Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն՝ որոնումների մեջ

Մայիս 29,1998 00:00
Vano

«Բաբիկը չի ուզում դառնալ ՀՀՇ-ի նախագահ»,- ասում է ՀՀՇ-ի նախագահը: Ընտելացել ենք, որ ՀՀՇ-ի մասին խոսքուզրույցը կարող է ներառել ամեն ինչ, բացի գաղափարական եւ սկզբունքային հարցերից։ Եվ դա բնական է, նաեւ՝ իրական։ Այս տիրույթից հեռու չէր նաեւ անցյալ տարի տեղի ունեցած ՀՀՇ համագումարը, երբ պայքարը Վանո Սիրադեղյանի ու Էդվարդ Եգորյանի միջեւ, չնայած երկուստեք հավաստիացումներին, այդպես էլ չէր ընկալվում ինստիտուցիոնալ մոտեցումների շրջանակում։ Խնդիրն անձնավորվում էր՝ եւ սա էլ իրական է ու նաեւ՝ բնական։ Այժմ, երբ ՀՀՇ-ն իշխանություն չէ, կարծես թե՝ այդ կուսակցությունում այլ գործընթացներ են ծայր առել։

ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը համարում է՝ իրենց կազմակերպության ծրագիրը, որը մշակվել ու խմբագրվել է վաղուց՝ հնացած է։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես մատուցեց Վանո Սիրադեղյանը, ծրագրում տեղ գտած հիմնական դրույթները, ծրագրերը եւ նպատակներն իրագործված են, այլեւ այն պատճառով, որ վերոնշյալ փաստաթուղթը գրված էր նորաստեղծ պետության համար։ ՀՀՇ վարչության նախագահը համարում է, որ իրենց կազմակերպության ներկայիս ծրագիրն ըստ էության այլ բան չէր, քան լիկբեզի դասագիրք, որն ասում էր, թե ինչ է նշանակում. 1. դեմոկրատիա, 2. իրավական պետություն, 3. խաղաղ գոյակցություն հարեւանների հետ եւ այլն։

Մինչդեռ, ինչպես Վանո Սիրադեղյանն է պնդում կուսակցության ծրագիրն այդպիսին չպետք է լինի։ Այն փաստաթուղթը, որը ժողովրդին ու կուսակցությանը պիտի բացատրեր, թե ինչ նպատակներ են հետապնդվում եւ ինչպես, իբրեւ մեթոդական ձեռնարկ, ապրել է իր դարը եւ պիտանի չէ այլեւս։ Իր խորին համոզմունքն այսպես ձեւակերպելուց հետո, Վանո Սիրադեղյանն ասաց, թե ՀՀՇ-ն պետք է մտածի նոր ծրագրի մասին։ Այն, ի դեպ, բավականին տարբերվելու է ինչպես նախորդ փաստաթղթից, այնպես էլ բոլոր մյուս կուսակցությունների ծրագրերից։ Առաջին հերթին պետք է հռչակվեն քաղաքական սկզբունքները, որոնց հիմքում կլինեն ՀՀՇ-ի համար ընդունելի քաղաքական եւ տնտեսական հայեցակարգերը։ Ի դեպ, դրանք պետք է արձանագրվեն շատ կարճ պարագրաֆների շրջանակներում։ Փաստաթուղթն, ըստ էության, ինչպես մատուցեց Վանո Սիրադեղյանը, պետք է ընդամենը մի քանի կետից բաղկացած լինի, ինչը կնշանակի ծրագիր։ Ինչպես ժողովուրդը, այնպես էլ հհշականները կիմանան, թե իրականում ինչ են ուզում իրենք։ Ծրագիրը պետք է ընդունվի։ Սա Վանոյի հաստատակամ մոտեցումն է։

Խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ն պետք է գնա նոր ծրագրով։ «Հին ծրագրի թուլությունն այն էր նաեւ, որ, ինչպես բոլոր կուսակցությունների նմանօրինակ բազմաէջ փաստաթղթերը չեն կարդում նույնիսկ կուսակցության անդամները,- եզրակացրեց ՀՀՇ նախագահը,- իսկ պարզապես հռչակելով սկզբունքները, ավելի են պարզեցվում ու հստակեցվում կուսակցության մոտեցումները»։ Վանո Սիրադեղյանը հակված էր, որ այդ սկզբունքները հռչակվեն առավելագույն սեղմ ժամկետներում եւ դրա հիմքում, ինչպես ներկայացրեց զրուցակից, կար մտավախություն. «Ես վախենում եմ, որ հանկարծ ամառվա կեսին լուծարեն պառլամենտը ու մենք անպատրաստ լինենք։ Առանց որոշակի ծրագրի ու մեր սկզբունքները վերահաստատելու, ստիպված կլինենք գնալ խորհրդարանական նոր ընտրությունների»։ Իսկ ինչպե՞ս է լուծվելու կուսակցության անվանման հարցը։ Չէ՞ որ վաղուց կանխատրամադրվածություն կա հրաժարվել ՀՀՇ անունից եւ ասպարեզում նոր «զգեստներով» երեւալ։ Այս հարցում ՀՀՇ վարչության նախագահի տեսակետը հետեւյալն էր. «Եթե նոր ծրագիրը նոր անուն պարտադրի, կարծում եմ, դա հնարավոր կլինի անել, թեպետ անվանափոխությունը կարեւոր չեմ համարում»։

Վ. Սիրադեղյանն այս պահին ամենայն հստակությամբ դեռ չգիտի էլ՝ կուսակցության անունը կփոխվի՞, թե՞ ոչ։ «Համենայնդեպս, ես այդ առաջարկությունն անելու եմ, որ կազմակերպությունը նոր անուն ունենա»։ Այնուհետեւ մատուցվեց, թե շուրջ մեկ տարի է, որ կուսակցության անդամները մտածում են այդ խնդրի շուրջ, եւ հիմնականում արձանագրում՝ լավ անուններն արդեն դրված են։ Կա մեկ-երկու անուն, որ ՀՀՇ-ն կուզենար իր վրա առնել, սակայն, եղածը՝ եղած է։ Այս տիրույթում ՀՀՇ վարչության նախագահը հավանում է Հանրապետություն անունը։ Դրա կողքին՝ նախընտրում է, որ ՀՀՇ-ի նոր անունը «ե՛ւ հնչեղ լինի, ե՛ւ շատ բաղաձայն չլինի մեջը»։

Ընթերցողին հիշեցնենք, որ ժամանակին նա բողոքել էր ԱԺՄ-ից, ասելով, որ դա լուրջ կուսակցություն չի կարող լինել, քանզի «Այժմ» պաշտոնաթերթի չորս տառից երեքը բաղաձայն են։ Պարզվում է, որ սա սկզբունքային հարց է Վանոյի համար։ Սակայն ՀՀՇ-ի նոր անվան նկատմամբ պահանջներն այսքանով չեն սահմանափակվում. այն նաեւ պետք է արտահայտի լիբերալիզմի գաղափարը։ Գոնե մասնակիորեն, որովհետեւ ազատականությունը իրենց կուսակցության վարած քաղաքականության հիմքն է։ ՀՀՇ նախագահը վստահ է, որ իրենք, անկասկած, լավ անուն կգտնեն եւ այդ տիրույթում հեշտորեն կարող է տեղավորել «Երրորդ հանրապետություն» անվանումը։ Դա ոչ շատ լավ է եւ ոչ էլ շատ վատ, եւ որ ամենակարեւորն է, ինչպես մատուցեց Վանո Սիրադեղյանը, հապավումն էլ տգեղ չի հնչում։

«Առավոտի» խնդրանքով, Վանո Սիրադեղյանը մեկ անգամ եւս պարզաբանեց, թե ինչ հիմք ունեն իր եւ Բաբկեն Արարքցյանի հակասությունները։ Նա նորից կրկնեց, թե դրանք հիմա ավելին չեն, քան եղել են իրենց իշխանության ժամանակ։ Սա պաշտոնականն է, իսկ իրականի մասին ի՞նչ կասեք։ «Իրականն այն է, որ Բաբիկը չի ուզում դառնալ ՀՀՇ նախագահ»։ Այնուհետեւ Վ. Սիրադեղյանը պարզաբանեց, որ ժամանակին ինքը Արարքցյանին առաջարկել է զբաղեցնել ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է։ «Իսկ եթե ինքը չի ուզում, ուրեմն էդպես խորը հակասություն չկա»,- չանկեղծացավ Վանո Սիրադեղյանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031