«- Դուք նշանակվել եք ՀՀ նախագահի խորհրդական։ Ձեր խորհուրդների ո՞ր մասն է Ռ. Քոչարյանը կյանքի կոչում։
– Ընդհանրապես մարդիկ խորհուրդ են հարցնում, որպեսզի այդ խորհուրդը չկատարեն։ Դրա վերաբերյալ հին հայկական ասացվածք կա»։
ՀՀ նախագահի խորհրդական ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ հարցազրույցից, «Իրավունք», թիվ 22
Ի հակակշիռ Ղուրանի հանրահայտ ասույթի՝ «Կնոջը լսիր եւ հակառակն արա», հին հայերը, պարզվում է, հորինել եւ սերունդներից խնամքով թաքցրել են «Խորհրդականիդ լսիր եւ հակառակն արա» ասացվածքը։ Այսչափ իմաստնություն ունեցող խորհրդականը, բնականաբար, պետք է որ լրիվ հակառակ խորհուրդները տա նախագահին։ Ասենք, եթե ուզում է, որ խաղաղություն լինի՝ պիտի խորհուրդ տա պատերազմել:
Կարդացեք նաև
ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՆՐԱՆՑ ՎԱՅՐԻ, ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ
«Հիմա, որ ֆրանսիացիք չունեն Սահմանադրական դատարան, դու ի՞նչ ես կարծում, Դը Գոլը, Պոմպիդուն կամ Միտերանը դրանի՞ց մեռան։ Չէ, բոլորովին, պատճառներն ուրիշ էին, մեկ-մեկ կարող եմ ասել դրանք, բոլորի դիագնոզներն էլ գիտեմ, ոչ մեկի մեջ գրված չէ, որ նա մեռավ Սահմանադրական դատարանի բացակայությունից, ճիշտ այնպես, ինչպես Հոմերոսը չի կուրացել գրաքննադատության բացակայությունից»։
ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ ԱԺ իրավաբանական ծառայության պետ, «Առավոտ», 27 մայիսի
Իզուր է պարոն Նազարյանը հայերին համեմատում ֆրանսիացիների կամ հին հույների հետ։ Եթե Դը Գոլը, Պոմպիդուն կամ Միտերանը հայ լինեին՝ նրանք հենց ՍԴ-ի բացակայությունից կմեռնեին։ Եթե Հոմերոսը հայ լիներ՝ կկուրանար հենց գրաքննադատության բացակայությունից։ Եթե Բեթհովենը հայ լիներ, կխլանար ոչ թե աթերոսկլերոզից, այլ «Հայ եմ ես, հայ ես դու» երգից։
ՔՈՉԻՆՅԱՆԸ ՄԵԾԱՆԱ՝ ԳԵՆԵՐԱԼ Է ԴԱՌՆԱԼՈՒ
«Մտածում էի, որ կարող եմ գեներալ դառնալ եւ կարծում եմ՝ դեռ ուշ չէ»։
ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ Լոռվա մարզպետ, «Իրավունք», թիվ 22
Պարոն Քոչինյանի բուռն ցանկությունը, ասում են, մտերիմ ընկերները մեղմել են՝ ասելով. «Ոչ թե դեռ ուշ չէ, այլ դեռեւս շուտ է։ Կմեծանաս՝ կդառնաս»։
ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿ
«Ես սեռական փոքրամասնություններին առաջարկում եմ գրանցվել՝ արվամոլները կամ, ասենք, լեսբիական սիրո երկրպագու աղջիկները կարող են արդարադատության նախարարություն դիմել։ Եվ եթե գրանցվեն՝ այդ ժամանակ էլ կխոսենք այդ կազմակերպությունների ղեկավարների հետ եւ կարող ենք նրանցով զբաղվել»։
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Առավոտ», 28 մայիսի
Սեռական փոքրամասնությունները, ըստ տարածվող լուրերի, արդարադատության նախարարությունում չեն գրանցվում, քանի որ ոչ մի ցանկություն չունեն, որ Վահան Հովհաննիսյանը զբաղվի իրենցով։ «Եթե շատ ես ուզում՝ դու գրանցվի»,- ասել են նրանք։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ