Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈՒ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՅՐՈՒՄԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ

Մայիս 30,1998 00:00
Ayrum

Ապօրինաբար սեփականաշնորհվել է Տավուշի մարզի Այրում գյուղի գյուղապետարանի վարչական շենքը, իսկ գյուղապետ Ռուսլան Անտոնյանն ու էլի տասնմեկ աշխատակիցներ մնացել են «զա բորտոմ»։ Պահածոների գործարանի կենցաղսպասարկման ծառայության նախկին շենքն է (85-ից 90 թ.)։ Ապա, ծառայության լուծարումից հետո, 93 թվականից արդեն խարխուլ այդ շենքը պահածոների գործարանի արհկոմի եւ ադմինիստրացիայի համատեղ որոշմամբ 10 տարի վարձակալությամբ տրամադրվել է գյուղապետարանին՝ պայմանով, որ շենքը վերանորոգվի գյուղապետարանի միջոցներով։ Մինչ այդ գյուղապետարանը հանրակացարանի նկուղային հարկում էր տեղակայված։ Պահածոների գործարանի սեփականաշնորհման ժամանակ այդ շենքը առանձնացվեց գործարանից եւ կառավարության 122 որոշման համաձայն շենքը հանձնվեց համայնքին՝ որպես սեփականության գույք։

97-ի հոկտեմբերին գյուղապետն իմանում է, որ գյուղապետարանի շենքը՝ որպես փոքր օբյեկտ, մտել է սեփականաշնորհման ցուցակ՝ որպես «Կենցաղի տուն»։ Իսկ «Կենցաղի տուն» ձեռնարկության կողմից գյուղապետարանի վարչական շենքի որեւէ հատվածի, առավել եւս՝ ամբողջ շենքի զբաղեցման մասին որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։ Այսինքն՝ սեփականաշնորհման գործարքը կատարելիս որպես գույք ընդգրկվել է տարածքը։ Այս ապօրինության մասին տեղյակ է պահվել ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը։ Հարցը լուծելու փոխարեն՝ նախարարությունը գյուղապետարանին հայտնում է, որ սեփականաշնորհման գործարքների կնքման վերաբերյալ վեճերը լուծում է դատարանը։ Սա այն դեպքում, երբ սեփականաշնորհման նախարարության եւ «Դվին» ՍՊԸ-ի (սա այն կազմակերպությունն է, որը պատրաստվում է զբաղեցնել գյուղապետարանի շենքը) միջեւ դեռ չէր կնքվել շենքի վաճառքի պայմանագիր։ Սա՝ մեկ։ Այստեղ կատարվել է եւս մեկ ապօրինի քայլ. խախտվել է պայմանագիրը, որով 10 տարով այդ շենքը վարձակալության էր տրված գյուղապետարանին։

«Մենք դիմել ենք Սպանդարյանի ժողդատարան՝ սեփականաշնորհման գործարքն անվավեր ճանաչելու հայցով։ Բայց ոտնահարելով մեր իրավունքները, գործին մինչեւ վերջ չծանոթանալով՝ մեր հայցը ժողդատարանը մերժեց»,- բորբոքված պատմում էր գյուղապետը։ Հայցը մերժվել է այն դեպքում, երբ նախկին ֆինանսների նախարար Արմեն Դարբինյանը որոշել էր, որ Այրումի գյուղապետարանի շենքը սեփականաշնորհման է ներկայացվել սեփականաշնորհման նախարարություն ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կողմից, որը դրա իրավունքը չուներ։ «Ես սա գնահատում եմ որպես արհամարհանք տեղական իշխանության հանդեպ։ Հարցն այնքան շենքը չէ, որքան արհամարհանքը թե՛ մեր, թե՛ մեր մարզպետի հանդեպ»։ Թեեւ ինձ համար զարմանալի էր, որ Տավուշի մարզպետը իր մարզի ներսում, «իր» դատարանում չի կարողացել լուծել այս հարցը. դիմումներ ու նամակներ է գրել կառավարություն, դատախազություն։

Ըստ գյուղապետ Ռուսլան Անտոնյանի՝ իրենք դիմել են Նոյեմբերյանի դատախազ Սպարտակ Անտոնյանին, բացատրել մանրամասները, բայց ոչ մի հիմնավոր պատասխան չեն ստացել, նոր դիմել են Սպանդարյանի դատարան, այստեղ էլ հարցը մերժվել է։ Թեեւ գյուղապետը նպատակ ունի դիմել Գերագույն դատարանին, սակայն համոզված է, որ այնտեղ էլ հարցը հօգուտ իրենց չի լուծվի, որովհետեւ «ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը օբյեկտը ձեռք բերած «Դվին» ՍՊԸ-ն անօրինական գործարքի մեջ են՝ ընդդեմ Այրումի գյուղապետարանի»։ Այս անօրինական վճռի դեմ էլի՛ շատ փաստարկներ ունի գյուղապետը՝ այն, որ համայնքի սեփականությունը սեփականացրել են առանց նրա համաձայնության, բայց «ո՞վ է լսողը»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Քանի որ այս գործը շուտով կմտնի Գերագույն դատարանի վարույթ, հուսով ենք, որ գոնե այստեղ այն մանրամասնորեն կուսումնասիրեն ու Այրումը չեն թողնի առանց գյուղապետարանի։ Իսկ եթե այս փաստն իրավապահ մարմիններին շատ չի հուզում, թող գոնե հարցը արդարացիորեն լուծեն հանուն նախկին ֆինանսների նախարար, ներկայիս վարչապետ Արմեն Դարբինյանի ու Այրումի գյուղացիների աչքում չթողնեն, որ նրա «խոսքը գետին ընկնի»։ Չէ՞ որ դեռ էն ժամանակ էր Արմեն Դարբինյանն ասել, որ Այրումի գյուղապետարանի շենքի սեփականաշնորհումը օրինական չէ։ Իսկ որ ասում էր, ուրեմն մի բան գիտեր, չէ՞։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031