«Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս անգամ պարգեւատրումների ժամանակ, որոշում կայացնելու ժամանակ որեւէ խտրականություն չէինք դնում մարդկանց միջեւ, որեւէ տարբերություն չէինք դնում քաղաքական, անձի այս կամ այն քաղաքական հայացքների վրա, կամ տվյալ անձի՝ կապված ե՛ւ ընտրությունների, ե՛ւ նախորդ ժամանակահատվածում իրադարձությունների, դիրքորոշման հետ»։
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «Առավոտ», 28 մայիսի
Նախկին պարգեւատրումների ժամանակ, եթե հիշում եք, որոշում կայացնելիս մարդկանց միջեւ դրվում էր սեռական, ազգային, կրոնական, ռասայական խտրականություն։ Ոչ մի արվամոլ, ոչ մի թալիշ, ոչ մի բուդդայական, ոչ մի նեգր չի պարգեւատրվել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Մովսես Խորենացի», «Մխիթար Հերացի», «Արիության» մեդալներով կամ 1-ին եւ 2-րդ աստիճանի մարտական շքանշաններով։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
Կարդացեք նաև
«Մենք պատասխանատվություն ենք կրում ազգի եւ պետության, աշխարհասփյուռ հայության եւ սերունդների առջեւ։ Ասել է, թե՝ դատապարտված ենք հաջողելու։ Եվ մեր հաջողությունը մեծ վերելքի նախադրյալներ կստեղծի հայրենի եւ օտար ափերում»։
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ, «ՀՀ», 28 մայիսի
Դատապարտված վարչապետը եւ կառավարության ամբողջ կազմը կնստեն այնքան, որքան կորոշի դատարանը։ Այս պրոցեսին կտրվի կառավարության նիստի կարգավիճակ։ Նիստի ամբողջ ընթացքում դատապարտյալները է՛լ ավելի կբարձրացնեն պատասխանատվության իրենց զգացումը՝ այդ կերպ «հաջողելով» եւ ստեղծելով «մեծ վերելքի նախադրյալներ հայրենի եւ օտար ափերում»։
Հ. Գ. Դատապարտյալների հետ տեսակցության ժամերի եւ նրանց համար «պերեդաչի» տանելու վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ։
«ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ-2»
«Մրցանակ է, եւ ես հպարտանում եմ, որ մի համեստ մարդուց եմ ստանում, որի անունը Ռոբերտ Քոչարյան է։ Հավատացնում եմ ձեզ, որ ուրիշ մի պրեզիդենտացուի ձեռքից չէի վերցնի»։
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Մովսես Խորենացու մեդալակիր, երգահան, երգիչ, «Առավոտ», 28 մայիսի
Բա Հրանտ Խաչատրյանի։
ՆԳ ԵՎ ԱԱ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ՄԱՐԴ
«Իրենց մարդու իրավունքների ամենաջերմ պաշտպան համարող որոշ լրագրողներ միայն որոշակի՞ մարդկանց իրավունքներն են պաշտպանում, թե՝ բոլորի, այդ թվում եւ՝ իրավապահներիս»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐՅԱՆ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, «Ազգ», 28 մայիսի
Այս կշտամբանքներից խիստ ազդված՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խումբը կստեղծի «Հովհաննես Վարյանի իրավունքները պաշտպանող» լրագրողական կազմակերպություն։ Անդամագրվել ցանկացողները դիմեն նախաձեռնող խմբին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ