք ցանկանում են ընդգրկվել ԻՄ խմբակցությունում։ Եվս երկու կարեւոր հայտարարություն արեց Պարույր Հայրիկյանը։ Նախ՝ որ տեղի ունեցած քաղաքական տեղաշարժերը բարեպատեհ հնարավորություններ էին ստեղծել արտաքին քաղաքականության տիրույթում ավելի ճկուն քաղաքականություն ունենալ եւ հաջողությունների հասնել ինչպես Արցախի, այնպես էլ Հայ դատի հետապնդման հարցերում, եւ մեկ էլ՝ Բուլղարիայից, Լեհաստանից եւ Մոսկվայից հրավերներ ունենալով, ինքը մերժել է որեւէ քայլ դուրս դնել Հայաստանից, քանի որ սահմանադրական փոփոխությունների ընթացքն է նախապատրաստում։

Հետո եկավ ԱԻՄ-ի նախագահի ընտրության արդյունքները հաստատելու հերթը։ Դրանք ներկայացրեց կուսակցության դիվանի փոխխոսնակ Նորայր Խանչադյանը։ Պարզվեց, որ ԱԻՄ-ում ընդունված է փուլային ինքնորոշման սկզբունքը, այսինքն՝ Պարույր Հայրիկյանն ԻՄ նախագահ դառնալ է վճռել միայն երրորդ խորհրդաժողովից հետո։ Նրա մրցակիցներ Ռուբեն Վարդանյանն ու Ներսես Զեյնալվանդյանը նույնպես երրորդ փուլում են ինքնորոշվել՝ մտածելով, որ չեն մրցակցելու Պարույր Հայրիկյանի հետ։ Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը այլեւս ԻՄ փոխնախագահ չէ։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Ներսես Զեյնալվանդյանը։ Ռուբեն Վարդանյանը նույնիսկ ԻՄ-ի դիվանում չընդգրկվեց։ Նա այլեւս, ինչպես մատուցեց Պարույր Հայրիկյանը, զբաղվելու է գաղափարական, մամուլի, քարոզչության, տեխնիկական կապի, ինչպես նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցերով։

Սակայն նորից դառնանք ԻՄ 18-րդ համագումարին։ Չենք կարող չնկարագրել Պարույր Հայրիկյանի վերահաստատումը արձանագրող պատկերները։ Նրա ուսերին գցեցին վաղնջական Հայաստանին բնորոշ քրմապետի կարմիր քողը, ու նա երդվեց՝ դառնալ հայ ժողովրդի ապահովության եւ հայրենիքի բարգավաճման անխոնջ ծառա։ Եվ այդ հարցում «թող Աստված առաջնորդի եւ ուղեկցի ինձ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031